Հատկացվել են մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր և օպտիկական ակնոցներ

  • Հասարակություն - 30 Նոյեմբերի 2016, 10:21
ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության առողջության առաջնային պահպանման օղակի բժշկական հաստատություններին հատկացրել է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից, որպես մարդասիրական օգնություն, ստացված հակաուռուցքային, հակագերճնշումային, հակախոլեստերինային, աչքի և ականջի հակաբորբոքային և ցավազրկող կաթիլներ, միզամուղ, ալցհեյմերի հիվանդության ժամանակ կիրառվող, հակաբիոտիկներ, հակավիրուսային, հակախոցային, հակադիաբետիկ, պարկինսոնիզմ հիվանդության ժամանակ կիրառվող դեղեր, ինչպես նաև օպտիկական ակնոցներ:

Նշենք, որ մարդասիրական օգնության ճանապարհով ստացվող բոլոր դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն և, միայն դրական արդյունքի դեպքում, թույլատրվում է դրանց ներմուծումը և բաշխումը: Ուստի, ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված իր կողմից բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը և արդյունավետությունը։

ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հունվարի 27-ի թիվ 74-Ն հրամանի 5-րդ կետի համաձայն` մարդասիրական օգնությամբ ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր հիվանդներին, ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական խմբի պատկանելությունից: