Կարեւոր, չափազանց կարեւոր զրույց Սերժ Սարգսյանի հետ

    • Հասարակություն - 29 Նոյեմբերի 2016, 16:47
Պաշտոնական հաղորդագրություն է տարածվել Սերժ Սարգսյանի եւ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հանդիպման մասին: Ըստ նախագահի նստավայրից տարածված այդ հաղորդագրության, մշակույթի նախարարը Սերժ Սարգսյանին զեկուցել է այն քայլերի մասին, որ մտադիր են անել աշխարհում հայկական մշակույթի հանրահռչակման, մարզերում մշակութային կյանքի զարգացման համար:

Այդ զրույցի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ տեղ է գտել երկու կոնկրետություն: Նախ, Արմեն Ամիրյանը Սերժ Սարգսյանին փոխանցել է մշակույթի գործիչների խնդրանքը` հանդիպել իրենց հետ: Սերժ Սարգսյանը համաձայնել է եւ ասել, թե ինքն էլ ունի այդպիսի մի հանդիպման անհրաժեշտություն եւ կուտակված հարցեր, խնդրելով պատրաստվել անկեղծ զրույցի:

Փաստորեն, այդ մասով Արմեն Ամիրյանը կատարել է ոչ թե մշակույթի նախարարի, այլ մշակույթի գործիչների եւ Սերժ Սարգսյանի միջեւ սուրհանդակի գործառույթ: Հետաքրքիր է, ինչպես են մշակույթի գործիչները պատրաստվելու Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն անկեղծ հարցերի: Եվ ընդհանրապես, ինչ մշակույթի գործիչների մասին է խոսքը, նրանք ինչպե՞ս են խնդրել Արմեն Ամիրյանին հանդիպում կազմակերպել Սերժ Սարգսյանի հետ, ինչ են խնդրելու Սերժ Սարգսյանից:

Պետք է ենթադրել, որ այդ հանդիպմանը կքննարկվեն առաջիկա խորհրդարանի ընտրությանն այդ մշակույթի գործիչների դերակատարության հետ կապված հարցերը: Նրանց մի մասը գուցե կստանա ընտրացուցակում տեղ զբաղեցնելու առաջարկություն, մի մասը կստանա ՀՀԿ գովազդային հոլովակներում նկարահանվելու առաջարկություն: Թե ինչ կստանան նրանք այդ ամենի դիմաց, դա էլ հավանաբար կպարզվի հետո:

Իհարկե, անկեղծ զրույցի մասին Սերժ Սարգսյանի փաստացի նախազգուշացումը թերեւս այդքան էլ հաճելի չի լինի նրանց: Բացառված չէ, որ Սերժ Սարգսյանը նրանց կարող է հիշեցնել ինչ որ պարտքեր, ասենք նախկինից, երբ ստացել են ավելին, քան տվել են ՀՀԿ-ին: Առավել եւս, որ իշխանությունը ներկայում ֆինանսական սղության մեջ է եւ կձգտի հնարավորինս «էժան» վարձել մշակութային ծառայությունները:

Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն առաջարկել է նաեւ ստեղծել համահայկական սիմֆոնիկ նվագախումբ, որը համերգներ կտա աշխարհի հայաշատ քաղաքներում: Սերժ Սարգսյանն այդ գաղափարն էլ ողջունել է եւ ասել, թե դա այն է, ինչ նա պատկերացնում է Հայաստան-Սփյուռք հարաբերության մասով:

Սերժ Սարգսյանը Հայաստան-Սփյուռք հարաբերությանն անդրադարձել էր նոյեմբերի 26-ին ՀՀԿ համագուարի ելույթում, հայտարարելով, թե պատրաստակամ են կատարել նոր քայլ եւ սփյուռքը ներգրավել Հայաստանի համար կարեւոր որոշումների կայացման գործընթացում:

Ըստ երեւույթին, սիմֆոնիկ նվագախումբը դրա առաջին քայլն է: Համենայն դեպս, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ «խորհրդանշական գաղափար է. այն առաջին հերթին նշանակում է ներդաշնակություն, միասին աշխատելու կարողություն և, թերևս, նվագախումբը կարող է ներդաշնակ ու միասնական աշխատանքի օրինակ հանդիսանալ մյուս ոլորտներում»:

Իսկապես խորհրդանշական գաղափար է: Զարմանալի է, թե ինչպես է հայկական պետականությունը 25 տարի գոյատեւել առանց համահայկական սիմֆոնիկ նվագախմբի: Կասկած չկա, որ մշակույթի նախարարությունը իր հաջորդ քայլով պետք է հանդես գա օրենսդրական նախագծով, որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր աշխատող քաղաքացի իր աշխատավարձից ամսական 500 դրամ հատկացնի համահայկական սիմֆոնիկ նվագախմբի գործունեությունը, շրջագայությունները, համերգները կազմակերպելու համար: Լավ նվագախումբը թանկ հաճույք է, այն պետք է լինի արդիական հագեցածությամբ, քանի որ հանդիսանալու է ազգի այցեքարտը աշխարհում: Միայն թե հարց է առաջանում, թե ինչու է նախատեսվում նվագախմբի համերգներ հայաշատ քաղաքներում` հայերին հայկական մշակույթը ներկայացնելու համա՞ր, թե՞ որ այլ ազգերը սկսեն նախանձել եւ պատվիրեն նվագախմբի համերգներ:

Բոլոր դեպքերում, շատ կարեւոր է, որ գոնե հաջորդ քառորդ դարը հայությունն իր պետականության ընթացքը կուղեկցի համահայկական նվագախմբով: Միայն պետք է պարբերաբար կազմակերպել նաեւ համահայկական աղոթքներ, որ համահայկական նվագախմբի ուղեկցությամբ հայկական պետականության ընթացքը լինի շատ ավելի բարվոք, քան այն պետականության, որին ուղեկցում էին «Նվագախմբի տղաները»: