Հայերը ավելի ու ավելի քիչ են կողմ արտահայտվում ԵԱՏՄ-ին. հարցում

  • Հասարակություն - 28 Նոյեմբերի 2016, 17:49
«Եվրասիական մոնիտոր» ընկերությունը ԵԱՏՄ անդամ երկրների բնակչության շրջանակներում հարցում է անցկացրել, որպեսզի պարզի այս երկրներում մարդկանց վերաբերմունքը ԵԱՏՄ-ի նկատմամբ։

ԵԱՏՄ անդամ երկրների բնակիչների համար ձևակերպվել է հետևյալ հարցը «Հայտնի է , որ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը միավորվել են Եվրասիական տնտեսական միության մեջ (հինգ երկրների միասնական շուկա)։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս որոշմանը։»

ԵԱՏՄ այլ երկրներում

Այսպիսով, 2012թ.-ին, երբ ԵԱՏՄ-ն որպես այդպիսին դեռ գոյություն չուներ Ղազախստանի բնակչության 80 տոկոսը կողմ էր ԵԱՏՄ-ին, 10 տոկոսը անտարբեր, իսկ 4 տոկոսը դեմ։ 2016թ.-ին ղազախների 74 տոկոսն է կողմ արտահայտվել ԵԱՏՄ-ին, 16-ն՝ անտարբեր, իսկ 5 տոկոսը դեմ։

2016թ.-ին ՌԴ բնակչության 69 տոկոսն է կողմ եղել ԵԱՏՄ-ին, 21 տոկոսն անտարբեր և 4 տոկոսը դեմ, իսկ բելառուսների 63 տոկոսը կողմ է արտահայտվել, 4 տոկոսը դեմ։ Ղրղզստանի բնակչության միայն 50 տոկոսն է, որ 2014 թվականին ցանկացել է անդամակցել ԵԱՏՄ-ին, իսկ 30 տոկոսը դեմ է եղել, սակայն ՌԴ-ի կողմից Ղրղզստանին 500 մլն դոլար տրամադրելու խոստումից հետո, բնակչության կարծիքը զգալի փոխվեց և այժմ բնակչության 81 տոկոսը կողմ է արտահայտվում ԵԱՏՄ-ին, իսկ դեմ է ընդամենը 10 տոկոսը։

ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում (բացի Բելառուսից) 2016 թվականին ԵԱՏՄ-ին դրական վերաբերվողների թիվը նվազել է (2015-ի համեմատ), իսկ բացասաբար վերաբերվողներինը՝ աճել:

Հայաստանում

Պատկերը էական տարբերվում է Հայաստանում։ Ըստ նույն հարցումների հայաստանյան հասարակության 61 տոկոսը 2012թ.-ին կողմ է եղել ԵԱՏՄ-ին, անտարբեր են եղել 26 տոկոսը, իսկ դեմ ընդամենը 3 տոկոսը։ 2013թ.-ին անտարբեր հայաստանցիների թիվը կրճատվել է և կազմել 19 տոկոս, ավելացել է կողմ քաղաքացիների թիվը՝ 67 տոկոս և դեմ են արտահայտվել հարցվող հայաստանցիների ընդամենը 5 տոկոսը։ 2015 թվականին, երբ Հայաստանը պաշտոնապես սկսեց անդամակցել ԵԱՏՄ-ին, այս կառույցին կողմ արտահայտվողների թիվը նվազեց հասնելով 56 տոկոսի, անտարբեր են արտահայտվել հայերի 29 տոկոսը, դեմ 10 տոկոսը։

2016թ.-ին ԵԱՏՄ-ին կողմ արտահայտվող քաղաքացիների թիվն էլ ավելի նվազել կազմելով 46 տոկոս։ Մեծացել է անտարբեր և դեմ արտահայտվող հայերի թիվը, համապատասխանաբար 33 և 15 տոկոս։

Այսպիսով, Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրների թվում միակն է, որի բնակչության կեսից պակասն է ողջունում այդ միությունը:

Այլ հարցեր

Հայերի մոտ ԵԱՏՄ երկրներում միասնական արժույթի մասին կարծիքները կիսվում են, կողմ են 45 տոկոսը, դեմ՝ 42-ը։ Ընդ որում, միասնական արժույթը հաճախ ողջունվում է ցածր եկամուտներ ունեցող հարցվողների կողմից։

Հետաքրքիր է նաև, որ ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների բնակիչները հիմնականում կողմ են ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքմանը: Նվազել է հարցվողների տոկոսը, որոնք կարծում են, որ մոտակա 5 տարիների ընթացքում տեղի կունենա ԱՊՀ երկրների մերձեցում։ Այս հարցում կարծիքի փոփոխության մեջ ամենաարտահայտված դինամիկան Հայաստանում է՝ 26 տոկոսից նվազել է մինչև 14 տոկոս։

Անցած տարվա ընթացքում հայ հասարակության մոտ ևս մեկ հարցի շուրջ է կարծիք փոխվել։ Եթե 2015թ.-ին հայերի 86 տոկոսն էր Ռուսաստանին համարում բարեկամական երկիր, ապա այժմ այդ ցուցանիշը էական անկում է գրանցել կազմելով 69 տոկոս։ Այլ կերպ ասած, մի տարում հայաստանցիների 17 տոկոսը փոխել են իրենց կարծիքը հայ-ռուսական հարաբերությունների մասին:

Տաթևիկ Վարդանյան,

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Ամենաընթերցվածը