Հայտնի է Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի նոր պայմանավորվածությունը

    • Հասարակություն - 26 Նոյեմբերի 2016, 20:37
«Եկել է պահը, երբ մեկ էական լրացում պետք է կատարենք Հայաստան-սփյուռք համատեղ աշխատանքում։ Միասնականության և պատասխանատվության համատեղումն է դա», ՀՀԿ համագումարում հնչած ելույթում Հայաստան-Սփյուռք հարաբերության վերաբերյալ հայտարարել է Սերժ Սարգսյանը։

Ինչ տեսքով է լինելու այդ լրացումը, Սերժ Սարգսյանը չի մանրամասնել, խոսելով սակայն ինչ որ մեխանիզմի մասին։ «Հիմա արդեն դա դարձնելու ենք մշտական գործող մեխանիզմ Հայաստանում։ Այս թեմայի շուրջ մենք երկար ենք խոսել վարչապետի հետ։ Կառավարությունը պատրաստ է դառնալ Հայաստան-սփյուռք գործակցությունը նոր հարթություն տեղափոխելու շարժիչը», ասել է Սերժ Սարգսյանը։

Չի բացառվում, որ իբրեւ ավելի կոնկրետ քայլ դիտարկվում է կամ սփյուռքի նախարարության լուծարումը, կամ էլ նախարարի փոփոխությունը։ Բացառված չէ, որ Հրանուշ Հակոբյանի փոխարեն այդ պաշտոնի համար կդիտարկվի որեւէ սփյուռքահայ։

Միեւնույն ժամանակ, հնարավոր է նաեւ Հայաստան-Սփյուռք նոր կառույցի ստեղծում։ Սերժ Սարգսյանը տարիներ առաջ մի առիթով խոսել էր երկպալատ խորհրդարանի մասին, որի երկրորդ պալատում կընդգրկվեն նաեւ ներկայացուցիչներ սփյուռքից։ Բոլորովին վերջերս այդ գաղափարը շոշափեց նաեւ Արթուր Ալեքսանյանը` Ամարասի Արթուրը, որը հանդես եկավ Հայաստան-Սփյուռք միասնականության կոչով։

Դրան զուգահեռ, վերջին ամիսներին եղել է եւս երկու նախաձեռնություն, որտեղ ներգրավված են հայտնի սփյուռքահայեր։ Մեկը «Արդար հայեր» նախաձեռնությունն է, որում ընդգրկված են հուլիսյան իրադարձություններին Հայաստանում աչքի ընկած Արսինե Խանջյանը, Սերժ Թանգյանը, Սերժ Ավեդիքյանը, էլի մի քանի ակտիվ սփյուռքահայեր, որոնք հայտարարել են Հայաստանի խորհրդարանի ընտրությանը հետեւելու եւ կեղծիքների կանխարգելմանն աշխույժ մասնակցություն ցուցաբերելու մասին, Հայաստանի ապագան տեսնելով առաջին հերթին արդար ընտրության միջոցով։

Մյուս նախաձեռնությամբ հանդես են եկել «Գլոբալ հայերը»։ Մոտ երեք տասնյակ սփյուռքահայ եւ հայաստանցի գործիչներ` տարբեր ոլորտներից, գործարարներ, իրավաբաններ, այլ գործունեություն ծավալողներ հանդես եկան Հայաստանի զարգացման համար համատեղ նախաձեռնությունների, ծրագրերի կոչով, Հայաստանում որակական փոփոխության, արդիականացման նպատակադրումով, Հայաստանը քաղաքակիրթ աշխարհում կայուն տեղ եւ դեր ունեցող պետություն դարձնելու կոչով։

Ընդ որում, Սերժ Սարգսյանն իր ելույթում անվանապես թվարկել է նրանցից շատերին, այդպիսով փաստացի ակնարկելով իր ընտրությունը։ Թեեւ, այդ իմաստով զարմանալի էլ չէ, որ նրա ընտրությունը կանգ է առնում «գլոբալ հայերի» վրա, քանի որ «արդար հայերը» գործնականում հայտարարել են ՀՀԿ վերարտադրությանը խոչընդոտելու նպատակի մասին։

Ինչ խոսք, խորքային առումով նույն նպատակի մասին է նաեւ «գլոբալ հայերի» նախաձեռնությունը, քանի որ Հայաստանի արդիականացումը գործնականում հնարավոր չէ, եթե այդ ճանապարհից չի հեռանում ՀՀԿ-ն, որը Հայաստանի հետադիմության խորհրդանիշն է։

Բայց, այլ են երկու նախաձեռնությունների ընտրված ճանապարհները, եւ Սերժ Սարգսյանն առնվազն փորձում է մեկի` «գլոբալ հայերի» ճանապարհը հակադրել մյուսին` «արդար հայերի» ճանապարհին։

Իրականում երկու ճանապարհները ոչ միայն հակադրելի չեն, այլ փոխլրացնող են։ Բայց դրանց միջեւ կա իշխանության խնդիրը, իշխանությունը բառի բուն եւ պատկերավոր իմաստով։

Սերժ Սարգսյանը փաստացի հայտարարում է Հայաստանի իշխանության ձեւավորման գործում սփյուռքի ներգրավվածության պատրաստակամության մասին։ Ակնկալիքը կարծես թե նշմարվում է` Հայաստանում պատկերացնելով իր եւ ՀՀԿ լեգիտիմության խիստ ցածր աստիճանը, Սերժ Սարգսյանը փորձում է փոխել հավասարակշռությունը, փոխել իշխանության վերարտադրության գործընթացի բաղադրակազմը։

Խոշոր հաշվով, դա նոր իրավիճակի դրսեւորում է, որը մի կողմից առաջացնելով սփյուռքը Հայաստանի իշխանական մանիպուլյացիաների մասնակից դարձնելու վտանգ, միաժամանակ նաեւ առաջ է բերում Հայաստանում փոփոխությունների հարցում սփյուռքի ազդեցության բարձրացման հնարավորություն։ Մասնավորապես, օրինակ «գլոբալ հայերի», որոնք կարող են ստեղծված իրավիճակում Սերժ Սարգսյանի առաջ դնել իրապես լուրջ եւ համակարգային պայմաններ, որոնք կծառայեն Հայաստանում իրական փոփոխությունների ուղղված այն քայլերի արդյունավետության բարձրացմանը, որոնց մասին օրինակ նրանք հայտարարել էին հայությանն ուղղված իրենց բաց նամակում։

Մյուս կողմից, Հայաստանի 25-ամյա անկախության ընթացքում խոշոր հաշվով այդպես էլ չի հստակեցվել այն, թե ինչ է սփյուռքն ընդհանրապես, ընդհանրապես ով ունի սփյուռքի անունից հանդես գալու իրավունք։ Հենց միայն այդ անկախության 25 տարիներին սփյուռքը ավելացել է Հայաստանի ավելի քան 1 միլիոն բնակչի հաշվին, շարունակում է ավելանալ։ Սփյուռքը բազմազան է ու բազմաշերտ, այն հայկական կազմակերպությունները, թեմերը, այսպես կոչված ավանդական կուսակցությունները, Ռուսաստանում ձեւավորված տնտեսա-քաղաքական խմբերը, Հայաստանից Ռուսաստան, Եվրոպա, ԱՄՆ, Կանադա կամ որեւէ այլ երկիր արտագաղթածները չեն, սփյուռքը ամենեւին բաժանված չէ արդարների եւ գլոբալների։ Սփյուռքը ահռելի է, բազմաշերտ ու բազմազան, եւ համահայկական ներուժը սփռված է այդ ահռելի տարածությունում։

Քաղաքական, իշխանական մանիպուլյացիաների համար սփյուռքն իշխանության վերարտադրության ռեսուրս դարձնելու համար չի պահանջում առանձնապես մեծ ժամանակ ու աշխատանք, պահանջում է ընդամենը ընտրել ճիշտ խմբերն ու աշխատել նրանց հետ, չմտածելով, թե ինչ կա սփյուռքի անկյուններում մնացած, որ գուցե առավել արժեքավոր է Հայաստանի զարգացմանը նպաստելու տեսանկյունից, բայց մրցունակ չի եղել սփյուռքում ինքնադրսեւորման հարցում, կամ ոչ թե չի եղել մրցունակ, այլ եղել է համեստ եւ չի մասնակցել սփյուռքի այսպես ասած նոր ու հին էլիտաների ձեւավորման ինտրիգներին եւ խարդավանքներին։

Բայց Հայաստանի անհրաժեշտություններն ու հրամայականները պահանջում են Սփյուռքի հետ առավել խորքային աշխատանք, սփյուռքի հանգամանալից ուսումնասիրություն։ Եթե Հայաստանում ձեւավորվելիք մեխանիզմը ենթադրելու է հենց այդ աշխատանքը, եթե Կարեն Կարապետյանի կառավարությունը պատրաստ է հենց այդ մեխանիզմի ձեւավորմանը, ոչ թե սփյուռքն ընդամենը վերարտադրության գործընթացի մեջ ներքաշելուն, ապա իհարկե Հայաստան-Սփյուռք հարաբերության խնդիրը նոր մակարդակի բերելը հայկական պետականության կենսական անհրաժեշտությունն է։

Այլապես, հակառակ պարագայում, Սփյուռքը ոչ միայն չի կարող օգնել Հայաստանում արհեստականությունն ու կեղծիքը հաղթահարելուն, այլ ինքը կդառնա արհեստականության եւ կեղծիքի անդառնալի զոհ։

Ամենաընթերցվածը