Իշխանությունը կրկին տապալվեց

    • Հասարակություն - 25 Նոյեմբերի 2016, 11:34
Հայաստան համահայկական հեռուստամարաթոնը 2016 թվականի հանգանակությանը հավաքել է մոտավորապես 16 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում։ 10 միլիոն հայության համազգային հանգանակության այդ փողի գրեթե կեսը ապահովել են մի քանի մարդ։ Ամերիկահայ բարերար Անդրանիկ Բաղդասարյանն օրինակ նվիրաբերել է 5 միլիոն դոլար։ Մեկ միլիոն դոլար է նվիրաբերել Տաշիր գրուպի սեփականատեր, միլիարդատեր Սամվել Կարապետյանը, ով առանց այդ էլ իրականացնում է մի շարք խոշոր բարեգործական ու ներդրումային ծրագրեր։ Մի քանի հարյուր հազար դոլար նվիրաբերություն են արել հայաստանցի օլիգարխներ Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, Բարսեղ Բեգլարյանը, մի քանի հարյուր հազար դոլար է փոխանցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։

Այդպիսով, ընդամենը մի քանի անձ ձեւավորել է հանգանակության կեսը, եւ ստացվում է, որ համայն հայությունը հանգանակել է շատ ավելի քիչ, ընդամենը մոտ 8 միլիոն դոլար, կամ մի քիչ ավելի, մի քիչ պակաս, էական չէ։

Ընդ որում, այդ պատկերն է արդեն տարիներ շարունակ` հիմնադրամի համազգային հանգանակության կեսն ապահովում են մեծահարուստների խոշոր նվիրատվությունները, իսկ երբեմն նույնիսկ կեսից ավելին։

Ընդ որում, այդ մեծահարուստների մի զգալի մասի, մասնավորապես հայաստանցիների պարագայում իհարկե առկա է նրանց հարստության առաջացման եւ աճի աղբյուրների օրինականության խնդիրը, եւ այդ իմաստով նրանց մի մասի նվիրատվությունը իրականում հանդիսանում է ընդամենը հանրությունից տարածի մի փոքր մասի վերադարձ նույն այդ հանրությանը։

Ակնհայտ է, ընդ որում տարիներ շարունակ, որ Հայաստան համահայկական հիմնադրամի հանգանակությունները դադարել են լինել համազգային եւ դրանք այդպիսին են միայն ընդհանուր փաթեթավորման եւ պաթոսի մասով, իսկ բուն էությամբ հիմնադրամն արդեն ունի ընդամենը իր կայուն «ընտրազանգվածը»՝ մի քանի խոշոր նվիրատուների, եւ ավելի փոքր ծավալներով նվիրատվությունների որոշակի շերտի առումով։

Իհարկե այդ շերտը կազմված է հենց ամբողջ աշխարհում տարածված հայության տարբեր հատվածների ներկայացուցիչներից, բայց ակնհայտ է, որ 10 միլիոն հայության տարին մեկ անգամ հանգանակության ներուժն անհամեմատ ավելին է, քան թե 8, թե անգամ 16 միլիոն դոլարը։

Պարզապես խիստ ցածր է Հայաստանի իշխանության, իշխող համակարգի, Հայաստանի պետականության որակի պաշարը, ինչն էլ անդրադառնում է հանգանակության արդյունքի վրա։ Կոպիտ հաշվարկով, բայց 10 միլիոն հայությունը տարին մեկ անգամ իրականացվող համազգային հանգանակությամբ կարող է հավաքել առնվազն 50 միլիոն դոլար` ներառյալ խոշոր նվիրատվությունները։

Բայց այդօրինակ ցուցանիշ հնարավոր է այն դեպքում, երբ լինի Հայաստանի իշխող համակարգի եւ պետականության լիովին այլ որակ, քան այժմ։ Որակ, որը չնայած քաղաքական հայացքների տարբերությանը, մոտեցումների տարբերություններին, նախընտրություններին եւ այլն, այդուհանդերձ չի խանգարի համայն հայությանը միավորվել տարին մեկ անգամ մեկ կարեւոր նպատակի շուրջ եւ կատարել շոշափելի նվիրատվություն, վճարել ազգային տուրք։

Այդ իմաստով, Հայաստան հիմնադրամի գործունեությունը խոշոր հաշվով վերածվել է Հայաստանի իշխանության համահայկական «վստահության հանրաքվեի», որը, համեմատելով հանգանակվածն ու առկա ներուժը, փաստացի ամեն անգամ ավարտվում է տապալումով, եւ իրավիճակը խոշոր հաշվով փրկում է լոկ պաթոսը։

Եթե դրվի դրանից ձերբազատվելու եւ իրականությանը առավել խորը նայելու խնդիր, ապա նույնիսկ ներկա իշխանության պայմաններում կարող են գտնվել ձեւեր, ճանապարհներ, երբ Հայաստան համահայկական հիմնադրամը հնարավոր կլինի տարանջատել իշխող համակարգի հետ ասոցիացիաներից եւ այդպիսով առնվազն փորձել նոր մոտեցումներով հիմնադրամի գործունեությունը դարձնել իսկապես համազգային ընդգրկման, եւ արդյունքն էլ դարձնել համազգային առկա ներուժին համարժեք։

Ամենաընթերցվածը