Գագիկ Ծառուկյանը հայտարարել է Արցախին 100 միլիոն դրամ նվիրաբերելու մասին

  • Հասարակություն - 24 Նոյեմբերի 2016, 13:45
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղարը տարածել է նրա հայտարարությունը Հայաստան համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնից առաջ, որ Լոս Անջելեսում տեղի է ունենալու նոյեմբերի 24-ին: Հեռուստամարաթոնի նպատակը այս տարի լինելու է Արցախի բնակավայրերի համար հանգանակությունը, որին Ծառուկյանը մասնակցելու է 100 միլիոն դրամ նվիրաբերությամբ:

«Այսօր Լոս Անջելեսում  «Իմ Արցախ»  խորագրի ներքո մեկնարկում է Հայաստան Համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաքը: Հայրենիքի և Սփյուռքի մեր հայրենակիցներն իսկապես բացառիկ հնարավորություն ունեն իրենց նվիրումն ի ցույց դնելու առ հերոսական Արցախն ու նրա ժողովուրդը: Ապիրլյան քառօրյային հաջորդած ժամանակաշրջանը ցույց տվեց, որ Արցախն ի զորու է միավորել համայն հայության մղումները, երազանքերն ու իղձերը: Խորապես համոզված եմ, որ այսօր Արցախում է թաքնված յուրաքանչյուր հայի հպարտությունը, ինքնասիրությունն ու արժանապատվությունը: Աշխարհի չորս ծագերում ապրող ոչ մի հայ իրավունք չունի զերծ մնալ իր ինքնությունը վերահաստատելու, հայ լինելու բերկրանքն արցախցի հայրենակիցների հետ կիսելու այս բացառիկ հնարավորությունը: Ուստի՝  100 միլիոն դրամ գումարով միանալով նվիրատուների հոծ բանակին՝ հորդորում եմ Հայաստանի և Սփյուռքի ազնիվ հայրենակիցներիս ոչ մի վայրկյան չսակարկել, չքննել հայրենիքի նկատմամբ սերը, իսկ Արցախի հանդեպ՝ պարտքը: Եվ ուրեմն ոչ թե իմ, քո, ձեր, այլ բոլորիս Արցախի համար կատարենք նվազագույնը, որ կարող և պարտավոր ենք անել», ասված է Ծառուկյանի հայտարարության մեջ:

Ամենաընթերցվածը