Դոկտոր Ալբերտ Մուշեղյանի գիտական սխրանքը նրա տված դասը զեղծարարներին և Գիտության կոմիտեի տված գնահատականը նրա աշխատությանը

  • Հասարակություն - 24 Նոյեմբերի 2016, 11:46
Ցեղասպանություն իրագործած ուժերը, առավել ևս, երբ ցեղասպանությունը զրկում է որևէ ազգի՝ ինչպես հայերին, իր պատմական հայրենիքից, անում են ամեն ինչ, որ խեղաթյուրեն տվյալ ժողովրդի պատմությունը: Ցեղասպանության պատասխանատվությունից և դրան հետևող ռազմատուգանքից խուսափելու համար զեղծարարները հարկադրված են նմանօրինակ ժողովրդի հայտարարել ոչ-տեղաբնիկ:

Հայերի դեպքում զեղծարարների ճանապարհին անհաղթահարելի պատվար է եղել հայ ժողովրդի Պատմահայր, 5-րդ դարի հեղինակ Մովսես Խորենացին, ըստ որի հայ ժողովուրդի պատմությունը սկիզբ է առնում այնպիսի խոր հնադարից, որ բոլոր զրույցները նրա տեղաբնիկ չլինելու մասին պարզապես դառնում են զավեշտական:

Այստեղ պետք է ուշ դարձնել հետևյալին: Խորենացին 5-րդ դարի քրիստոնյա հեղինակ էր, որն իր գիրքը գրել է իշխան Սահակ Բագրատունու պատվերով: Նշանակում է՝ թե՛ Խորենացին և թե՛ Սահակ Բագրատունին վստահ են եղել, որ հայերի տոհմածառը ծագում է նախաբիբլիական ժամանակներից: (Իսկապես էլ, հո չէ՞ր կարող քրիստոնյա հեղինակ Խորենացին երկարաձգել Հայոց պատմությունը և դրանով իսկ հակադրվել Հին Կտակարանին, եթե այն ամենը ինչ որ նա գրել է հանրահայտ չլիներ իր ապրած ժամանակ – պատմության պատվիրատուն, ա՛յն էլ իշխան, ա՛յն էլ Հայաստանի մարզպան, իսկույն ևեթ կկանխեր նրան): Մնում է ենթադրել, որ Խորենացու մատնանշած հայերի հին ծագումը կասկածի ենթակա չէր իր ապրած ժամանակաշրջանում:

Եվ ահա, հիմք չունենալով առարկելու Խորենացուն, զեղծարարները տասնամյակներ շարունակ փորձում են վարկաբեկել անձամբ Խորենացուն: Ընդսմին, զեղծարարները այդ անում են աննախադեպ ոչ-գիտական ագրեսիվությամբ 1500-ամյա ծերունազարդ Խորենացու հանդեպ: Դա իսկույն ցույց է տալիս (էշերի ականջները դու՜րս են ցցվում) այդ ագրեսիայի պատվիրված լինելը: Նրանք պարզապես ցեխ են շպրտում Պատմահոր վրա:

Ինչ վերաբերում է նրանց փաստարկներին, ապա կբերենք մի կոնկրետ օրինակ: 1961 թվին ոմն Կիրիլ Թումանով իր անգլերեն «Կեղծ-Մովսես Խորենացու գրքի գրության ժամանակը» հոդվածում գրել է. «Կեղծ-Մովսեսը պատմում է իրանցիների մի արշավանքի մասին մինչև Բյութանիա Բյուզանդական կայսրության դեմ պատերազմի ժամանակ: Պատմության ընթացքում առաջին անգամ դա տեղի է ունեցել 604-629 թվերին»: Այդ կարծիքն է պաշտպանում նաև պրոֆ. Ռոբերտ Վ. Թոմսոնը՝ Հարվարդի համալսարանի Հայագիտության ամբիոնի նախկին վարիչ (Մասաչուսետս, ԱՄՆ): Եթե դա այդպես է, ապա Խորենացին իսկապես պետք է ճանաչվի առնվազն 7-րդ դարի հեղինակ:

Սակայն Ա.Մուշեղյանը 4-րդ դարի պատմագիր Ամմիանոս Մարկելինոսի «Հռոմեական պատմության» լատիներեն բնագրում հայտնաբերում է պատմաբաններին մինչ այժմ անհայտ հետևյալ իրողությունը, որ վերաբերում է 338-340 թվերին. «իբրև իրագործում (իրենց) սպառնալից հավակնությունների, պարսիկները գրավեցին բոլոր (պրովինցիաները) մինչև Բյութանիա և Պրոպոնտիայի ափերը» - «et ad effectum tendentibus minis cuncta petebantura Persis ad usque Bithynos et litora Propontidis»:

Անշուշտ, 5-րդ դարի հեղինակ Խորենացին տեղյակ էր իրենից մեկ դար առաջ կատարված պատմական անցքին: Ուստի և պատմության զեղծարարների առաջ քաշած վերոհիշյալ փաստարկը Խորենացու ավելի ուշ դարերի հեղինակ լինելու մասին՝ պարզապես ի չիք է դառնում:

Սրա հետ մեկտեղ, Ա.Մուշեղյանի բացահայտած այս իրողությունը վճռապես փոխում է պատմական գիտության մեջ տիրող տեսակետը պարսիկների Բյութանիա հասնելու մասին՝ 3 դար ետ մղելով այդ կարևոր իրադարձությունը: «Ամմիանոս Մարկելինոսի «Հռոմեական պատմության» մեջ մեր մատնանշած այս ծանրակշիռ փաստարկով, - իրավացիորեն նշում է հետազոտողը, - հիմնավորապես հերքվում է այն «անհերքելի» կռվաններից մեկը, որ 1883 թվից ի վեր մի ամբողջ շարք օտարազգի և նույնիսկ հայ հետազոտողների կողմից օգտագործվել է Մովսես Խորենացուն VII-VIII դարերի հեղինակ հռչակելու համար։ Այսպիսով, պարսիկների առաջին արշավանքը մինչև Բյութանիա և Բոսփորի ծովափը տեղի է ունեցել ոչ թե 608 թվին, ինչպես պնդում են եվրոպացի պատմաբանները Ա.Գուտշմիդից մինչև Ռ.Թոմսոն, այլ 330-ական թվերի վերջին։ Այս փաստը նորություն է ոչ միայն պատմագիտության մեջ առհասարակ, այլև Իրանի պատմության համար մասնավորապես» ։

Նույն ոգով Մուշեղյանը հետաքննում և մի առ մի հերքում է բոլոր յոթ փաստարկները, որոնք միտված են ամրագրելու Խորենացու ուշ շրջանի հեղինակ լինելու հանգամանքը: Բոլոր այդ հիմնավորումները մանրամասն շարադրված են նրա «Մովսես Խորենացու դարը» (2007 թ.) կոթողային աշխատության մեջ, որով ի չիք են դառնում երկար տասնամյակներ զեղծարարների ներդրած ճիգերը:

Զեղծարարների հաշվարկը պարզ է՝ ոչ ոք չի քրքրի հսկայական պատմական գրականություն և չի կարողանա հերքել տասնամյակներով դրսևորած իրենց նկրտումները: Սակայն զեղծարարները սխալվեցին՝ ենթադրելով թե ոչ ոք Հայաստանում ի վիճակի չի լինի գտնել հին հունական, հռոմեական, նույնիսկ պահլավական և արամեական սկզբնաղբյուրներ, չի հայտնաբերի հնալեզու բնագրերում համապատասխան իրադարձություններ, որպեսզի մերկացնի իրենց:

Լինելով չտեսնող, բայց ֆենոմենալ հիշողության տեր, Ա.Մուշեղյանը իր աշխատասիրությամբ և մի շարք հին և նոր լեզուների իմացությամբ, տառացիորեն թղթատել է վիթխարի հին գրականութուն և սպառիչ պատասխան տվել բոլոր հարցադրումներին, ցույց տալով, թե այն ամենը ինչ գրել է Մովսես Խորենացին իր Պատմության մեջ, իսկապես տեղի է ունեցել 5-րդ դարից առաջ, ուստի և հայտնի է եղել 5-րդ դարում ապրած հեղինակին: Ընդ որում Մուշեղյանն այդ անում է առավելագույն բծախնդրությամբ՝ հղելով համապատասխան աղբյուրներն ու էջերը: 

Մուշեղյանի գործը հիրավի գիտական սխրանք է, որը մեծ նշանակություն ունի ոչ միայն պատմագիտության, այլև աշխարհաքաղաքական հարցերում:

Շնորհակալությու՜ն Մուշեղյանին իր տիտանական աշխատանքի և աշխատության համար: 

Բայց պարզվում է, որ թշնամին ոչ միայն այնտեղ դրսում է, այլ նաև տանը: Վերջերս Մուշեղյանը մասնակցել է Հայաստանի Գիտության պետական կոմիտեի հայտարարած «Բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողների մրցույթին» և պարզվում է, որ նա հավաքել է անհրաժեշտ միավորների միայն կեսը:

Հարցեր են ծագում՝ ի՞նչ «միավորներ» են դրանք, ո՞վ է դրանք հնարել և ու՞մ թելադրանքով են դրանք ընդունվել, ինչպե՞ս կարող էր պատահել, որ այնպիսի գիտնական ինչպիսին Ալբերտ Մուշեղյանն է, հավաքում է ընդամենը «միավորների» կեսը, այդ դեպքում ովքե՞ր են ստանում նման Գրանտներ:

Կամ գուցե Գիտության պետական կոմիտեն գործակի՞ց է Հայաստանի պատմության զեղծարարների հետ: 

Այդ մասին հաջորդ դասին:

Գրիգոր Բարսեղյան

Ամենաընթերցվածը