Հայաստանի ազգային խայտառակությունը

    • Հասարակություն - 11 Նոյեմբերի 2016, 12:51
Հայաստանում տեղի ունեցած հայ-ռուսական միջխորհրդարանական հերթական ինչ որ հավաքի շրջանակում հայաստանցի լրագրողները հարցեր էին ուղղել այդ առիթով Հայաստան ժամանած Նիկոլայ Ռիժկովին: Այդ հարցերի թվում եղել է Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը: «Այո, Ռուսաստանն իսկապես վաճառում է զենք: Եվ ի՞նչ: Դա չի նշանակում, որ մենք հատուկ վաճառում ենք, որ այնտեղ կռիվ լինի: Պետք է հնարավորինս արագ լուծել ղարաբաղյան խնդիրը, այդ ժամանակ ամեն ինչ կընկնի իր տեղը», հայտարարել է Ռիժկովը:

Շատ հստակ է, թե ինչ է ասում նա: Եթե չեք ուզում, որպեսզի Ռուսաստանը Ադրբեջանին վաճառի մահաբեր զենք, ապա գնացեք եւ պայմանավորվեք Ադրբեջանի հետ: Թե ինչ է հասկանում այդ պայմանավորվածության ներքո Ռուսաստանը, չափազանց բաց ներկայացրել է Սերժ Սարգսյանը Բլումբերգ գործակալությանը տված ապրիլի 23-ի հարցազրույցում` ներկայացնելով Կազանի պլանը, որը տապալվեց ապրիլի պատերազմում հայ զինվորի սխրանքի շնորհիվ:

Թեեւ, մինչեւ Սերժ Սարգսյանը կխոստովաներ այդ պլանն ու դրան տված իր համաձայնությունը` թեկուզ հույսով, որ միեւնույն է այն տապալվելու է, այդ պլանի եւ դրանից բխող վտանգների, այդ թվում պատերազմի վտանգի մասին դեռեւս 2-3 տարի առաջ նախազգուշացնում էին եզակի թվով լրատվամիջոցներ, փորձագետներ ու մեկնաբաններ, արժանանալով «ոչ հակառուսական գծի» նվիրյալ շրջանակների տարատեսակ բնորոշումների:

Այդպիսով, Նիկոլայ Ռիժկովը հերթական անգամ ասում է` եթե չեք ուզում, որ Ռուսաստանի զենքով Ադրբեջանը սպանի ձեր զինվորներին, իրականացրեք կարգավորման ռուսական պլանը: Ռիժկովը կրկնում է կամ եւս մեկ անգամ բացահայտում Ռուսաստանի հստակ մտադրությունն ու այդ մտադրության շրջանակում Ադրբեջանին մահաբեր սպառազինության վաճառքի տրամաբանությունը:

Այստեղ կարծես թե չկա արտառոց որեւէ բան:

Արտառոցը տեղի է ունեցել 2008 թվականի դեկտեմբերի 6-ին, երբ այդ մարդուն շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի կոչում: Նիկոլայ Ռիժկովը, այսինքն մարդը, որ ասում է` «այո, զենք վաճառել ենք, եւ ինչ», նա Հայաստանի ազգային հերոս է, ինչպես օրինակ Մովսես Գորգիսյանը, Թաթուլ Կրպեյանը, Մոնթե Մելքոնյանը, կամ Քըրք Քըրքորյանը: Նիկոլայ Ռիժկովը Հայաստանի Ազգային հերոս է եւ այդ կոչումը ստացել է իբրեւ թե աղետի գոտու վերականգնման գործում մեծ ավանդի համար: Թե այդ ինչ մեծ ավանդ է, հավանաբար Ռիժկովն ու նրան այդ կոչումը շնորհողը կիմանան: Փոխարենը բոլորն են հիշում աղետի գոտին երկու տարում վերականգնելու Ռիժկովի շեֆի` Գորբաչովի խոսքը, եւ հիմա բոլորն են տեսնում, թե ինչ վիճակ է աղետի գոտում:

Այդպիսով, Հայաստանի ազգային հերոսը փաստորեն Հայաստանին ասում է, թե գնացեք պայմանավորվեք Ադրբեջանի հետ, տվեք նրա ուզածը, եթե չեզ ուզում, որ Ադրբեջանը ռուսական զենքից կրակի եւ սպանի:

Այլ բան, քան Հայաստանի ազգային խայտառակություն, իրավիճակը կարծես թե լինել չի կարող, քանի դեռ Նիկոլայ Ռիժկովը կարող է լինել Հայաստանի ազգային հերոս: