Հզոր ցիկլոնի անակնկալը

    • Հասարակություն - 01 Նոյեմբերի 2016, 10:09
Զարուհի Պետրոսյանի գործը ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը շարունակում է փայլուն: Նա հայկական ԶԼՄ-ների մշտական ու ցանկալի հյուրն է, առավել եւս ներկայիս գլոբալ կլիմայական կատակլիզմների ժամանակաշրջանում: Նրա հարցազրույցներն ու մեկնությունները միշտ կարդացվում են մեծ հետաքրքրությամբ:

Ընդ որում, հետաքրքրությունը մեծանում է ոչ միայն այդ կատակլիզմների ֆոնին: ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը մնում է պետական այն հազվագյուտ օղակներից մեկը, որին հանրությունը հավատում ու վստահում է: Իսկ Սուրենյանն այնքան պատկերավոր ու մատչելի է մեկնում կլիմայի նրբությունները, որ բոլորի համար պարզ է դառնում, թե ինչ է կատարվում:

Նա երեկ ասել էր, որ Հայաստան է մտնում հզոր մի ցիկլոն, որի արդյունքում սպասվում են առատ տեղումներ: Ընդ որում, մի քանի օր առաջ Հայաստան մտած անտիցիկլոնը դեռ չի հասցրել հեռանալ, հատկապես Արարատյան դաշտավայրից, եւ այս երկու ցիկլոնները բախվել են:

Սա խիստ հատկանշական երեւույթ է Հայաստանի համար: Այստեղ, բացի ցիկլոններից, պատմության ընթացքում շատ բաներ են բախվել՝ կայսրություններ, կրոններ, գաղափարախոսություններ, մշակույթներ եւ այլն, ընդ որում՝ մեկը դեռ չհեռացած՝ եկել է մյուսը, որի պատճառով էլ մեզ այդ ամեն ինչից մնացել է մի քիչ, ամեն ինչից՝ մի ինչ որ բան, սակայն մեզնից տանելով անչափելի բաներ: Խառնվել իրար ու առաջացրել այն իրավիճակը, որը ներկայում փորձագետներն ու մշակութաբաններն անվանում են «երկատվածություն»:

Դրա համար էլ շատ բան չի ստացվում, կամ ամեն ինչ կիսատ-պռատ է ստացվում, «մերն ուրիշ է» գաղափարաբանությամբ:

Բայց դառնանք կլիմային: Պատմագրությամբ ապացուցված փաստ է, որ կլիման վճռական դեր է ունեցել մարդկության պատմության մեջ: Ամբողջ քաղաքակրթություններ են վերացել կլիմայի փոփոխության արդյունքում, առաջացել նոր կայսրություններ, տեղի ունեցել գլոբալ փոփոխություններ, որոնք անճանաչելի են դարձրել աշխարհը:

Ներկայիս դարաշրջանը նույնպես կլիմայական գլոբալ փոփոխությունների ժամանակաշրջան է, եւ զուգահեռ աշխարհում տեղի են ունենում խոշոր փոփոխություններ, որոնք քաղաքագետներն անվանում են տեխնոլոգիական հեղափոխության եւ նոր աշխարհակարգի ստեղծման գործընթաց:

Հայաստանը նույնպես զերծ չէ այս գործընթացներից, եւ չի կարող զերծ մնալ: Օբյեկտիվորեն: Հայ հանրությունը բավական համարժեք է, եւ դա է վկայում մեծ հետաքրքրությունը Գագիկ Սուրենյանի կանխատեսումների ու վերլուծությունների հանդեպ, չնայած նոր կառավարության ձեւավորմանն ու Գագիկ Ծառուկյանի վերադարձի շուրջ աղմուկին:

Հայ հանրությունը հասկանում է, որ այն, ինչ չկարողացավ անել ընդդիմությունը, կանի կլիման:

Ամենաընթերցվածը