Գլոբալ հայերն ու «խուժան» քրեա-օլիգարխիան

    • Հասարակություն - 29 Հոկտեմբերի 2016, 12:13
IDeA հիմնադրամի նախաձեռնությամբ «Հայաստանի Հանրապետություն» եւ The New York Times թերթերում հրապարակվել է «Գլոբալ հայերի ապագան այսօր է» վերնագրված բաց նամակը՝ ստորագրված տարբեր երկրներում բնակվող անվանի հայերի կողմից:

Նամակում նշվում է. «Այժմ մենք պատմական խաչմերուկում ենք եւ սթափ գնահատելով առկա մարտահրավերները, առջեւում նաեւ աննախադեպ հնարավորություն ենք տեսնում:

Դա Հայկական աշխարհը բարգավաճման մղելու, հետխորհրդային պետությունը գլոբալ ազգի համար զարգացող, ժամանակակից, անվտանգ, խաղաղ եւ առաջադեմ հայրենիք դարձնելու հնարավորությունն է:

Ոչ միայն Ցեղասպանությունը վերապրելու, այլեւ վերածնվելու եւ առաջ գնալու հնարավորությունն է:

Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման հնարավորությունն է՝ ոչ միայն հանուն մեր քաղաքացիների, այլեւ երեխաների ու մեր ժողովրդի ապագայի»:

Նամակում կոչ է արվում աշխարհի հայերին համագործակցել եւ միասնաբար ձեռնամուխ լինել այս խնդիրների լուծմանը եւ հնարավորություններն օգտագործելուն:

Հայաստանի անկախ պետականությունն իսկապես ահռելի մարտահրավերներ ու հնարավորություններ է ենթադրում, եւ դրանք օգտագործելու համար անհրաժեշտ են համապատասխան մոտիվացիա, երազանք ու ջանքեր:

Թերեւս, պայմանականորեն մարդկանց խմբերը, հասարակությունները կարելի է երկու մասի բաժանել՝ նրանք, որոնց համար այդ մարտահրավերներն ու հնարավորություններն արարելու, ստեղծելու մոտիվացիա են ու պատասխանատվություն, եւ նրանք, որոնք փախչում են դրանցից, ձգտելով «հանգիստ» ապրելակերպի, այդ թվում՝ մերժելով ինքնիշխանությունը, որոշումներ ընդունելու իրավունքն ու պատասխանատվությունը:

Հայ հանրությունն այս տեսակետից բավական երկատված է, ինչը թերեւս էթնիկ ու մշակութային-արժեհամակարգային բավական խորքային տեղաշարժերի հետեւանք է: Հայության մեջ հստակ ընդգծված են այս երկու հակասական, երբեմն իրարամերժ սկիզբները, եւ նկատելի են քաղաքակրթական երկու խոշոր պլաստներ:

Հայաստանի անկախության ու Ղարաբաղյան պատերազմի իրողություններն ընդգծել են այս իրավիճակը. Անկախությունը հանրաքվեն չէ, այլ ներքին արժեհամակարգային գիտակցական ընտրություն եւ պատասխանատվության ստանձնում, եւ հետագա տարիները ցույց տվեցին, որ այդ ընտրությունը չի կատարվել:

Բանն այն է, որ կատարվելու դեպքում վերը նշված նամակի անհրաժեշտությունն արդեն չէր լինի, եւ հայությունը վաղուց լծված կլիներ այդ խնդիրների լուծմանը: Փոխարենը, Հայաստանում արագորեն տեղի ունեցավ իշխանության ու պետական լծակների, ազգային բարիքը տնօրինելու իրավունքի ուզուրպացիան մի փոքր խմբի կողմից, որը ներկայում կոչվում է քրեա-օլիգարխիա: Սա երազանքներից, հանրային-պետական խնդիրների ու պատասխանատվության մոտիվացիայից զուրկ կլեպտոկրատիա է, որի երազանքի սահմանը սեփական բարեկեցության այլասերված ձգտումն է, իսկ մոտիվացիան՝ գողությունը:

Երբեմն կարելի է լսել, թե ինչպես եղավ, որ փոքր մի խումբ կարողացավ ուզուրպացնել պետական իշխանությունն ու ազգային բարիքը: Սակայն քրեա-օլիգարխիան օդից չի ընկել, այն հանրային խեղված արժեհամակարգի ու մենթալության, ձգտումների ու պատկերացումների մի ահռելի շերտի ծնունդն է: Սա հանրության այն երկրորդ տիպն է, որի մասին խոսք գնաց վերեւում:

Այս գողական-հիերարխիկ համակարգը պատրաստ է հանձնել նաեւ պետական ինքնիշխանությունը՝ իր դիրքերը պահպանելու եւ պատասխանատվությունից խուսափելու համար, ինչն էլ տեղի է ունենում վերջին տարիներին:

Սակայն, սա նոր երեւույթ չէ, դարեր շարունակ հայության մեջ ընթացել է այս երկու, պայմանականորեն ասած քաղաքակրթական ու հակաքաղաքակրթական շերտերի պայքարը, եւ սովորաբար հաղթել է հակաքաղաքակրթական շերտը: Այդ «հաղթանակը» ձեռք է բերվել հայկական պետականությունների վերացման, մարդկային ու տարածքային կորուստների գնով:

Այս գործընթացը պատկերացնելու համար պետք չէ հեռու գնալ՝ Ղարաբաղյան պատերազմը եւ այդ պատերազմում տարած քաղաքակրթական հաղթանակը երկու տասնամյակում մսխելու գործընթացը դրա լավագույն օրինակն է: Հաղթանակ, որի արժեքը գիտակցելու պարագայում Հայաստանը հիմա այլ պետություն կլիներ:

Հայության քաղաքակրթական շերտը մի քանի կայսրություն է ստեղծել, ահռելի քաղաքական, գիտական, տնտեսական, հոգեւոր-մշակութային ներդրում ունեցել համաշխարհային քաղաքակրթության մեջ: Ներկայում բազմաթիվ հայեր կան ողջ աշխարհում, որոնք լուրջ հաջողությունների են հասել տարբեր ոլորտներում: Նրանց համագործակցությունն ու ներուժը Հայաստանի պետականությանը ներգրավելու պարագայում մեր երկիրն, անշուշտ, լիովին այլ իրավիճակում կհայտնվի:

Ինչպե՞ս լուծել այս դարավոր դիլեման, ինչո՞ւ է Հայաստանում միշտ հաղթում այն արժեհամակարգն ու տեսակը, որը հակացուցված է այս խնդիրներին: Հնարավո՞ր է վերջապես փոխել դարավոր այս «ավանդույթը» եւ արժեհամակարգը՝ մեռյալ դաշտը:

Հնարավո՞ր է, որ պատմական այս իսկապես վճռորոշ փուլում հայության քաղաքակրթական շերտը հաղթանակի իր հայրենիքում, հերկելով այդ մեռյալ դաշտը եւ ցանելով այլ սերմեր, որոնք բարի պտուղ կտան:

Ամենաընթերցվածը