Վարդերի արքան, կամ Հրաժեշտ «Կիրակնօրյա նոթ»-երին

    • Հասարակություն - 22 Հոկտեմբերի 2016, 17:17
 «Այս 200 աղյուսը բրոնզի ձուլման նախապատրաստուկ են, որի մեջ առկա է մաքուր ֆոսֆոր՝ ստացված ջրային լուծույթների գրավիտացիոն սեպարացիայի սկզբունքով»։

Հատված «Ազգային ինքնության պարեկները» սցենարից

Ե. Ա.-ին

Զարթնեցի, կարծում էի, կիրակի է, ու ողջ առավոտ
պետք է գրեմ քաղաքական նոր «Կիրակնօրյա նոթ»։

Հետո ուրախացա, որ՝ չէ. շաբաթ է։ Կշարունակեմ
սցենարը, որ սիրում եմ, որին ավելի շատ ունակ եմ։

Ամբողջ օրը, մինչ ուշ գիշեր ման կգամ հնարը
պատմելու… Լևոն Ռուբինյանի ու Ռիչարդ Առյուծասիրտի մանրանկարը։

Եվ հայ նետաձիգների մասին։ Տաթևի համալսարանի։
Մոնթեի, մեկ էլ՝ Կեռան թագուհու ու Արթուր Ալեքսանյանի…

Վարդերի հոլանդացի արքայի, որ չգիտեր՝ ինքը հայ է,
էն հինգ հազարամյա կոշիկի, որից գտնվել է մի թայը…

Այ թե ոնց կանցկացնեի նվեր-շաբաթ օրը, եթե
հանկարծ հարց չտայի ինձ. իսկ դու վարդ սիրո՞ւմ ես, թե՞…

Բայց դա է, այ, որ չեմ իմանա, մենք էլ երբեք չենք հանդիպի.
արդեն որոշել ես ախր դու բախտը լավատես Կանդիդի։

Որոշել ես… Եվ՝ իրոք. ինչպե՞ս սիրենք իրար,
երբ մեզ մի փողոց է բաժանում, բայց և՝ մի սերունդ ու դար,

դար, որտեղ հանդիպումներն են, որ երբևէ չեղան.
իբր թե գալու էր ճիշտը՝ ճիշտ աղջիկը, տղան։

Կգա՞, չի՞ գա խեղճը… բայց օր կար, ի՞նչ անեմ օր-նվերը։
Չընդունելն ուժից վեր է, ուժից վեր է օրհնելը.

մարդու ուժից վեր է, ախ, ուժից վեր է ներկան,
դա աշխարհում գիտեմ ես ու՝ վարդերի արքան։

Ամենաընթերցվածը