Ինտրիգների և կոմպրոմատների հայրենիքում

  • Հասարակություն - 19 Հոկտեմբերի 2016, 15:34
Թագավորության հիմնական օրենքով Սաուդյան Արաբիան բացարձակ միապետություն է, որտեղ օրերս արքայազնը մահապատժի ենթարկվեց՝ երեք տարի առաջ Էր-Ռիյադի պալատական ճամբարում ծեծկռտուքի ժամանակ ընկերոջը սպանելու համար:

Մեր երկիրը սահմանադրական է, և սահմանադրությունից վեր ոչինչ չկա: Մենք չունենք արքայազն…, որ ինչ-որ հակասահմանադրական գործողություններ կատարի և հետո պատժվի:

Մեզանում իշխանությունները ձևավորվում են սահմանված կարգով, և ինչ-որ պահից անհրաժեշտություն է առաջանում «կամավոր հրաժարականով» հեռանալ զբաղեցրած պաշտոնից: Սկզբում կամավորականները մի փոքր նեղանում են և ի վերջո հասկանում են, որ սահմանադրությունից բացի գործում են նաև չգրված օրենքներ՝ կոմպրոմատների տեսքով:

Եվ հենց այստեղ իշխանությունից հեռացվածը բարեկիրթ ձևով ըմբռնում է, որ նեղանալը քաղաքական կատեգորիա չէ և կարող է ունենալ հետևանքներ:

Մեր երկիրը Սաուդյան Արաբիա չէ, որտեղ արքայազնին ենթարկում են մահապատժի, մեզ մոտ տարիներով հավաքվում և սրբագրվում է այն ամենը, որը երբևէ կարող է պետք գալ…:

Այդ իսկ պատճառով խորհուրդ չի տրվում «կամավոր հրաժարականից» հետո նեղանալ:

Հրաժարական ես տվել, գնա վայելի՛ր և մի՛ նեղացիր:

Հիշի՛ր, գուցե առանց կոմպրոմատի եկել ես իշխանության, բայց կոմպրոմատով կգնաս:

Գառնիկ Վաղարշակյան