Կյանքից հեռացել է ֆրանսահայ գրող Մովսես Պչաքճեանը

  • Հասարակություն - 19 Հոկտեմբերի 2016, 13:30
Ֆրանսիայի Լիոն քաղաքում hոկտեմբերի 17-ին իր մահկանացուն է կնքել ֆրանսահայ գրող, մտավորական, ՀՀ գրողների միության անդամ Մովսես Պչաքճեանը: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ գրողների միությունից:

Կյանքի վերջի շաբաթների ընթացքում առողջական խնդիրների պատճառով գրողին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է:

Գրող Մովսես Պչաքճեանը ծնվել է 1940 թ. Հալեպում: Սովորել է Հալեպի վարժարանում, ապա հաճախել «Քարէն Եփփէ» ազգային ճեմարան, որն հաջողությամբ է ավարտել:  Սովորել է Դամասկոսի պետական համալսարանում: Ուսումնասիրել է անգլերեն լեզուն և անգլիական գրականության ճյուղերը: Հենց այդ հաստատությունում էլ յոթ տարի աշխատել է որպես հայոց լեզվի և անգլերենի ուսուցիչ:

Ուսանողական տարիներին գրական ստեղծագործություններ է տպագրել «Պարման» և «Ծիլեր» պարբերականներում:  

1970 թ. տեղափոխվել է Բեյրութ որպես ճամփորդական գրասենյակի տնօրեն:  Այնուհետև իր աշխատանքներն է տպագրել Հալեպի «Արևելք» և Բեյրութի «Այգ» օրաթերթերում: Գրողի ստեղծագործությունները վերջերս հրատարակվել են Երևանում: