Տիպական օրինակներ Հայաստանի համար

    • Հասարակություն - 18 Հոկտեմբերի 2016, 18:15
Օրերս տեղեկություն տարածվեց, որ Ռուսաստանում որոշել են դպրոցներին, մանկապարտեզներին, այլ սոցիալական հաստատություններին հատկացված ծախսը ուղղել Զենիթ Արենա նոր մարզադաշտի շինարարության ավարտին: Այդ մարզադաշտը կառուցում են արդեն մի քանի տարի, արդեն մի քանի անգամ հետաձգվել է շահագործման ժամկետը, մի քանի անգամ գերազանցվել է նախահաշիվը: Այդ ամենով հանդերձ, մարզադաշտը դեռ պատրաստ չէ, հայտնի էլ չէ, թե երբ պատրաստ կլինի, բայց Ռուսաստանն ուզում է հասցնել մինչեւ 2016 թվականի ավարտ, որ կարողանան 2017 թվականին այնտեղ անցկացնել Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությունը, որը նախորդում է աշխարհի առաջնություններին:

Թեեւ, եթե Ռուսաստանի իշխանությունը շարունակի Արեւմուտքի հետ հակադրության ներկայիս կամակոր քաղաքականությունը, որը շատ փորձագետներ գնահատում են որպես միջազգային խուլիգանության դրսեւորում, ապա շատ հավանական է, որ եթե անգամ 2017-ին Կոնֆեդերացիայի գավաթի մրցաշարը անցկացվի Ռուսաստանում, ապա 2018 թվականի աշխարհի առաջնությունը կարող է տեղափոխվել այլ երկիր: Առավել եւս, որ թե Գերմանիան, թե Մեծ Բրիտանիան, թե ամիսներ առաջ Եվրո 2016-ն ընդունած Ֆրանսիան պատրաստ կլինեն ընդունել աշխարհի առաջնությունը հընթացս:

Բայց տվյալ պարագայում դա այլ խնդիր է: Հատկանշականն այն է, որ մարզադաշտը ավարտին հասցնելու համար կրճատվում են սոցիալական հաստատություններին արվող բյուջետային հատկացումները: Եվ խոսքը մի մարզադաշտի մասին է, որը Ռուսաստանի ամենահարուստ ահոկւմբերից մեկինն է, որն ունի ամենահարուստ հովանավորը` Գազպրոմ:

Այստեղ ակնառուն այն համակարգային ցցուն խնդիրն է, որ դրսեւորվում է սոցիալական հատկացումները կրճատելու տեսքով: Ռուսաստանի ամենահարուստ հովանավորն ունեցող ամենահարուստ ակումբներից մեկի մարզադաշտը կառուցվում է շարքային քաղաքացիների հաշվին:

Դա հակաքաղաքացիական եւ հակապետական համակարգի, հակաքաղաքացիական եւ հակապետական մտածողության եւ աշխարհընկալման ցցուն դրսեւորում է: Կրճատվում են սոցիալական ծախսեր, որպեսզի կառուցվի ամենահարուստների մարզադաշտը, որը չի կառուցվել այն պարզ պատճառով, որ ինչ որ մարդիկ կամ խմբեր հարստացել են մարզադաշտի շինարարության ընթացքում, ինչի հետեւանքով մարզադաշտը պատրաստ չէ, իսկ փողերը վերջացել են:

Այդպիսով, կատարվել է գողություն, որը ծածկվում է սոցիալական ծախսերի հաշվին, շարքային քաղաքացիների հաշվին:

Մարզադաշտի կառուցման այդ օրինակը տիպական օրինակ է Ռուսաստանի կառավարման համար, իսկ Ռուսաստանի կառավարումն էլ տիպական օրինակ է եվրասիական կառավարման համար, որն այժմ ընդգրկված է Եվրասիական տնտեսական միություն հասկացության մեջ եւ որի տնտեսական հանձնաժողովի նախագահը ներկայումս Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանն է:

Դա էլ հետաքրքիր հանգամանք է, քանի որ Սարգսյանն էլ իր գործունեության ընթացքում առնչվել է համանման որոշումների` Հայաստանում:

Նրա վարչապետության շրջանում` 2009 թվականին, Երեւանի քաղաքապետի ընտրությանն ընդառաջ կայացվեց ուղն ու ծուծով եվրասիա-ռուսական մի որոշում: Կառավարությունը որոշեց, որ Երեւանից Զովունի տանող եւ ճանապարհը կրճատող կամուրջի փողը պետք է ուղղել Երեւանն աղբից մաքրելուն: Իսկ խոսքը մի քանի հարյուր միլիոն դրամի մասին էր:

Իսկ ինչու՞ էր կառավարությանն այդքան մտահոգել Երեւանի աղբը: Որովհետեւ ՀՀԿ-ն 2008 թվականի Մարտի 1-ից հետո պետք է ապահովեր Գագիկ Բեգլարյանի քաղաքապետությունը, իսկ այդ խնդրում գովազդային հնարքների շարքում առաջնային նշանակություն էր տրվում Երեւանի մաքրությանը, Երեւանը փայլեցնելուն:

Այդպիսով, նախընտրական այդ համատեքստով կառավարությունը որոշեց, որ տրանսպորտային կարեւոր ենթակառուցվածքի փողը պետք է գնա ընդամենը կարճաժամկետ մի խնդրի սպասարկմանը, որը բացարձակ կապ չուներ հանրային շահի հետ:

Թերեւս պատահական չէ, որ ներկայում Եվրասիական միության տնտեսական հանձնաժողովը ղեկավարում է հենց Տիգրան Սարգսյանը: Նա փորձով է տիրապետում հանրային հեռանկարայաին շահի հաշվին այսրոպեական իշխանական խնդիրներ լուծելու մեխանիզմին: Իսկ այդ հատկանիշն անկասկած դուր կգա ՌԴ իշխանությանը:

Այդ օրինակների համադրումը հատկանշական է այն տեսանկյունից, որ քանի դեռ չի փոխվում կառավարման սկզբունքն ու փիլիսոփայությունը, քանի դեռ առաջնահերթությունների հարցում գերակա չէ հանրային շահը, չի կարող լինել արդիականացում եւ առաջընթաց: