Երևանում բացված եվրաակումբը հնարավորություն կտա հայ երիտասարդներին տեղեկություն ստանալ ԵՄ-ի մասին

  • Հասարակություն - 18 Հոկտեմբերի 2016, 17:58
ԵՄ կառույցների և Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին երիտասարդներն այսուհետ կկարողանան տեղեկատվություն ստանալ Երևանում հոկտեմբերի 18-ին բացված եվրաակումբում: Միջոցառմանը մասնակցել են 30 երիտասարդներ երևանյան տարբեր կրթական հաստատություններից և հասարակական կազմակերպություններից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բացման արարողությանը ներկա է գտնվել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա հանդես եկավ ողջույնի խոսքով և ազդարարեց Երևանում Եվրաակումբի մեկնարկը:

«Ես շատ ուրախ եմ որ Հայաստանյան երիտասարդությունը նույնպես հետքրքրված է այս գաղափարով և նախաձեռնությամբ: Այն փաստը, որ Հայաստանում նույնպես մեկնարկում են եվրաակումբները և գաղափարը տարածում է գտնում, խորհրդանշական է: Դա վկայում է այն մասին, որ երիտասարդ հայերի եվրոպական ինքնությունը շատ ամուր է: Ինչը նշանակում է, որ հայաստանյան երիտասարդությունը մեծապես հետաքրքրված է շարունակել իր կապերը եվրոպական երիտասարդության հետ խոսելու և համագործակցության միջոցով, ու ոչ միայն Եվրամիության շրջանակներում»,- ընգծեց Սվիտալսկին:

Անդրադառնալով եվրաակումբի գաղափարին՝ դեսպանը նշեց, որ այդ ակումբները հնարավորություն են տալիս տեղեկատվություն ունենալ Եվրոպայի մասին, զրույցներ և խոսակցություններ վարել Եվրոպայի և եվրոպական արժեքների մասին:

«Կարծում եմ, եվրաակումբները լրացուցիչ հնարավորություն կընձեռեն  հայ երիտասարդությանը, մասնավորապես, մարզերում բնակվող հայ երիտասարդներին, ստանալ տեղեկություն Եվրամիության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի մասին: Առաջին եվրաակումբը Հայաստանում բացվեց  Գորիսում: Ես շատ ուրախ էի տեսնել երիտասարդության  հետաքրքրությունը այնտեղ: Հիմա մենք բացում ենք երկրորդ եվրաակումբը Երևանի կենտրոնում՝ ամբողջ Հայաստանի աշխուժության կենտրոնում»,- ասաց դեսպանը:

Եվրոակումբների գաղափարը մեկնարկել է  ավելի քան 25 տարի առաջ Պորտուգալիայում: Այնուհետև այդ գաղափարը տարածում գտավ  այլ Եվրամիության  անդամ երկրներում, ինչպես նաև Եվրամիության սահմաններից դուրս:

Ամենաընթերցվածը