«Ավրորա»-ն եւ Փրկության միջազգային կոմիտեն կաջակցեն սիրիացի փախստականներին

  • Հասարակություն - 18 Հոկտեմբերի 2016, 14:26
Փրկության միջազգային կոմիտեն եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը համատեղ մշակում են սիրիացի փախստականներին կանխիկ դրամական միջոցների փոխանցման ծրագիր:

Հոկտեմբերի 14, 2016թ. – Փրկության միջազգային կոմիտեն (ՓՄԿ, IRC) եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը համատեղ ջանքերով ֆինանսավորելու են հետազոտական նոր ծրագիր, որը թույլ կտա ՓՄԿ-ին վստահելի եւ հաշվետու դրամական բաշխման միջոցով կենսական օժանդակություն ցուցաբերել սիրիական հակամարտությունից տուժածներին։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը տարամադրում է $100,000 դրամաշնորհ, որի օգնությամբ ՓՄԿ-ն կսկսի «Առաջնահերթ կանխիկ» ծրագրի ճանապարհային քարտեզի մշակումը: Այն կտեւի մեկ տարի եւ արդյունքում կառաջարկի նոր մեթոդաբանություն, որը կուսումնասիրի կանխիկի փոխանցման ընդլայնման առջեւ ընկած խոչընդոտներն ըստ երկրների եւ կառաջարկի միջոցներ, որոնք թույլ կտան հաղթահարել դրանք։

Հետազոտության շնորհիվ կստեղծվի կայուն ձեւաչափ, որին կարող են հետեւել ինչպես ՓՄԿ-ն, այնպես էլ ողջ մարդասիրական հանրությունը։

«Հումանիտար ճգնաժամերից տուժած մարդկանց թիվն աշխարհում օր-օրի աճում է։ Ժամանակն է կրկնապատկելու մեր ջանքերը, որպեսզի ոչ միայն կարողանանք հայթայթել անհրաժեշտ միջոցներ, այլեւ ստեղծենք նախադեպերի վրա հիմնված այնպիսի ծրագրեր, որոնք ունակ են վերափոխելու մարդկանց կյանքը»,– ասել է ՓՄԿ նախագահ եւ գործադիր տնօրեն Դեյվիդ Միլիբենդը։ «Անչափ կարեւոր է, որ հումանիտար օգնություն տրամադրելիս մարդասիրական հանրությունը շարունակի փնտրել եւ որդեգրել հնարավորինս խնայող միջոցներ, որոնք կնպաստեն առավելագույն թվով շահառուների վրա ազդեցության ընդլայնմանը»։

Ապացուցված է, որ դրամական միջոցների փոխանցման ծրագրումը օգնության տրամադրման չափազանց ազդեցիկ եւ արդյունավետ տարբերակ է՝ ի տարբերություն մարդասիրական օգնության այլ ձեւերի, որոնք նվիրաբերված դրամական միջոցներն ուղղում են անհրաժեշտ պարագաների ձեռքբերմանը եւ բաշխմանը: Փորձը ցույց է տալիս, որ կանխիկը տեղ հացնելն ավելի էժան եւ արագ է, քան օգնության այլընտրանքային ձեւերը, որոնք պահանջում են ապրանքի հայթայթում, տեղափոխում, պահպանում եւ բաշխում։  Կանխիկի փոխանցման ծրագրումը շահառուներին օժտում է ավելի մեծ ազատությամբ ու արժանապատվությամբ՝ թույլ տալով նրանց սեփական կարիքները լուծել ըստ առաջնահերթության՝ դառնալով իրենց իսկ կյանքի վերակառուցման գործակալները։ Ավելին, փաստերը ցույց են տալիս, որ տուժած համայնքներին կանխիկ գումարի տրամադրումը բազմապատկում է տեղական տնտեսության վրա ունեցած ազդեցությունը։

«Ուրախ ենք գործակցել Փրկության միջազգային կոմիտեի հետ, քանի որ միասին կարող ենք առաջ մղել կարիքի մեջ հայտնված մարդկանց օգնելու մեր ընդհանուր նպատակը»,– ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։ «Ոգեշնչվելով հարյուր տարի առաջ հանուն հայության փրկության գործող անհատներից՝ մենք այսօր հպարտորեն շարունակում ենք նրանց ոգին՝ աջակցելով ներկայից ամենահրատապ հումանիտար մարտահրավերները դիմագրավող կազմակերպություններին: Մեզ հաճելի է օժանդակել մարդասիրական օգնության այս նորարարական միջոցին, որն անհրաժեշտ օգնությունը տեղ է հասցնում ավելի արագ՝ գոհացնելով շահառուներին»։

Փրկության միջազգային կոմիտեն, որը ներկայումս աշխարհի 19 երկրներում կանխիկ օգնություն է ցուցաբերում 113,000 մարդու, մշակվելիք ճանապարհային քարտեզը կօգտագործի կանխիկ միջոցների ծրագրման իր հնարավորություններն առավել ընդլայնելու համար՝ չկենտրոնանալով օգնության պակաս արդյունավետ տրամադրման ձեւերի վրա։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

«Ավրորա» նախաձեռնության նպատակն է ստեղծել համաշխարհային մարդասիրական շարժում։ Այն իր արմատներով հասնում է Հայոց ցեղասպանություն, որին զոհ գնաց ավելի քան մեկուկես միլիոն հայ, ու հիմնված է այդ տարիներին տեղ գտած խիզախության ու վերապրումի ոգեշնչող պատմությունների վրա։ Սակավաթիվ հաջողակներ փրկվել են բացառապես խիզախ անհատների եւ մարդասիրական կազմակերպությունների միջամտության շնորհիվ։ Մեկ դար անց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը երախտագիտությամբ ներկայացնում է փրկվածների ու նրանց փրկողների պատմությունները՝ մեծարելով մարդկային ոգու տոկունությունը եւ փառաբանելով մարդասիրությունը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծում, ներառում եւ օժանդակում է նախագծեր, որոնց նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունն աշխարհի առավել հրատապ մարդասիրական հիմնախնդիրներից շատերի վերաբերյալ եւ քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ։ Այդ նախագծերից են «Ավրորա» մրցանակը, Aurora Dialogues քննարկումները, «Ավրորա» մարդասիրության ցուցիչը, Երախտագիտության նախագծերը եւ 100 LIVES նախաձեռնությունը։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը IDeA (Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ) բարեգործական հիմնադրամի ձեռնարկումն է։

Ավելին՝ www.auroraprize.com

Փրկության միջազգային կոմիտեի (ՓՄԿ) մասին

Արձագանքելով աշխարհի ամենասոսկալի մարդասիրական ճգնաժամերին՝ Փրկության միջազգային կոմիտեն օգնություն է ցուցաբերում նրանց, ում կյանքն ու ապրուստը տուժել են հակամարտություններից ու աղետներից: Այն մարդկանց համար հնարավորություն է ստեղծում գոյատեւել, վերականգնվել եւ կրկին իրենց ձեռքը վերցնել սեփական ապագայի ղեկը։

2015 թվականին ՓՄԿ եւ գործընկեր կազմակերպությունների ծրագրերից օգտվել է ավելի քան 23 միլիոն մարդ, ինչը մոտ 5.5 միլիոնով ավելի է, քան հնարավոր էր եղել օժանդակել 2014 թվականին։

Ավելին՝ www.rescue.org

Ամենաընթերցվածը