Եվա Ռիվասը կդառնա՞ Արա Աբրահամյանի ձայնը

    • Հասարակություն - 17 Հոկտեմբերի 2016, 19:16
Երգչուհի Եվա Ռիվասին թույլ չեն տալիս մասնակցել Ռուսաստանի Առաջինի ալիքով անցկացվող Ձայնը նախագծին: Ըստ երգչուհու, թույլ չեն տալիս, որովհետեւ նա եղել է Հայաստանի ձայնը նախագծի ժյուրիի անդամ: Ռիվասը սոցցանցերում հանդես է եկել դժգոհությամբ, որ սահմանափակում են իր` ՌԴ քաղաքացու իրավունքը:

Երգչուհի Ռիվասը հայտնվել է իսկապես հետաքրքիր իրադրության մեջ: Մի քանի ամիս առաջ այդ երգչուհի սոցցանցերում հանդես էր եկել Հայաստանից «նեղացած» հեռանալու մասին մի հայտարարությամբ, որի ընդհանուր լեյտմոտիվն այն էր, որ Հայաստանն արժանի չէ իրեն եւ ինքը վերադառնում է Ռուսաստան:

Ռուսաստանում, ինչպես երեւում է, համարժեք են դիմավորում Եվա Ռիվասին: Ըստ երեւույթին նա իր ծառայությունը Ռուսաստանին մատուցել է, եւ Ռուսաստանին այլեւս չի հետաքրքրում Ռիվասի ձայնը, եւ գուցե ընդհանրապես ոչինչ Ռիվասից:

Եվ ահա երգչուհին որոշել է պաշտպանել իր իրավունքները: Ըստ ամենայնի, դրանում նրա ամենալավ օգնականը կլինի Արա Աբրահամյանը, որն Ռուսաստանի բոլոր հայերի պաշտպանն է:

Ընդ որում, ստեղծվում է շատ ուշագրավ մի վիճակ:

Եվա Ռիվասը Հայաստան եկավ մի քանի տարի առաջ, Եվրատեսիլին մասնակցելու համար, որպես թեկնածու: Այդ ժամանակ թեկնածուի ընտրության հարցը դարձավ սկանդալային: Ռիվասը այսպես ասած դուրս մղեց Էմմիին: Մամուլը գրում էր, որ Էմմիին այսպես ասած աջակցում է առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Էմիի մոր` երգչուհի Նադեժդա Սարգսյանի հեղինակությամբ եւ նրա հետ մտերիմ հարաբերությամբ պայմանավորված: Իսկ Ռիվասի մասին մամուլը գրում էր, որ նրա հովանավորը Տաշիր գրուպի սեփականատեր, միլիարդատեր Սամվել Կարապետյանն է:

Աղմկոտ պատմությունների առիթ դարձած ընտրությամբ Եվրատեսիլ գնաց Ռիվասը, ինչը մամուլը պայմանավորեց հենց Սամվել Կարապետյանի մեծ ազդեցությամբ:

Դա Ռիվասի մուտքն էր հայկական «շոու բիզնես», որտեղից էլ երգչուհին հեռացավ «նեղացած»: Այժմ ահա պարզվում է, որ նրան նեղացնում են նաեւ Ռուսաստանում:

Հարց է առաջանում, թե մի՞թե Սամվել Կարապետյանը չի կարողանում լինել Ռիվասի ազդեցիկ պաշտպան, թե՞ երբեք չի հանդիսացել այդպիսին: Կամ գուցե արդե՞ն չի հանդիսանում Ռիվասի պաշտպան:

Թե՞ Սամվել Կարապետյանը ներկայում Ռուսաստանում չունի այնպիսի ընկալում, որը թույլ կտա ազդել Ռուսաստանի առաջին ալիքի ղեկավարության վրա, որ չոտնահարեն Ռիվասի իրավունքը:

Ամբողջատիրական համակարգերում քաղաքականությունը տարածված է ամենուր, լինի դա քաղաքական, տնտեսական կյանք, թե սպորտ կամ շոու բիզնես: Դա ակնհայտ եւ անհերքելի իրողություն է, ինչի մասին վկայում են բազմաթիվ պատմություններ:

Եվ այդ իմաստով, միամիտ կլինի կարծել, թե Ռիվասի դեպքում Ռուսաստանի Առաջին ալիքի մոտեցումը զերծ է քաղաքականությունից: Հարցն այն է, թե քաղաքականությունն ինչքա՞ն առնչություն ունի այդ պատմությանը, գլխավո՞ր շարժառիթներից է, թե՞ հարակից:

Համենայն դեպս, ակնհայտ է, որ Ռիվասը այժմ ունի պաշտպանի անհրաժեշտություն, եւ եթե չկա այլ պաշտպան, ուրեմն պետք չէ հապաղել, պետք է դիմել Արա Աբրահամյանի պաշտպանությանը, որը այդ հարցը ամենայն հավանականությամբ կլուծի Պուտինի մակարդակով: Իհարկե, նա օրերս Երեւանում հայտարարել էր, թե կարգին ռուսերեն չսովորեց, հայերեն էլ կարգին չգիտե, բայց կասկած չկա, որ առնվազն Պուտինի լեզուն Աբրահամյանը հասկանում է:

Իսկ ինչ է պետք Ռուսաստանում պաշտպանված լինելու համար` պետք է հասկանալ Պուտինի լեզուն:

Բայց, կա իհարկե մի խնդիր: Բանն այն է, որ Պուտինը տեւական ժամանակ չի կարողանում լեզու գտնել աշխարհի հետ: Ավելին, առաջադեմ աշխարհն ու Պուտինը ավելի ու ավելի են խոսում տարբեր լեզուներով: Դրանից էապես ծանրանում է վիճակը Ռուսաստանում եւ բոլոր այն տարածություններում, որոնք Ռուսաստանի ազդեցության տակ են: Իսկ խոսքը տվյալ պահին ոչ միայն աշխարհագրական կամ վարչական, այլ նաեւ մարդկային ֆիզիկական տարածությունների մասին է, որոնք իրենց անվտանգությունն ու պաշտպանվածությունը պայմանավորել են լոկ Պուտինով: Բանն այն է, որ ներկայում Պուտինն արդեն ինքն ունի անձնական պաշտպանվածության խնդիր, ընդ որում թե աշխահից, թե աշխարհի հետ իր լեզու չգտնելու հետեւանքով ռիսկերի ահռելի կույտի առաջ կանգնած իր շրջապատից, որը Պուտինի պատճառով կորցնում է միլիոններ եւ միլիարդներ:

Ահա այս պայմաններում, չի բացառվում, որ Արա Աբրահամյանը կարող է ոչ թե պաշտպանել, այլ «վաճառել» Ռուսաստանի հայերի իրավունքները` Պուտինի անունից խոսելու իր իրավունքները պահպանելու համար:

Բայց, միեւնույն է, Աբրահամյանին դիմել արժե, որովհետեւ եթե չլուծվի անգամ Ռուսաստանի ձայնին մասնակցելու հարցը, կա Աբրահամյանի ձայնը դառնալու շանս:

Ամենաընթերցվածը