Ինչու պետք է Բոբ Դիլանը Նոբելյան մրցանակ ստանա, իսկ Մուրակամին՝ ոչ

    • Հասարակություն - 16 Հոկտեմբերի 2016, 11:40
Հայ հանրությանը հազվադեպ է որևէ բան հուզում, բացի գազի ու հոսանքի գներից։ Բայց գրականության Նոբելյան մրցանակն էս տարի ալեկոծեց «ֆեյսբուքը»։

Շատերը վիրավորվել էին, որ Մուրակամին Նոբելյան մրցանակ չի ստացել։ Մյուս առաջատար հավակնորդների՝ քենիացի գրող Նգուգի վա Տիոնգի ու սիրիացի բանաստեղծ, էսսեագիր Ադոնիսի համար ոչ ոք չէր նեղացել։

Իսկ ինձ զարմացրեց, որ հանձնաժողովը մի տարի էլ դիմադրեց զանգվածային մշակույթի ու ճարպիկ էպիգոնության՝ Հարուկի Մուրակամիի հաղթանակին։

Մուրակամին պատկանում է ճապոնական արձակի այսպես կոչված «եվրոպական» թևին, որից հայ ընթերցողին ծանոթ են Յասունարի Կավաբատան, Կոբո Աբեն և Կենձաբուրո Օեն։

Կավաբատան Նոբելյան մրցանակի դափնեկիր է։ Նա ազատորեն օգտվել է XX դարի Արևմտյան գրականության զինանոցից, բայց, դրա շնորհիվ ճեղքելով ճապոնական մշակույթին բնորոշ ներփակությունը, հերմետիկությունը, մնացել սակավախոս, ասկետ ազգային չափաբերված կենցաղի պոեզիայի, մանրուքների դրամայի շրջանակներում։ Ընթերցողի համար վայելք է այս միջավայրում հետևել խոր, «մեկ զգացմունքի մարդկանց» ապրումներին, հարաբերություններին։

Կոբո Աբեն և Կենձաբուրո Օեն, որը նույնպես Նոբելյան մրցանակի դափնեկիր է, անկեղծ «եվրոպական» նորարարներ են, որոնց «ճապոնականությունը» բարդացնում է ստեղծագործական խնդիրը՝ բախման մեջ դնելով արդիական ճգնաժամերն ու ավանդական, սոցիալապես անշարժ ինքնությունը։

Հիմա դառնանք Մուրակամիին։ Նրա գլխավոր ժանրը միստիկական դետեկտիվն է, երբեմն՝ թրիլերը։ Երկուսն էլ զուտ կոմերցիոն ժանրեր են, բնականաբար, առևտրային է նաև դրանց համաձուլվածքը։ Ավելի մեծ դժբախտությունն այն է, որ Մուրակամին օգտվում է ոչ միայն Արևմտյան գրականության արդեն ծանոթ, փորձարկված, հաջողություն բերած ժանրերից, այլև արտահայտչամիջոցներից՝ հաճախ մեծ գրողների, բայց առանց որևէ բան ավելացնելու։ Իսկ «ճապոնականությունը» նա օգտագործում է որպես էկզոտիկա։

Կարելի է հեռու չգնալ ու հիշել «Լարովի Թռչնի ժամանակագրությունը» վեպը (1994), որի վերնագիրն իհարկե ավելի լավն է, քան «Լսիր քամու երգը» տափակությունը (Հարուկիի առաջին վիպակը, որը գրելու և առհասարակ գրականությամբ զբաղվելու անհրաժեշտությունը նա հասկացել է բեյսբոլի մի խաղ նայելուց), բայց ակնհայտ նմանօրինակումն է Էնթոնի Բյըրջեսի «Լարովի նարինջը» վեպի (1962), որի հիման վրա 1971-ին Սթենլի Կուբրիկը նկարել է համանուն գլուխգործոցը։

Հնարավոր է Մուրակամիի շատ սիրահարներ ասեն՝ ինչ անենք, մեկ է, լավ է կարդացվում։ Երևի։ Ռաբիս երաժշտությունն էլ լավ է լսում մի ահագին ամբոխ։ Ծանոթ է, հեշտ է, ուղղված է այնպիսի զգացմունքներ հարուցելուն, որոնք բազմիցս ու զանգվածաբար նույն եղանակներով ի հայտ են բերվել, ուրիշների կողմից։

Իսկ նոր գրականության, արվեստի ընկալումը աշխատանք է, համաստեղծագործություն հեղինակի հետ, որի արդյունքը կա´մ ձախողման հիասթափությունն է, կա´մ հաջողված գործի, հետազոտության… հետաքննության հաճույքը։ Ճիշտ է, Հայաստանում, հետխորհրդային տարածքում կրթական համակարգը չի տալիս այն գիտելիքը, գործիքակազմը, որով ուսանողը կարողանա ազատվել դասական մշակույթի կռապաշտությունից և ինքնուրույն հարաբերվել ժամանակակցին։ Այդ պատճառով Մուրակամին, Կոելյոն, Բեգբեդերը և մյուսները զբաղեցնում են նույնիսկ այլ հարցերում առաջադեմ երիտասարդության միտքն ու հոգին։

Ինչ վերաբերում է Բոբ Դիլանին, կարծում եմ, նա արժանի է այս մրցանակին նախ երգի խոսքերի կարգավիճակը երաժշտության պարզունակ կցորդից պոեզիայի մակարդակի բարձրացնելու համար։ Ապա նա վառ ներկայացուցիչն է բիթնիկների մշակույթի, որը ցնցեց սպառողական հասարակությունը, որտեղ պատերազմի օրերին իշխող է դառնում ռազմա-հայրենասիրական հիստերիան, իսկ խաղաղ ժամանակ գորշությունը՝ իր 50 երանգներով։