ԱՄՆ-ում կայացել է Պուլիցերյան 100-րդ մրցանակաբաշխությունը

  • Հասարակություն - 14 Հոկտեմբերի 2016, 18:42
ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում  հոկտեմբերի 14-ին կայացել է Պուլիցերյան 100-րդ մրցանակաբաշխությունը: Համալսարանի նախագահ Լի Բոլինջերը մրցանակներ է շնորհել տարբեր անվանակարգերում հաղթողներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հաղթողների անունները հրապարակվել էին դեռևս ապրիլին, սակայն հան դիսավոր արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 14-ին:

Ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանը մրցանակի է արժանացել «Պոեզիա» անվանակարգում՝ «Օզոնի հանդես» («Ozone Journal») բանաստեղծությունների շարքի համար, որում հեղինակն անդրադառնում է Հայոց ցեղասպանության թեմային:

Փիթեր Բալաքյանը սովորել է Բանքս, Բրաուն և Նյու Յորքի համալսարաններում։ 1980 թվականից դասավանդում է Քոլգեյթ համալսարանում։ Աշխատակցել է «Նեյչըն», «Վիրջինիա քուորթըրլի», «Ռևյու» և այլ պարբերականներում։

2003 թվականին լույս տեսած «Այրվող Տիգրիս. Հայոց ցեղասպանություն և Ամերիկայի արձագանքը» ծավալուն փաստավավերագրական աշխատությունը «Նյու Յորք Թայմս» թերթի կողմից ճանաչվել էր «Տարվա նշանակալից գիրք»։ 1998 թվականին «Ճակատագրի սև շունը» հուշագրությունը ճանաչվել էր «Տարվա լավագույն գիրք»։ 2010 թվականին հայերեն լեզվով հրատարակվել է հեղինակի «Լույսի տխուր օրերը» բանաստեղծությունների ժողովածուն։

2016 թվականին գեղարվեստական խոսքի միջոցով Հայոց ցեղասպանությունը՝ որպես համամարդկային խնդիր աշխարհին ներկայացնելու եւ լուսաբանելու համար արժանացել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2015 թվականի ՀՀ Նախագահի մրցանակի:

Ամենաընթերցվածը