«Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում ձեռագործ աշխատանքների ցուցահանդես տեղի ունեցավ

  • Հասարակություն - 12 Հոկտեմբերի 2016, 16:47
Հոկտեմբերի 11-ին «Տաթեւ» դպրոցում տեղի է ունեցել Տաթեւի համայնքներում բնակվող 14 կանանց եւ աղջիկների աշխատանքների ցուցահանդեսը, որը շուրջ վեց ամիս շարունակվող դասընթացների արդյունք էր:

2016թ. փետրվարին մեկնարկած ձեռագործության, տիկնիկների պատրաստման եւ ազգային արվեստի այլ ուղղությունների դասընթացներն իրականացվել են մի քանի փուլով՝ ընդգրկելով արհեստավարժ մասնագետների կողմից անցկացվող տեսական եւ գործնական պարապունքներ:

Ցուցահանդեսին ներկա էին Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի, Իզմիրլյան հիմնադրամի եւ այլ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նախատեսվում է, որ «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում եւ աջակցությամբ իրականացվող այս նախագիծը սկիզբ կդնի առավել մեծ ծրագրի: Մասնավորապես, քննարկվում է Տաթեւում գործընկերների աջակցությամբ «Արվեստների տան» հիմնումը:

Ըստ քննարկող ծրագրի, «Արվեստների տան»-ը ներկայացված կլինեն արվեստի եւ արհեստի ցուցանմուշներ, իսկ արտադրությունն ընդլայնելու դեպքում՝ համայնքի բնակիչներն իրենց աշխատանքները զբոսաշրջիկներին վաճառելու հնարավորություն կստանան: