Ի՞նչ է կատարվել Արտաշատի ավագ դպրոցում

    • Հասարակություն - 12 Հոկտեմբերի 2016, 13:08
Lragir.am-ը տեղեկություն է ստացել այն մասին, որ Արտաշատի ավագ դպրոցի տնօրեն Եպրաքսյա Սիմոնյանն իր մոտ է կանչել դպրոցի գործավար, ծայրահեղ աղքատության մեջ ապրող Գայանե Արտեմյանին և նրա վրա գոռալով ազատել աշխատանքից: Գայանե Արետմյանը դպրոցի բակում կորցրել է գիտակցությունը: Նրա գործընկեր ուսուցիչները շտապ օգնություն են կանչել, իսկ տնօրենն ասել՝ ի՞նչ է եղել, որ շտապ օգնություն եք կանչել:

Ըստ այդ տեղեկության՝ ավագ դպրոցի ուսուցիչները դժգոհում են, որ տնօրենն իրենց «վերևից է նայում», չի բարևում, լավ է վերաբերվում նրանց, ովքեր տոն օրերին նվերներով այցելում են իր տուն:

Դպրոցի ուսուցիչներն անցյալ տարի մամուլում հարց էին բարձրացրել, որ տնօրենն աշակերտներից վերջին զանգի համազգեստների համար 40 000 դրամ է հավաքել, սակայն դրան արձագանք չի հետևել: Ուսուցիչները նշում են, որ տնօրենը պարծենում է, որ ոչ ոք չի կարող իրենց ոչինչ ասել: Ըստ մեր տեղեկության՝ ուսուցիչները բողոքել են նաև Կրթության և գիտության նախարարության թեժ գծին:

Պարզաբանում ստանալու համար զրուցեցինք Եպրաքսյա Սիմոնյանի հետ, ով, բնականաբար, հերքեց, թե վատ բվերաբերմունք է դրսևորում աշխատակցիների նկատմամբ:

«Դուք սխալ ինֆորմացիա ունեք, գործավարն աշխատանքից ազատված չէ և աշխատանքի մեջ է»,- մեր հարցմանն ի պատասխան ասաց դպրոցի տնօրենը: Այնուհետև նա ավելի ուշ կապ հաստատեց մեզ հետ և ասաց, որ կարող է հեռախոսը փոխանցել գործավարին, որպեսզի համոզվենք, որ նա աշխատանքի մեջ է:

Բայց Գայանե Արտեմյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ աշխատանքից ազատման դիմում է ուզում գրել այսօր: «Ես այդ գործի մեջ ոչ մի բանից տեղյակ չեմ, բայց ես իմ հոժար կամքով այսօր եկել եմ, որ ազատվեմ գործից: Ես նամակ չեմ գրել ոչ մեկին»,- ասաց գործավարը՝ հավելելով, որ թոշակի գնալու տարիքն է արդեն:

«Տնօրենն ինձ հետ վատ չի վերաբերվել, դե հիմա ամեն ինչ էլ պատահում է, աշխատանք է, ստացվում է»,- ասաց նա:

Տնօրենից հետաքրքվեցինք՝ ինչո՞ւ է ասում, թե գործավարը շարունակում է աշխատել: «Այո, նա շարունակում է աշխատել, այս պահին այդ մարդն աշխատանքի մեջ է, իսկ եթե աշխատանքի մեջ է, ես ասեմ՝ ազատվե՞լ է աշխատանքից: Կներեք, 64 տարեկան մարդ է և տարեսկզբից մտորում է ազատվի, թե չազատվի աշխատանքից: Տղան Ռուսաստանում է, մտածում է գնա իր տղայի մոտ, թե չգնա: Նույն ձևով անցած տարի է մտածել, բայց ասել ենք՝ իմաստ չունի, մնացեք, աշխատեք, մարդը մնացել է»,- ասաց դպրոցի տնօրենը:

Եպրաքսյա Սիմոնյանը նաև հավելեց, որ իր անձի հետ կապված տեղեկությունները սուտ են, ցանկացած պահի ցանկացած մարդու հասցեին կարող են ցեխ շպրտել, ինչ-որ մեկը պղտոր ջրում ձուկ բռնելու համար փորձում է սրա-նրա անունից նամակներ գրել:

Ինչ վերաբերում է տեղեկությանը, որ ինքը նվերներ է պահանջում ուսուցիչներից, նա ասաց. «Կարո՞ղ եք դուք բերել մեկ հոգու, ով կասի, թե ով է այդպիսի նվեր արել ինձ: Ամեն մարդու մասին կարող են ասել, բայց ինչքանո՞վ է դա իրականությանը համապատասխանում, դա հարցի լրիվ այլ կողմն է, ծիծաղելի է ուղղակի»:

Նա նաև նշեց, որ դպրոցում նորմալ մթնոլորտ է:

«Այս պահին մեր դպրոցում ռուսաց լեզվի շաբաթ է, հաջորդ շաբաթ մաթեմատիկայի շաբաթ է: Մի քանի օր առաջ ուսուցչի օրվա հետ կապված բավական գեղեցիկ միջոցառում ենք արել, անգամ թոշակի անցած ուսուցիներին ենք հրավիրել, հուշանվերներով մարդկանց ճանապարհել ենք իրենց վաստակած հանգստին: Ես ուղղակի ապշած եմ»,- հավալեց Եպրաքսյա Սիմոնյանը:

Ամենաընթերցվածը