Սերժ Սարգսյանի հայտարարությունից ընդամենը 4 օր անց

    • Հասարակություն - 11 Հոկտեմբերի 2016, 17:38
Հոկտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանը կառավարության նիստին ասաց. «մարդիկ ամբողջովին չեն էլ պատկերացնում, թե ինչ մասշտաբներով է փոխելու մեր իրականությունը սահմանադրական բարեփոխումների և նոր կառավարման մոդելին անցման հանգամանքը»: Դրանից ընդամենը չորս օր անց՝ հոկտեմբերի 10-ին, Սերժ Սարգսյանի հայտարարությունը քննություն բռնեց Վանաձորի նորընտիր ավագանու նիստի ժամանակ: Քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանը, սակայն այն մեթոդաբանությունը, որով Հանրապետական կուսակցությունը հասավ դրան, ուղղակիորեն հակասում են Սերժ Սարգսյանի խոստումներին:

Բանն այն է, որ Հանրապետական կուսակցությունը Դաշնակցության հետ միասին ուներ 15 մանդատ, իսկ Լուսավոր Հայաստանը, Հայկական Վերածնունդը և Բարգավաճ Հայաստանը՝ 18 մանդատ, և ըստ կողմերի միջև ստորագրված համագործակցության հուշագրի, նրանք պարտավորվում էին միասնաբար պաշտպանել Լուսավոր Հայաստանի թեկնածուին:

Առողջ բանականությունը հուշում է, որ այս պարագայում ՀՀԿ թեկնածուն նույնիսկ չպետք է առաջադրվեր, հաշվի առնելով այն 18  անձանց ստորագրությունները, որոնք դրվել էին հուշագրի տակ՝ Քրիստ Մարուքյանին պաշտպանելու համար: Սակայն այնտեղ, ուր գործում է անառողջ քաղաքականությունը, լռում է առողջ բանականությունը: Մամիկոն Ասլանյանը առաջադրեց իր թեկնածությունը և քվեարկության արդյունքում հաղթեց՝ ստանալով 19 քվե: Լուսավոր Հայաստանի թեկնածուն ստացավ 14 քվե, ինչից պարզ դարձավ, որ համագործակցության հուշագիրը ստորագրած անձանցից 4-ը գաղտնի քվեարկության ժամանակ ընտրել են ՀՀԿ թեկնածուին:

Ինչպե՞ս ստացվեց, որ ավագանու 4 անդամները դրժեցին սեփական խոստումն ու ստորագրությունը: Այն պահից սկսած, երբ Լուսավոր Հայաստանը համագործակցության առաջարկ կատարեց ՀՎԿ-ին և ԲՀԿ-ին, Վանաձորում սկսվեց հետապնդումների մեծ ալիք այն ավագանու անդամների նկատմամբ, ովքեր կարող էին քվեարկել Քրիստ Մարուքյանի օգտին: Այս հետապնդումներն առավել ակտիվացան կողմերի միջև հոկտեմբերի 8-ին հուշագրի ստորագրումից հետո:

Լուրեր էին պտտվում, որ նույնիսկ կարող են լինել մարդկանց առևանգումներ՝ խաթարելու կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը: Մի բան ակնհայտ էր՝ Հանրապետական կուսակցությունը չի պատրաստվում հանձնել իշխանությունը և դրա համար դիմելու էր բոլոր թույլատրված և անթույլատրելի միջոցներին, չնայած այն բանին, որ ըստ ընդդիմադիր կուսակցությունների միջև կնքված համաձայնագրի և ըստ Սերժ Սարգսյանի հայտարարության, ՀՀԿ-ն պետք է դառնար ընդդիմություն:

Սա նոր քաղաքական մշակույթի և սահմանադրական բարեփոխումների մասին անվերջ խոստումների արտացոլանքը պետք է դառնար: Վանաձորի նորընտիր ավագանիում ստեղծված իրավիճակը խորհրդարանական մոդելի յուրահատուկ դրսևորում էր. ՀՀԿ-ն ստացած ձայների քանակով գտնվում էր առաջին տեղում, սակայն, ընդդիմադիր կուսակցությունների հաստատած կոալիցիայի արդյունքում կարող էր դառնալ ընդդիմություն: Հաղթողը ամեն ինչ չի ստանում, պարտվողը ամեն ինչ չի կորցնում, ավելին՝ դառնում է իշխանություն: Ժողովրդավարական պետության մեջ սա լիովին տրամաբանական կլիներ: Սակայն, Հայաստանի նման երկրներում ժողովրդավարությունը պարտվում է իշխանական ավտորիտար նկրտումներին:

Վանաձորում կատարվածը քողազերծեց Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության խոստացած բարեփոխումների ողջ սնանկությունը. իշխանությունը օրենսդրական դաշտում ստեղծում է բարեփոխումների պատրանք ու դա վաճառում հանրության վրա որպես պատրաստի ապրանք, մինչդեռ, իրական կյանքում շարունակում է գործել նույն հակաժողովրդավարական տրամաբանությամբ՝ դիմելով քաղաքական ահաբեկման, կաշառքի ու ճնշումների փորձված մեխանիզմին:

Սերժ Սարգսյանի ելույթից մինչև Վանաձորի ավագանու նիստը անցավ ընդամենը 4 օր, և մենք համոզվեցինք, որ ապրում ենք նույն իրականության մեջ, որտեղ զոռբայությունն ու քաղաքական դավադրությունները գերակա են սահմանադրականության ու պառլամենտարիզմի նկատմամբ: Սա ևս մեկ անգամ դարձավ ապացույցն այն բանի, թե որքան հեռու են Հայաստանի իշխանությունների խոստումները իրականությունից, իսկ ավելի ճիշտ՝ որքան հակադիր են մեկը մյուսին: 

Ամենաընթերցվածը