Մարդ ցնցվում է, երբ կարդում է սիրիահայ աշակերտուհի Մերի Սերչեյանի տագնապով լի այս տողերը

    • Հասարակություն - 08 Հոկտեմբերի 2016, 10:01
Ուղղակի մարդ ցնցվում է, երբ կարդում է 10-րդ դասարանի աշակերտուհի Մերի Սերչեյանի տագնապով լի այս տողերը՝ «Ոչ մի ճամբա չգիտենք, չգիտենք ինչպես դուրս գալ այստեղից: Մենք Թելեֆօն Հաուայի շրջանում ենք բնակվում, ուր վատ է իրավիճակը», գրում է աշակերտուհին, որը նշում է`թերևս Լաթաքիայի ճանապարհով հնարավոր լինի Հայաստան հասնել, որի համար ընտանիքը չունի միջոցներ:

«Մենք ուզում ենք հեռանալ այս պատերազմի դաշտից, օգնեք մեզ», գրում է Կրթասիրաց վարժարանի աշակերտուհին, որի հաճախած դպրոցը մեկ շաբաթից ավելի է փակ է:

Հիմա բացում եմ ՀՀ սփյուռքի նախարարության "Հայերն այսօր" պարբերականն ու կարդում թարմ հարցազրույց Սիրիայի Արաբական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչ Ժիրայր Ռեիսյանի հետ: Հարցին, թե արդյոք կա՞ն մարդիկ, որ ուզում են գալ Հայաստան, Ռեիսյանը պատասխանում է, թե նման բան չկա, որ մարդիկ այստեղից ցանկանան Հայաստան գալ և չկարողանան: "Կարող են պահեր լինել, որ հրթիռակոծումներ լինեն, կարող են վնասներ և զոհեր լինեն, սակայն խուճապային իրավիճակ, որ մարդիկ դիմեն Հայաստան գալու համար, չկա": Դրան էլ հավելում է. "Անհանգստության հարց չկա, բայց խնդրում եմ՝ այստեղ-այնտեղից լսված խոսքերին չհավատալ, այլ միայն պաշտոնական աղբյուրներից տեղեկանալ": Գլխներիս ՊՆ խոսնակ է դարձել՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ բոլորին արգելում էին ցանկացած աղբյուրից տեղեկատվություն ստանալ, բացի պաշտոնական աղբյուրից:

Հիմա հարց է ծագում, եթե կան ռմբահարումներ, մարդկային զոհեր, պարզ չէ՞, որ դպրոցահասակ երեխան իր ընտանիքով կցանկանա տեղափոխվել առավել ապահով մի տեղ, մի երկիր, որն իրեն հռչակել է համայն հայության հայրենիք, սակայն հիմա գլուխն ավազի մեջ մտցրած անընդհատ ասում է, թե հայերը չեն ցանկանում գալ: Է առաջարկեք, տարհանեք, բերեք, թե՞ անպայման էս երկրից պիտի գնան, ոչ թե գան, թե պիտի էս տարածքում գլուխցավանք չստեղծեն, օլիգարխների անդորրը չխաթարեն իրենց խնդիրներով: Ես չեմ հասկանում, սա ինչ տմարդի քաղաքականություն է: Անցած տարի էլ միաբերան ասում էին Բեյրութը մեր ռազմավարական գաղթօջախն է, այդտեղից հայերը չպիտի գնան: Հա, թող մեռնեն, բայց չգնան: Իսկ Հայաստանը լքողների մասով ռազմավարություն չունե՞ք, որ չթողնեն գնան, թե դա ձեռնտու է, գնան, որ հեղափոխություն չանեն:

Դուք անտանելի եք...

Ամենաընթերցվածը