Խաղաղության Նոբելյան մրցանակն ստացել է Կոլումբիայի նախագահը

  • Հասարակություն - 07 Հոկտեմբերի 2016, 13:36

Խաղաղության 2016 թվականի Նոբելյան մրցանակն ստացել Է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը «Կոլումբիայում հակամարտության կարգավորման ջանքերի համար»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Օսլոյում հայտարարել Է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի նախագահ Կարին Սիսիլե Կուլման Ֆիվեն:

Հաղթողն ընտրվել Է 376 թեկնածուներից՝ 228 անձանցից եւ 148 կազմակերպություններից: Ավելի վաղ ֆավորիտների թվում նշվում Էին Սիրիայում փրկարարների «Սպիտակ սաղավարտներ» կամավորական կազմակերպությունը եւ այն բանակցորդները, որոնք համաձայնագիր կնքեցին Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ:

Անցյալ տարի Խաղաղության Նոբելյան մրցանակն ստացել Է ազգային երկխոսության թունիսյան «քառյակը»՝ «2011 թվականին հասմիկների հեղափոխության արդյունքում Թունիսում պլյուրալիստական ժողովրդավարության կառուցման գործում վճռորոշ ավանդի համար»:

21-րդ դարում Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել Եվրամիությունը (2012 թ.), ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման (2009 թ.), ԱՄՆ-ի փոխնախագահ Էլ Գորը (2007 թ.) եւ ամերիկացի քաղաքական գործիչ, իր անվան կենտրոնի ստեղծող Ջիմի Քարթերը (2002 թ.):

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների մեծամասնությունը՝ 17-ը, ամերիկացիներ են, եւս 11-ը՝ բրիտանացիներ:

Խաղաղության Նոբելյան մրցանակի 2016 թվականի դափնեկիրը կստանա 8 մլն շվեդական կրոն՝ (մոտավորապես 931 հազար դոլար):

Ամենաընթերցվածը