Համաշխարհային ժառանգության կենտրոնի պատվիրակությունն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Հասարակություն - 05 Հոկտեմբերի 2016, 13:15
Հոկտեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի պատվիրակությունը: 

Պատվիրակությանը հայոց հոգևոր կենտրոնում ընդունեց Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց համաշխարհային ժառանգության պահպանության ուղղությամբ կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքներին և Հայաստան այցի նպատակներին:

Այս կապակցությամբ Նաթան Սրբազանը կարևորեց կենտրոնի առաքելությունը, խոսեց հայոց սրբազան ժառանգության պահպանության խնդիրների ու մարտահրավերների մասին Հայաստանում և այլ երկրներում: Սրբազան Հայրը նաև մտահոգություն հայտնեց մի շարք երկրներում ինչպես քրիստոնեական ժառանգության, այնպես և դրա կրոնական-ազգային ինքնության ոչնչացման փաստերի առնչությամբ:

Համաշխարհային ժառանգության կենտրոնի պատվիրակության անդամներն իրենց հերթին ուրախությամբ արձանագրեցին, որ այցը Հայաստան սկսում են Մայր Աթոռ այցելությունից, կարևորեցին կրոնական ժառանգության պահպանության պարագային համագործակցությունը կրոնական կառույցների և կազմակերպությունների հետ:

Զրույցի ընթացքում Նաթան արքեպիսկոպոսը ներկայացրեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պատմությունն ու պատմական առաքելությունը, տեղեկացրեց Մայր Տաճարի ամրակայման ու վերականգնողական աշխատանքների ընթացքի մասին` դրանց արդյունավետ կազմակերպման գործում կարևորելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործուն աջակցությունը:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի տնօրեն Արժանապատիվ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը:

Ամենաընթերցվածը