Երկու լիովին չգիտակցված նախաձեռնություն

  • Հասարակություն - 04 Հոկտեմբերի 2016, 17:31
Ակնհայտ է, որ տնտեսական աճի և մակրոտնտեսական ցուցանիշների միջինացված թվերը քաղաքական նպատակ այլևս չեն կարող լինել, քանի որ դրանք համարժեք են դարձել ժողովրդին ուղղված համբերատարության կոչերին և ըստ էության, բացի տնտեսագիտական և լրագրողական նյութերի թեմա լինելուց, ոչինչ չեն տալիս հանրությանը: Ժողովուրդը վաղուց սպասում է լոկալ, անհատական, միկրոտնտեսական մոտեցումների և արագ ու կոնկրետ արդյունքների: Ակնհայտ է նաև, որ նույնիսկ ամենախոշոր քաղաքական ուժերը Հայաստանում չունեն այնքան ռեսուրսներ, որպեսզի քաղաքական կամքի ու ցանկության դեպքում ռեալիզացնեն մակրոտնտեսական այնպիսի կտրուկ աճ, ինչը հնարավորություն կտա “հաղթելու” ժողովրդի սպասած միկրոտնտեսական արդյունքներին:

Խոսքն առաջին հերթին մարդկային ռեսուրսների մասին է: Հայտնի է, որ Հայաստանում քաղաքական գրեթե բոլոր կառույցներն իրենցից ներկայացնում են մեկ առաջնորդի շուրջ հավաքված այնպիսի սակավաթիվ համախոհների միավորումներ, ովքեր իրենց անձնական կյանքն ու կարիերան որոշել են կապել այդ առաջնորդի իշխանական հաջողությունների հետ: Որպես կանոն, նրանց մոտ չկա նպատակների ավելցուկ, որովհետև քաջ գիտակցում են իրենց և առաջնորդի ռեսուրսների խիստ սահմանափակությունը: Քաղաքական կառույցները սոսնձված չեն գաղափարական կամ արժեհամակարգային սոսնձով և հետևաբար բավական անկայուն են: Նրանք նաև չափազանց զգայուն են առաջնորդի ֆինանսատնտեսական հաջողությունների կամ անհաջողությունների նկատմամբ և ֆինանսատնտեսական ամենափոքր շեղումը հանգեցնում է կառույցի փլուզմանը:

Առավել կայուն են արժեհամակարգային միավորումները, որոնք գրեթե չեն համընկնում քաղաքական միավորումների հետ: Սա մեծ խնդիր է, և հավանաբար մոտ ապագայում ականատես կլինենք այդ ուղղությամբ կատարվող սոցիալ-քաղաքական տրանսֆորմացիաների: Այդ ներքաղաքական վերադասավորումները կունենան դրական բնույթ, բայց բավարար չեն լինի լուծելու հասարակության գլոբալ զարգացման խնդիրը, եթե չկատարեն երկրորդ անհրաժեշտ քայլը՝ շարժվեն արժետարածքների վերաբաշխման ուղղությամբ: Սա ծանր, դժվարին, բայց գուցե միակ լուծումն է՝ ներքաղաքական ու  տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար:

Փոքր ինչ առաջ անցելով փաստենք, որ արժետարածքների վերաբաշխման խնդիրը կարծես թե առաջին ծիլերն է տվել: Այդ ծիլերն առայժմ լայն հանրությունը չի տեսնում, այն ձևակերպված չէ, նույնիսկ կասկած կա, որ գիտակցված չէ հեղինակների կողմից: Պետք է հուսալ, որ ներքաղաքական խորը ճգնաժամն, իր բացասական դրսևորումներով հանդերձ, պարարտ հող է այդ ծիլերի համար: Դրա ապացույց կարող է լինել այն փաստը, որ  անկախության 25 տարիներից առաջ փորձ չունեցող և փաստացի այդ տարիների ընթացքում ձևավորված հայ հանրության ներքաղաքական պայքարի տեսաբանները մոտ 10 տարի առաջ՝ քաղաքական խորը ճգնաժամից հետո սկսեցին ինտենսիվորեն խոսել հասարակության մեջ “վիրուսների” պես գործող արժեհամակարգերի մասին, ինչը գուցե հստակորեն այդպես էլ չձևակերպվեց, բայց հանրության լայն շրջանակների ենթագիտակցության մեջ խոր արմատներ գցեց:  

Արժեհամակարգային տարբերություններն այժմ հավակնում են չափանիշներ դառնալ սոցիալական խմբավորումների համար, և նման զարգացումների դեպքում կդառնան նաև քաղաքական խմբավորումների համար չափանիշներ: Ինչ խոսք, արժեհամակարգային չափանիշներով ձևավորված քաղաքական խմբավորումների կայունությունը մի քանի անգամ կգերազանցի այժմ գոյատևող քաղաքական խմբավորումների կայունությանը:

Արժեհամակարգային տարբերություններն արհեստական չեն, դրանց հիմքով կառուցված խմբավորումները շատ ավելի բնական հիմք ունեն, քան այժմ գործող կարիերիստական հիմքի վրա կառուցված քաղաքական խմբավորումները: Պետք է արձանագրել նաև, որ հասկանալի պատճառներով արժեհամակարգային խմբավորումների զարգացմանը խիստ ռեակցիոն մոտեցում են ցույց տալիս գործող քաղաքական խմբավորումները:

Ներքաղաքական նոր ճգնաժամը հիմք է հանդիսացել արժեհամակարգային խմբավորումներին ավելի ինտենսիվ քաղաքական պրոցեսներում ներգրավելու համար: Սակայն այդ ներգրավումը կատարվում է զուտ զգայական մակարդակում՝ “շոշափուկներով”, առանց գիտակցական մոտեցման և առանց հաշվարկների: Այն չափազանց իռացիոնալ լինելով՝ ընթանում է կոպտագույն սխալներով, ինչը հասարակության վրա չափազանց թանկ է նստում՝ տնտեսապես հյուծելով նրան, սրելով ներքաղաքական ճգնաժամը և խթանելով երկրորդային արտագաղթը (տնտեսապես ապահովված կամ ներգաղթած քաղաքացիների):

Վերադառնալով արժետարածքների խնդրին, պարզաբանենք, թե ինչի մասին է խոսքը: Հասարակության մեջ արժեհամակարգային տարբերությունները հանգեցրել են անհանդուրժողականության ծայրաստիճան խորացմանը: Զուտ զգայական մակարդակում հասկանալով այդ անհանդուրժողականության օրեցօր աճի հետևանքները, կան երկու նախաձեռնություններ՝ արժեհամակարգային առանձնացված կենսատարածքներ ստեղծելու ուղղությամբ:

Առաջին չգիտակցված նախաձեռնությունը Ռուբեն Վարդանյանինն է: Դիլիջանի և Տաթևի նրա նախաձեռնությունները ըստ էության արժետարածքներ ստեղծելու ենթագիտակցական նախաձեռնություններ են: Այդ նախաձեռնությունը դուրս է քաղաքական պրոցեսներից, օգտագործվել են զուտ ադմինիստրատիվ լծակներ, այնինչ եթե դա արվեր որպես քաղաքական գործընթաց, ամենայն հավանակությամբ կունենար շատ ավելի մեծ աջակցություն հանրության կողմից և, բացի այդ, կլիներ ցայտուն օրինակ՝ արժետարածքների ստեղծման այլ նախաձեռնությունների համար: Ամեն դեպքում, դա վատ չէ և օրինակ հանդիսանալու հավակնությունները դեռ սպառված չեն:

Երկրորդ՝ ավելի քաղաքականացված, բայց տնտեսական որևէ հիմք չունեցող քայլ է “Քաղաքացիական պայմանագիր” կուսակցության հաղթանակը Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի ղեկավարի ընտրություններում: Քաղաքացիական պայմանագրի այդ հաղթանակը ռեսուրսները կենտրոնացնելու և արժետարածք ստեղծելու լավագույն հիմքն է, բայց առնվազն երկու փաստ ապացուցում են, որ դա գիտակցված ու հաշվարկված չէ, և գործողությունները սահմանափակվելու են ընդամենը համայնքը բարեկարգելու և բնակիչների կենցաղային պայմանները բարելավելու փորձերով:

Փաստերից մեկն այն է, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի բավարարվել այդ հաղթանակով և հետագայում շարունակում է ընտրապայքարը բավական խոշոր համայնքներում՝ դրանով ցույց տալով, որ ճիշտ չի գնահատում սեփական ռեսուրսները, պատրաստ չէ այդ ռեսուրսները կենտրոնացնել, այլ ընդհակառակը՝ դրանք փոշիացնելու քաղաքականություն է վարում: Փաստերից երկրորդն այն է, որ նախկինում ՔՊ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Ռուբեն Վարդանյանի Դիլիջանյան նախաձեռնությունները որակել է որպես կալվածատիրական, դրանով ցույց տալով, որ ամեն դեպքում դեմ է ադմինիստրատիվ մեթոդներին, եթե նույնիսկ դրանք հանուն գեղեցիկ նպատակների են ծառայելու:

Գրեթե ապացուցման կարիք չկա, որ վերոհիշյալ երկու նախաձեռնությունները, սկսվելով միանգամայն տարբեր ծայրակետերից՝ հանգեցնելու են ռացիոնալ ու գիտակցված գործողությունների հենց իրենց և այլ արժեհամակարգային միավորումների կողմից: Արժետարածքների գաղափարը լայն տարածում է գտնելու հանրության գիտակցության մեջ, որը հանգեցնելու է նոր որակի պետականության ստեղծմանը և ինչպես շատերն են ասում՝ համակարգային փոփոխությանը:

ԱՂԱՍԻ ԻՎԱՆՅԱՆ

Ամենաընթերցվածը