Երեւանի ասիմետրիկ ցուցադրությունը

    • Հասարակություն - 04 Հոկտեմբերի 2016, 15:51
Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը շարունակում է աշխուժորեն պտտվել հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրության հետընտրական իրողությունների շուրջ, հատկապես Գյումրիի եւ Վանաձորի քաղաքային իշխանության ձեւավորման գործընթացով:

Հանրապետության երկրորդ եւ երրորդ խոշոր քաղաքների իշխանության ընտրությունը ստեղծել է բավական հակասական իրավիճակ, ի ցույց դնելով Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական տրանսֆորմացիաների բազմաշերտ բնույթը: Միեւնույն ժամանակ, այդ ընտրությունները հոկտեմբերի 2-ին հերթական անգամ  պարզեցին նաեւ Հայաստանի հանրային տարբեր շերտերում առկա մտածողության, մշակույթի, իրավագիտակցության, քաղաքացիական գիտակցության խնդիրները, որոնք արտահայտվեցին տարբեր արատավոր երեւույթների տեսքով, ինչը իշխանության վերարտադրության ռեսուրս է:

Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 2-ին մի կողմից արձանագրվեց Հայաստանի հասարակական-քաղաքական տրանսֆորմացիայի միտումը, մյուս կողմից` այդ միտման պայմաններում հասարակական-քաղաքական համարժեքության անբավարարությունը եւ անպատրաստությունը:

Մինչ Գյումրիում ու Վանաձորում տեղի էր ունենում այդ գործընթացը եւ ձեւավորվում հարաբերական, հակասական իրավիճակը` նորի ու հնի սահմանագծում, Երեւանում տեղի էր ունենում մեկ այլ գործընթաց:

Հոկտեմբերի 2-ին Երեւանում ավարտվում էր Դիջիտեք տեխնոլոգիական ցուցահանդեսը, որը անցկացվեց սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը: Այդ ցուցահանդեսում ներկայացված էր Հայաստանի տեխնոլոգիական միտքը, Հայաստանի ներուժը` ներկայի եւ ապագայի համար:

Ցուցահանդեսը նոր չէ, այն անցկացվում է պարբերաբար, վերջին տարիներին դարձել է ավանդական: Դրանում ցուցադրվում են Հայաստանի գիտատեխնիկական մտքի ձեռքբերումները, հնարավորությունները, ընդ որում՝ այդ մտքի տարիքային ամենատարբեր կրողների` երեխաներից մինչեւ հասուն մարդիկ:

Դա Հայաստանի համարժեքության ցուցահանդեսն է` համաշխարհային միտումներին եւ գործընթացներին համարժեքության: Մի բան, որը սակայն ավելի շատ հենց ցուցահանդեսային, ցուցանմուշային բնույթի է, քան պարզապես ընթացիկ առօրյա: Գիտատեխնիկական, տեխնոլոգիական միտքը արդեն զգալիորեն ներկայացված է Հայաստանի տնտեսությունում, ներառվում է պետական քաղաքականության մեջ, բայց դրա տեսակարար կշիռը` առկա ներուժի համեմատությամբ, առայժմ ցածր է, խիստ ցածր: Բաց է թողնվել ահռելի ժամանակ եւ հնարավորություն:

Ընդ որում, ոչ միայն զուտ նյութական արժեքի ստեղծման եւ գեներացիայի առումով, ինչը էապես կբարձրացներ Հայաստանի կարողություններն ու մրցունակությունը թե տնտեսական, թե անվտանգային առումով:

Բաց է թողնվել ահռելի ժամանակ ու հնարավորություն հանրային մտածողության փոփոխության, հանրային որակների արդիականացման առումով:

Բանն այն է, որ տեխնոլոգիական հանրույթը լոկ արդիական նյութական արժեքի ստեղծման եւ գեներացիայի «արտադրական» ռեսուրս չէ: Անուղղակի, բայց չափազանց կարեւոր արժեքը նաեւ այն 1, որ այդ հանրույթը բոլորովին նոր հանրային միջավայրի ձեւավորման ռեսուրս է, հասարակական հարաբերությունների նոր մշակույթի ռեսուրս: Որովետեւ տեխնոլոգիական մտքի կրողները խոշոր հաշվով հանդիսանում են շարունակաբար զարգացող եւ համաշխարհային գործընթացների հանդեպ «մագնիսային» ձգողություն ունեցող, կամ այլ կերպ ասած` «աշխարհի պահանջ» ունեցող հանրույթ:

Իսկ այդ պահանջը ներկայիս Հայաստանի խորքային, հասարակական եւ քաղաքական կյանքի վրա թե ուղիղ, թե անուղղակի ազդեցություն թողնող խնդիրներից մեկն է:

Այդ պահանջն է, որ չի ճահճացնելու հանրային միտքն ու մշակույթը եւ թույլ չի տալու, որ այդ ճահճի վրա կառուցվի քաղաքական «մտքի» եւ «մշակույթի» բարեկեցությունը: Հակառակը, «աշխարհի պահանջով» ապրող անհատների եւ հասարակության ձեւավորումն է, որ պետք է ստիպի քաղաքական մտքին հետեւել եւ ծառայել իրեն:

Դա է, որ նաեւ որակապես փոխելու է հանրության վերաբերմունքը ընտրություն երեւույթի, ընտրական գործընթացի հանդեպ, բերելով նաեւ այդ գործընթացի փոփոխության, իշխանությանն էլ ստիպելով փնտրել այդ գործընթացում ցանկալի արդյունք ստանալու արդիական տեխնոլոգիաներ:

Այդ տեսանկյունից, հոկտեմբերի 2-ին Երեւանում տեղի ունեցածը տեխնոլոգիական հեղափոխության ասիմետրիկ դրսեւորումն է տեղական «հեղափոխության» գործընթացի համեմատ:

Իհարկե, բոլորովին հակադրելի կամ համեմատելի չեն ՏԻՄ ընտրություններն ու տեխնոլոգիական մտքի ցուցահանդեսը: Բայց Հայաստանում կա հասարակական-քաղաքական պրոցեսների պատճառահետեւանքային կապի լուրջ վերանայման անհրաժեշտություն, ելքերի եւ լուծումների առավել արդյունավետ տարբերակների հավանականությունը բարձրացնելու համար: