Կստանա՞ նոր վարչապետը վստահության քվե

    • Հասարակություն - 02 Հոկտեմբերի 2016, 14:10
Հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 375 համայնքներում, այդ թվում երկու խոշոր քաղաքներում՝ Գյումրիում ու Վանաձորում:

Երկու տեղում էլ առավոտից լուրջ խախտումներ են նկատվել։ Դիտորդներն արդեն ահազանգել են, որ «Գյումրիի 34/21 ընտրատեղամասում գտնվող Բալասանյան դաշինքի ներկայացուցիչ Անահիտ Էռոյանի ձեռքին կան ցուցակներ, վերջինս ուղղորդում է ընտրողներին: Նույն գործողությունը կատարվում է ընտրատեղամասից դուրս գտնվող ևս մեկ անձի կողմից»։

Իսկ Վանաձորում «միկրոավտոբուսը ընտրողներ է տեղափոխել տեղամասեր», ինչպես իրազեկում է «Հետքը»։ Նրանք պետք է ընտրեն «քվեաթերթիկում համար 6-ին», որը Հանրապետական կուսակցությունն է:

Ընդամենը մի քանի օր առաջ էլ աներևակայելի դեպք տեղի ունեցավ. հուլիսի 20-ին «Սասնա ծռեր» խմբին աջակցող հանրահավաքի մասնակիցների հետ բախման արդյունքում, ըստ մեղադրանքի, տուժած 46 ոստիկանիցից և ոչ մեկը չներկայացավ դատարան։ Սա պետական երեք իշխանություններից մեկի գործունեության բոյկոտ է, պետական մեքենայի սաբոտաժ։

Եթե ընտրությունները, իրավական գործընթացները շարունակվեն նույն ոգով, նշանակում է, Կարեն Կարապետյանը մեկ ուրիշ՝ վիրտուալ Հայաստանի վարչապետն է, որտեղ ակնկալում է, որ ամեն բնակավայրի ղեկավար «երազ ունենա», և ի վերջո «էս երկիրն էլ երկիր դառնա»։ Ի՞նչ երազ պետք է ունենա փողի, թաղի խուժանի, վարչական լծակների օգնությամբ վերընտրվող ՀՀԿ-ականը։

Ընդ որում, եթե նույնիսկ դիտորդներին, մեդիային չհաջողվի զանգվածային խախտումներ արձանագրել, և ՀՀԿ-ը ճնշող մեծամասնություն հավաքի, ընտրությունների արդյունքը ոչ մեկին չի համոզելու։ Ամենաակնհայտ պատճառը. նոր վարչապետը հայտարարել է, որ երկրի տնտեսությունը «շատ ծանր» վիճակում է, իսկ ընտրողները գալիս ու ձայները համառորեն տալիս են այն կուսակցությանը, որը ծանր վիճակի է հասցրել երկիրը՝ բա ո՞ւր մնաց տրամաբանությունը։

Ֆուտբոլի պատմության մեջ պատահել է դեպք, երբ մարզիչը (Արսեն Վենգեր) վերախաղարկում է պահանջել, որովհետև իր թիմը հաղթական գոլը կանոնների խախտմամբ է խփել, ինչը չէին արձանագրել մրցավարները։ Դա՝ որպես «երազ», երազանք։ Բայց նոր վարչապետը առնվազն չպետք է ձևացնի, թե ընտրություններն իր գործը չեն ու աչք փակի կեղծիքների վրա. պետք է վերաբերմունք արտահայտի, փորձի ապահովել ազնիվ քվեարկություն։

Այլ կերպ, չէ, չի ապրի հիվանդը, որին իբր բուժում, բայց միաժամանակ մահակով խփում են գլխին։ 

Ամենաընթերցվածը