Կարեւոր խորհուրդ հրաժեշտից առաջ

    • Հասարակություն - 01 Հոկտեմբերի 2016, 10:52
ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի լեզվաբանական գոհարները շարունակում են ուրախացնել հանրությանը: Ու թեեւ դրանք դառնում են մեմեր ու սրամտության առիթ, դրանց տակ ինչ որ խոր ու պարզ բան կա, որի մասին խոսում է միայն Գրիգորիչը:

Նրա վերջին գոհարը սակայն առանձնահատուկ է՝ գողությունը գողանալ բառից չէ, ասել է Գալուստ Սահակյանը, մեկնաբանելով «պրիմիտիվ գողությանը» վերջ տալու վերաբերյալ նոր վարչապետի կոչը:

Լրագրողի միամիտ հարցին՝ իսկ ինչ բառից է ծագում «գողությունը», Գալուստ Սահակյանը կոչ է արել ավելի խորը նայել:

Ինչ կարող էր նկատի ունենալ հայկական քաղաքականության մետրը: Եթե գողությունը գողանալ բառից չէ, արդյոք դա նշանակում է, որ այն ծագում է գող բառից: Իսկ Հայաստանում գողը պատվավոր ու հարգալից արտահայտություն է, այն էլ՝ «օրենքով» բառակապակցությամբ:

Երբ գողանում են օրենքով, դա գողություն չէ, այլ հասանելիք բաժնի ստացումը ուժի ու քվոտայի իրավունքով: Հենց այդ իրավունքի վրա է կառուցվել քրեա-օլիգարխիայի համակարգը: Թերեւս հենց դա նկատի ուներ նախկին մանկավարժ Գալուստ Սահակյանը, երբ լրագրողին խորհուրդ էր տալիս ավելի խորանալ գող հասկացության մեջ:

Ներկայում կառավարությունում օլիգարխներ ու «գողական եղբայրությանն» առնչվողներ չեն մնացել: Ըստ ամենայնի, գողական դասը դուրս կմղվի նաեւ խորհրդարանից: Հնարավոր է՝ նրան կթողնեն համայնքները: Այն, որ Մանվել Գրիգորյանին հաջողվեց պահպանել որդու պաշտոնը, վկայում է, որ գողական համակարգը մղվում է համայնքային «անդերգրաունդ»:

Ինքը Գրիգորիչն, ըստ ամենայնի, կգնա վաստակած հանգստի, եւ նրա տեղը կզբաղեցնի այլ մարդ: Արդյոք նորը կշարունակի հարգել գողերին ու համարել, որ օրենքով գողությունը պետական համակարգ է, ոչ թե կրիմինալ: