Հայաստանի գլխավոր զենքը սահմանին

    • Հասարակություն - 01 Հոկտեմբերի 2016, 10:20
Սեպտեմբերի 21-ին ցուցադրված Իսկանդերն ու Սմերչը ստվերում թողեցին սեպտեմբերի 19-23-ը Հայաստանի աշտպանական բնագավառում տեղի ունեցած մեկ այլ իրադարձություն: Այդ օրերին Երեւանում է գտնվել ամերիկա-բրիտանական խորհրդատվական խումբը, որը աջակցում է ՀՀ պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման գործընթացին եւ այդ հարցն է քննարկել Հայաստանի ՊՆ հետ:

Նորությունը հերթական այցի համար թերեւս այն է, որ խորհրդատվական խմբի անդամները նաեւ դասախոսություն են կարդացել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում նոր բացված հրամանատարա-շտաբային ֆակուլտետի ունկնդիրների առաջ` մարդկային ռեսուրսների կառավարման եւ պրոֆեսիոնալ ռազմական կրթության մասին:

Մարդկային ռեսուրս` ահա այն, ինչ կարող է եւ պետք է լինի Հայաստանի գլխավոր զենքը: Ի վերջո, Հայաստանն ու Ադրբեջանն անկասկած միմյանց չեն կարող գերազանցել սպառազինությունների մրցավազքով եւ ցուցադրությամբ:

Իսկանդերն իհարկե ռազմա-քաղաքական նոր իրավիճակ է, նոր համատեքստ, սակայն օբյեկտիվորեն պետք է ընդունել, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրենց սպառազինվածությամբ կարող են առավելագույնս փոխադարձաբար ոչնչացնել միմյանց, բայց դա զսպում է ոչ թե միմյանց վրա կրակելուց, այլ ընդամենը ոչնչացնող մտադրություններից:

Մինչդեռ ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն ունի տարբեր հարթություններ, եւ խոշոր հաշվով դիմակայության առանցքում մարդկային ռեսուրսն է: Նյութատեխնիկական համարժեք հագեցածությունը հույժ կարեւոր, կենսական կարեւոր հանգամանք է, բայց առավել կարեւոր է, թե ինչպիսի մարդկային ռեսուրս է աշխատում այդ ամենի հետ, ինչպես են մարդիկ տնօրինում այդ ամենը, ինչպես է կառավարվում զորքը, առանձին ստորաբաժանումները` թե մարտական հերթապահության, թե մարտական գործողության պայմաններում:

Այդ առումով, Հայաստանի անգնահատելի զենքը զինված ուժերի կառավարման որակի արդիականացումն է, մարդկային ռեսուրսի արդյունավետության բարձրացումը, ինչը իր հերթին հանգում է զինված ուժերում արժեհամակարգային տրանսֆորմացիայի գործընթացին:

Գերակա արժեքը մարդն է, զինվորը, միայն այդ արժեքի հիմքով է տեղի ունենում արդյունավետ գործընթաց նաեւ սպառազինության եւ նյութատեխնիկական հագեցածության առումով: Մարդու արժեքը հիմքում դնելու շնորհիվ է առաջընթաց արձանագրել ներկայում անվտանգության բնագավառում անվիճելի առաջատարության հասած եվրատլանտյան հանրությունը: Հիմքում մարդու արժեքը, այդ արժեքի առավելագույնս պաշտպանվածության եւ անվտանգության փիլիսոփայությունը դնելու շնորհիվ է, որ այդ հանրությունը հասել է նաեւ տեխնոլոգիական աներեւակայելի առաջընթացի, տեխնոլոգիան ծառայեցնելով հենց մարդկային արժեքին, ոչ թե հակառակը, ինչպես օրինակ ռուսական ռազմա-քաղաքական փիլիսոփայության մեջ:

Այդ իմաստով, ամենեւին չհակադարվելով ծանր, զսպող սպառազինության հանգամանքին եւ դրա առկայության կարեւորությանը, այդուհանդերձ Հայաստանի համար ոչ պակաս կարեւոր, ավելի կենսական նշանակություն ունեցող «զենք» է եվրատլանտյան փորձը եւ դրան հնարավորինս խորը տիրապետումն ու տեղայնացումը: Այդ զենքն է, որ Հայաստանի սահմանի պահպանությունը պետք է իրականացնի առավելագույն արդյունավետությամբ, միաժամանակ ենթադրելով նաեւ Հայաստանի համար ոչ պակաս ռազմա-քաղաքական էֆեկտ, քան օպերատիվ-մարտավարական ծանր սպառազինությունը:

Ամենաընթերցվածը