Մանր գողություններից դեպի խոշոր ձեռքբերումներ

    • Հասարակություն - 23 Սեպտեմբերի 2016, 21:53
Ամենավատ երևույթները ծնվում են լավ գաղափարների խեղաթյուրումից: Հայաստանում կան բազմաթիվ այդպիսի գաղափարներ, որոնք աղավաղվում և ծառայում են իբրև չարիք, այլ ոչ թե բարիք: Դրանց թվում շատ են թևավոր դարձած արտահայտությունները, օրինակ՝ ինչ անում ենք` երեխեքի համար ենք անում: Ի սկզբանե, սա հրաշալի միտք է. Միթե կա ավելի լավ բան, քան երեխաների համար բարիք գործելը: Յուրաքանչյուր հայ ծնող կասի, որ սրանից առավել չկա ոչինչ, և դա ճշմարիտ է: Դժբախտությունն այս մտքի շահագործումն է, որի արդյունքում՝ բարիքը, որն արվում է մեկի համար, դառնում է չարիք՝ շատերի համար:

Պետական ծառայողը, որը մսխում է անապահով ընտանիքների համար նախատեսված գումարը, կասի՝ ինչ անում ենք` երեխեքի համար ենք անում: Կաշառակեր դատավորն անարդար որոշում կայացնելիս, դպրոցի տնօրենը վերանորոգման գումարը մսխելիս, փոխնախարարը ատկատներ անելիս, դասախոսը փողով գնահատական դնելիս հաճախ նույնն են ասում: Ամեն ինչ կլիներ բնական ու տրամաբանված, եթե մեկի շահը չդառնար մյուսի կորուստը՝ անարդար որոշման արդյունքում:

Կարեն Կարապետյանը կառավարության նիստում հայտարարեց, որ պետք է վերջ տալ պրիմիտիվ գողություններին: Պրիմիտիվ թե խրթին, բայց պետական միջոցների գողությունն այն չարիքն է, որ արգելակում է Հայաստանի զարգացումը: Հանուն ինձ՝ ընդդեմ պետության սկզբունքը գործում է անխափան և դառնում անընդհատ կատարելագործվող մեխանիզմ, որի վրա զարմացել էր նույնիսկ նորանշանակ վարչապետը. «…ինձ որ պատմում են՝ ինչ սխեմա է օգտագործվում, ուղղակի ֆանտազիա է: Եթե էդ մարդիկ էդ խելքն օգագործեին մեկ այլ տեղ, հաստատ էֆեկտը շատ ավելի լավը կլիներ», ասել է Կարեն Կարապետյանը:

Լավ խելքը և վատ նպատակները միասին շատ վտանգավոր են և կարող են ծնել հասարակական չարիք, մանավանդ, եթե դու պետական պաշտոնյա ես, ու որոշումներդ ազդում են մյուսների կյանքի վրա: Դրա համար, բացի լավ նպատակներ սահմանելուց, հարկավոր է գծել նաև այն սահմանը, որտեղ բաժանվում են անձնականն ու հանրայինը, ընտանեկանն ու պետականը, քո երեխայի և ուրիշի երեխայի շահերը: Սա է պետական մտածողությունը, ինչից մենք հաճախ բողոքում ենք, թե չունենք:

Փոխարենն ունենք այնպիսի վերնախավ, որի համար անձնականի և պետականի սահմանը շարժական են՝ ի հաշիվ երկրորդի: Եթե պետության մեջ խոշորները կաշառք չեն վերցնում, մանրերը չեն կարող վերցնել, որովհետև եթե դու քեզ դնում ես սահմանափակումների մեջ, երբեք չես հանդուրժի ենթակայիդ սանձարձակությունը:

Սկզբունքը հաստատվում է օրինակով: Կանտը կասեր՝ վարվիր այնպես, որ քո վարքը դառնա համընդհանուր օրենք: Հենց կանտյան այս կանոնով էլ առաջնորդվել է հայոց պետական ընտրանին մինչև այժմ, պարզապես կանոնն այդ ծնել է հասարակական աղետ՝ հաճախ քողարկվելով սրբության քողով: Այժմ հարկավոր է պահել կանոնը, բայց փոխել նպատակը, որպեսզի հաջորդ վարչապետը ոչ թե զարմանա մանր գողություններից, այլ խոշոր ձեռքբերումներից: