«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» հուշադրամը «Տարվա հուշադրամը» անվանակարգում զբաղեցրել է առաջին տեղը

  • Հասարակություն - 23 Սեպտեմբերի 2016, 12:26

Մոսկվայում անցկացված «Դրամների համաստեղություն-2016» միջազգային տասներորդ հոբելյանական մրցույթում ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2015 թ. թողարկած «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» արծաթե հուշադրամը «Տարվա հուշադրամը» անվանակարգում զբաղեցրել է առաջին տեղը: Այս մասին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Մրցույթին ներկայացված էր ավելի քան 240 հուշադրամ և 21 հավաքածու: Մրցույթի հաղթողներին որոշել է ժյուրին, որի կազմում էին փորձագետներ համաշխարհային հայտնի թանգարաններից և աճուրդի տներից, կենտրոնական բանկերից, հուշադրամներ մատակարարող ընկերություններից, դրամագիտական ասոցիացիաներից և մասնագիտացված հրատարակչություններից:

«Դրամների համաստեղություն» հուշադրամների միջազգային մրցույթը անց է կացվում 2007 թվականից: 2016 թ. մրցույթին մասնակցել են թվով 44 կազմակերպություն 29 երկրից: