Մարդ-այծ, անդրավարտիք առնետների համար, հաճույք ճանճեր հավաքելուց. ովքեր են Իգնոբելյան մրցանակակիրները

  • Հասարակություն - 23 Սեպտեմբերի 2016, 10:57
Հարվարդի համալսարանում 26-րդ անգամ տեղի է ունեցել Իգնոբելյան մրցանակաբաշխությունը (Նոբելյան մրցանակաբաշխութան ծաղրանմանումը): Մրցանակները շնորհվում են գործնական նշանակություն չունեցող, հաճախ ծիծաղելի հետազոտությունների և բացահայտումների համար: Այս տարի Իգնոբելյան մրցանակները հանձնել են Նոբելյան մրցանակակիրները՝ քիմիկոս Դադլի Հերշբախը, տնտեսագետ Էրիկ Մասկինը, կենսաքիմիկոս Ռիչարդ Ռոբերտսը և բժիշկ Ռոյ Գլաուբերը, տեղեկացնում է BBC-ն:

Շվեյցարական Ալպերում երեք օր այծի դերում անցկացրած բրիտանացի Թոմ Տուեյտսը մրցանակ է ստացել կենսաբանության ոլորտում: Նա հատուկ պրոթեզներ է հագել, որ կարողանա տեղաշարժվել կճղակավորների պես: Ըստ Տուեյտսի մտահղացման՝ դա կարող է օգնել ժամանակակից քաղաքակրթության սթրեսի դեմ պայքարելու գործում:  

Տուեյտսը մրցանակը կիսել է մեկ այլ բրիտանացու՝ Չարլզ Ֆոստերի հետ, ով մտել է տարբեր կենդանիների,այդ թվում՝ աղվեսի, եղջերուի դերի մեջ և փորձել է ապրել դրանց կենսակերպով:

Գերմանական Volkswagen ընկերությունը մրցանակի է արժանացել քիմիայի ոլորտում՝ վտանգավոր գազերի արտանետման թեստերը շրջանցող մեթոդի համար:

Բազմացման ոլորտում մրցանակ է ստացել եգիպտացի ուրոլոգ Ահմեդ Շաֆիկը, որը արու առնետներին տարբեր նյութերից պատրաստված անդրավարտիքներ է հագցրել կենդանիների սեռական կյանքն ուսումնասիրելու համար: Պազրվել է, որ պոլիէսթերից անդրավարտիքով առնետների մոտ ավելի ցածր սեռական ակտիվություն է նկատվել, քան բամբակե անդրավարտիք կրող առնետների մոտ:

Տնտեսագիտության իգնոբելյան մրցանակը ստացել է նորզելանդացի պրոֆեսոր Մարկ Ավիսը, ով ուսումնասիրել է, թե մարդիկ ինչպիսի մարդկային որակներով են օժտում տարբեր հանքանյութերին:

Հարավային Ուելսի համալսարանի գիտնականների խումբը ֆիզիկայի ոլորտում մրցանակի է արժանացել, որովհետև պարզել են, որ որդնաձև օձերը սպիտակ ձիերին մյուս ձիերից ավելի հազվադեպ են կծում:

Բժշկության ոլորտում մրցանակ է ստացել նյարդաբան Քրիստոֆ Հելմհենը, ով գործընկերների հետ պարզել է, որ եթե մարմնի ձախ կողմում որևէ հատված քոր է գալիս, այն կարելի է հանգստացնել՝ մոտենալով հայելուն և քորելով նույն տեղը աջ կողմից (և հակառակը):

Բելգիացի Էվելին Դեբին մրցանակ է ստացել հոգեբանության ոլորտում: Նա հազարավոր սուտասանների հարցրել է, թե որքան հաճախ են ստում և հետո բացատրել՝ կարելի է արդյոք հավատալ նրանց:

Խաղաղության իգնոբելյան մրցանակը ստացել է կանադացի Գորդոն Պենիկուկը «Պսևդոխորիմաստ հիմարությունների ընկալման և ճանաչման մասին» գրքի համար:

Գրականության ոլորտում մրցանակ է ստացել շվեդ Ֆրեդրի Շյոբերգը եռահատոր կենսագրականի համար, որում նկարագրում է սատկած և կենդանի ճանճեր հավաքելուց ստացած հաճույքը:

Ճապոնացի գիտնականներ Ացուկի Հիգասիյաման և Կոհեի Ադատին ընկալման ոլորտում մրցանակ են ստացել, քանի որ ուսումնասիրել են, թե արդյոք մարդիկ իրերն այլ կերպ են տեսնում, եթե դրանց նայում են ոտքերի արանքից: