Ինչ է քարոզում այս նողկալի պաստառը

  • Հասարակություն - 22 Սեպտեմբերի 2016, 13:08
Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը ցնցել է հանրությանը: Գյումրիի ավագանու ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդեւան Գրիգորյանի որդու դին հայտնաբերվել է հրազենային վնասվածքով: Իրավապահները քրեական գործը հարուցել են ինքնասպանության հիմքով:

ԶԼՄ-ներում տարբեր վարկածներ են շրջանառվում, որոնցից մեկով էլ այս միջադեպը կապվում է նախընտրական պայքարի հետ: Բանն այն է, որ Գյումրիում կախվել է մի պաստառ՝ «Հաջողության բանաձեւը» գրությամբ, որում, ըստ ԶԼՄ-ների, ակնարկվում է ԲՀԿ թեկնածուի անցյալը: Նշվում է, որ այս հողի վրա վեճ է եղել նրա որդու եւ ՀՀԿ-ական թեկնածուի կողմնակիցների միջեւ, եւ դա էլ կարող էր ողբերգության պատճառ լինել:

Իրավապահները համառորեն առաջ են մղում ինքնասպանության վարկածը, գրեթե ուղղորդում հետաքննությունը, բացառելով քաղաքական ենթատեքստը, իսկ իրավապահների հանդեպ վաղուց վստահություն չկա:

Պաստառը կախել են ՀՀԿ թեկնածու, գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմնակիցները: Սամվել Բալասանյանի նախկին խորհրդական Սահակ Սահրադյանը, ով աջակցում է Բալասանյանին, հարցազրույց է տվել ու խոստովանել, որ պաստառն իրենք են կախել։

«Պաստառի գովազդի նշանակությունը չեմ կարող պարզաբանել՝ քաղաքական մեկնաբանություն տալ նշանակում է նորից մտնել քարոզարշավի մեջ, ինչն այս պարագայում անբարոյականություն կլինի», ասել է նա։

Փաստորեն, նա անուղղակի խոստովանել է, որ այդ պաստառն ուղղված է ԲՀԿ թեկնածուի դեմ: Հետաքրքիր է, դա անբարոյականությո՞ւն չէ:

Եթե նույնիսկ այդ պաստառը քաղաքական-նախընտրական նշանակություն էլ չուներ, ապա նույնպես գործ ունենք բարոյական խնդիրների հետ: Պաստառի վրա բացակայում է որեւէ խաղատան կամ նման հաստատության անվանումը, ինչը նշանակում է, որ դա գովազդ չէ: Այդ դեպքում ստացվում է, որ գյումրեցիներին քարոզվում է, թե այս կյանքում որն է հաջողության բանաձեւը: Այն էլ մի քաղաքում, որը չնայած իր ներկայիս ողբալի վիճակին, շարունակում է հանճարներ ծնել՝ արվեստի, սպորտի, այլ բնագավառներում: Մի՞թե սա անբարոյականություն չէ սեփական քաղաքի ու նրա բնակիչների հանդեպ:

Թեեւ, ներկայում իշխող համակարգը մարդկանց այլ բանաձեւ չի էլ թողել, եւ նրա միակ ասելիքը ժողովրդին դա է: