Մեկանգամյա ծես՝ փողի, թասիբի, վախի ազդեցությամբ

    • Հասարակություն - 19 Սեպտեմբերի 2016, 20:00
Մեզ պետք են ազատ անհատներ

Սեպտեմբերի 18-ին Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին: Ինչպես նախորդ ընտրություններում, այս անգամ ևս կիրառվեցին ընտրախախտոմների ու կեղծիքների ավանդագան միջոցները՝ կարուսել, ընտրակաշառք, վախի մթնոլորտ և այլն: Գյուղերից մեկում, ականատես լինելով ընտրական գործընթացին, ինձ հերթական անգամ զարմացրեց մի հանգամանք, որն ամենևին նոր բան չէր՝ ՑԵՂԸ: Գյուղերում, եթե դու մեծ ցեղ կամ գերդաստան ունես, ապա կտրուկ ավելանում են ընտրվելուդ շանսերը:

Իհարկե, մեծ ցեղը դեռ բավարար չէ հաղթելու համար, բայց կարևոր է: Քո ցեղը հիմնականում կընտրի քեզ, մրցակցիդ ցեղը՝ իրեն: Եթե ցեղիդ անդամները քեզ թողած՝ ընտրեն մրցակից թեկնածուին, ապա հավերժ կգամվեն անարգանքի սյունին: Իսկ եթե քո գերդաստանը փոքր է՝ ուրեմն բանդ բուրդ է:

Գյուղերում ընտրությունները հիմնականում ընթանում են այս ցեղային տրամաբանությամբ: Գումարած՝ հաղթելու համար անհրաժեշտ մյուս գործոնները՝ փող, վարչական լծակ և այլ ճնշման միջոցներ: Սա ամենևին չի նշանակում, որ հնարավոր չէ արդար հաղթանակ տանել գյուղերում: Պարզապես բարդ է: Փոքրիկ տեղերում, որտեղ բոլորն իրար ճանաչում են, բոլորն իրար բարեկամ են, ազատ ընտրազանգված գրեթե չկա: Իսկ ժողովրդավարության համար հարկավոր է ազատ ընտրազանգված, մարդիկ, որոնց կարելի է ասել նոր բան և շնորհիվ ասելիքի՝ հաղթել: Բայց երբ արյունակցական կապերն ու նյութական միջոցները գերակայում են ասելիքին, ժողովրդավարությունը արգելակվում է:

Ժողովրդավարության տեսությունների մեջ կա կարծիք, որ փոքր բնակչությամբ երկրներում դեմոկրատիան չի կայանում: Հատկապես՝ համայնքային և ավանդական հասարակություններում: Ընտանեկան-արյունակցական կապերն այնքան մոտ են և ամուր, որ գերակայում են սոցիալ-քաղաքական հայացքների նկատմամբ: Եթե դու չես ընտրում հորեղբորդ որդուն, այլ ընտրում ես օտար մեկին, համայնքը քեզ չի ների: Թասիբն ավելին արժե, քան լավ ծրագիրը: Այստեղ ընտրությունը փակ-գաղտնի չէ, այլ բաց-ընտանեկան: Եթե թաքցնելու բան ունես, ուրեմն մեզ չես ընտրել: Համայնքից թաքցնելու բան չկա:

Որքան մեծանում է անհատի ազատությունը, այնքան ավելանում է ժողովրդավարության հնարավորությունը: Բոլոր ժողովրդավարական երկրները կայացել են անհատի ազատ կամարտահայտման հիմքի վրա: Եթե չկա ազատ անհատ, չկա ազատ ընտրություն: Իսկ համայնքը ճնշում է անհատականությունը և առաջին տեղ մղում թասիբն ու գերդաստանի պատիվը: Թասիբը և ընտրակաշառքը ընտրության վրա ազդող հավասարապես բացասական գործոններ են:

Ժողովրդավարական ընտրություններում շարժառիթներն ու ակնկալիքները խարսխվում են լավ և հաշվետվողական կառավարման վրա, ցեղային ընտրություններում լավ կառավարումն ունի նեղ անձնային իմաստ, իսկ հաշվետվողականության մասին խոսք լինել չի կարող: Սա հանգեցնում է ընտրության գաղափարի խեղաթյուրմանը, և մարդը դառնում է ոչ թե ընտրող, այլ պարզապես քվեարկող, ով մի քանի տարին մեկ քվեախցիկում կատարում է իր մեկանգամյա ծեսը՝ փողի, թասիբի, վախի կամ մեկ այլ գործոնի ազդեցությամբ:

Այս իրավիճակը շահեկան է իշխանությունների համար, ովքեր կարող են տարբեր միջոցներով բավարարել ընտրողների կարճաժամկետ շարժառիթները և հասնել ցանկալի արդյունքի: Սրա հականիշը քաղաքացիական գիտակցությամբ անհատն է, ում շարժառիթների վրա դժվար է ազդել և ով պատրաստ է կատարել ազատ ընտրություն:  Ուստի, մեզ հարկավոր է ստեղծել ազատ անհատների հասարակություն, ովքեր կկարողանան կատարել ընտրություն և ստանձնել իշխանություն ձևավորելու պատասխանատվությունը: