«Կախարդական փայտիկներ» Հայաստանը կարգի բերելու համար

  • Հասարակություն - 19 Սեպտեմբերի 2016, 17:54
Վերջերս Հայաստանի նոր վարչապետն ասել է, որ կախարդական փայտիկ չունի կյանքի բարելավման համար: Չգիտես ինչու՝ շատերն այս խորապես սխալ արտահայտությունն ընկալում են որպես ճշմարտություն:

Մինչդեռ, կախարդական փայտիկներ կան: Ավելին, դրանք շատ են եւ տարբեր ձեւաչափերի:

Օրինակ, այդպիսի մեծ «փայտիկներից» մեկը (մեծ ձեւաչափի) մասնավորեցման վերանայումն է, որը թույլ կտա հսկայական միջոցներ ստանալ Հայաստանի վերազինման համար: Պարզապես պետք է վերադարձնել գողացված ազգային բարիքները:

Մեկ այլ «փայտիկ» է (մեծ ձեւաչափի) օրենսդրորեն պարտադրանքը, որ գողացված միջոցներն օգտագործվեն երկրի ամենակարեւոր խնդիրների լուծման համար:

Երրորդ «փայտիկը» (նույնպես մեծ ձեւաչափի) ժողովրդի վերակազմակերպումն է «Համահայկական հայեցակարգի» ոգով, որը թույլ կտա ժողովրդին կուշտ, ինքնաբավ ու զարգացող լինել անգամ ամենաապակառուցողական իշխանության պայմաններում: Մանրամասները՝ տես http://www.lragir.am/index/rus/0/society/view/48706

Այժմ ծրագրի մասին, փոքր ձեւաչափի «փայտիկի» մասին:

Ժողովրդին անհրաժեշտ է.

1. Օֆշորներում գողացվածի վերադարձ

2. Ընդերքի ազգայնացում

3. Ընդերքի շահագործման համար ազգային արդյունաբերության ստեղծում:

Եթե ընդերքի գոնե մեկ հարյուրերորդական մասը հատկացվի հայ գիտնականներին ու բաժնետիրական ընկերություններին դրանցից առասպելական թանկ հազվադեպ հանդիպող տարրեր ստանալու համար, ապա կարելի է վստահ լինել, որ դա ոչ միայն կծածկի շատ ոլորտների ծախսեր (գիտություն, մշակույթ եւ այլն), այլ նաեւ կնպաստի միջին խավի ստեղծմանը եւ զգալիորեն կլցնի երկրի բյուջեն:

4. Զենքի մշակման եւ արտադրության ազգային արդյունաբերության ստեղծում (ռազմարդյունաբերական համալիր):

5. Դեղամիջոցների արտադրության ազգային արդյունաբերության ստեղծում եւ պակասող դեղամիջոցների գնում Չինաստանից, որտեղ դեղերը տասն անգամ ավելի էժան են եւ պետական խիստ թեստավորում են անցնում:

Ահա թե որտեղ պետք է վերացվի մենաշնորհը: Մեզանում սովորական ժողովուրդը գործնականում չի բուժվում: Չինական դեղերի գնումն անմիջապես կլուծի այդ հարցը: Դրա համար պետք է սահմանափակել որոշ օլիգարխների ախորժակը, որոնք դեղերից գերշահույթ են ստանում:

6. Շատ կարեւոր է հաջորդը: Անհրաժեշտ է վերակառուցել գիտության եւ կրթության այսօրվա հանցավոր համակարգը:

Դրա համար, առաջին հերթին, պետք է անհապաղ լուծարել այնպիսի մենաշնորհային ու խարդախ կառույցներ, ինչպիսիք են Ակադեմիայի նախագահությունը, Գիտության կոմիտեն, որոնք հատուկ ճիշտ համակարգ չեն հաստատում, որպեսզի պղտոր ջրում ձուկ որսան: Ճիշտ համակարգը նկարագրված է http://ankakh.com/article/45740/:

7. Տնտեսական բարեփոխումները չեն աշխատի, եթե բարոյահոգեբանական առումով նոր կարգեր չհաստատվեն:

Ինչ ենք տեսնում: Կյանքում ոչ մի լավ բան չարած մարդիկ պաշտոններ են զբաղեցնում, դառնում պատգամավորներ, թիկնապահներ պահում, ի ցույց դնում հարստությունը եւ ամենաթողությունը: Իշխանության հետ կապված մարդիկ վիճակախաղով, խաղատներով, գիշերային բարերով, բոլոր խելամիտ սահմաններն անցնող գովազդով գումար են աշխատում: Սա այլանդակություն է համարվում ամենուր: Իսկ փաստացի ռազմական դրության մեջ գտնվող երկրում, որտեղ երիտասարդ զինվորները երկիրը պաշտպանում են իրենց կյանքի գնով, սա հանցագործություն է:

Նշվածն անհրաժեշտ փոփոխությունների միայն մի մասն է: Տեսնենք, արդյոք նշվածներից որեւէ բան կներառվի իշխանությունների «նոր տնտեսական քաղաքականությունում»: Տեսնենք նոր վարչապետը կզբաղվի՞ նշված կետերից գոնե մի քանիսով: Եթե այո, հաջողություն իրեն: Իսկ եթե ոչ…

ԳՐԻԳՈՐ ԲԱՐՍԵՂՅԱՆ