Քիմ Քարդաշյանը New York Times-ում պատասխանել է Հայոց ցեղասպանությունը ժխտողներին

  • Հասարակություն - 19 Սեպտեմբերի 2016, 11:27
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը New York Times-ում հոդված է գրել՝ պատասխանելով Wall Street Journal-ում տպագրված հոդվածին, որում ժխտվում է Հայոց ցեղասպանությունը: Նրա հոդվածը վերնագրված է «Ցեղասպանության ժխտումն անթույլատրելի է»:

Քարդաշյանը գրում է, որ «ստերը լավ վերնագրեր են դառնում, լավ վերնագրերը՝ լավ կազմեր, լավ կազմերը՝ լավ վաճառքներ: Սակայն երբ իմացա Wall Street Journal-ում Հայոց ցեղասպանությունը ժխտող մի ամբողջ էջ վճարված նյութի մասին, չէի կարող անտեսել»:

Քարդաշյանը գրում է, որ եթե Թուրքիան պատասխանատվության ենթարկվեր Հայոց ցեղասպանության համար, հնարավոր է, Հոլոքոսթը տեղի չունենար: Քարդաշյանը հիշեցնում է Հիտլերի խոսքը Լեհաստան ներխուժելուց առաջ՝ «ո՞վ է հիշում հայերի բնաջնջումը»: «Մենք պետք է խոսենք դրա մասին, քանի դեռ մեր կառավարությունը չի ճանաչել, որովհետև երբ ժխտում ենք մեր անցյալը, վտանգի ենք ենթարկում մեր ապագան»: