Անակնկալ խնդիր Հովիկ Աբրահամյանի համար

    • Հասարակություն - 17 Սեպտեմբերի 2016, 19:01
Միջամտություն հարավից. Գալուստ Սահակյանը մի բան գիտեր

Հիդրոմետ ծառայության պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որ հարավից Հայաստանին է մոտենում տաք հոսանք, ինչի շնորհիվ սեպտեմբերի 18-20-ը ջերմաստիճանը կբարձրանա, իսկ վերջին մի քանի օրերին արձանագրվող տեղումները կդադարեն:

Դա իհարկե լավ տեղեկություն է, հատկապես Հայաստանի անկախության 25-ամյակի տոնակատարությանն ընդառաջ: Եթե սեպտեմբերի 21-ին լինի ջերմ ու առանց տեղումների եղանակ, ապա դա անկասկած էլ ավելի կբարձրացնի տոնական տրամադրությունն ու կջերմացնի մթնոլորտը:

Հարավից տաք հոսանքը սակայն ուշադրություն է գրավում ոչ միայն անկախության տարեդարձի տոնակատարության, այլ նաեւ Հայաստանում ներքաղաքական եղանակի փոփոխության ֆոնին:

Հատկանշական է, որ եղանակի փոփոխությունը Հայաստանում զուգորդվեց ներքաղաքական կամ ներիշխանական եղանակի կտրուկ փոփոխությանը, վարչապետի հրաժարականին, նոր վարչապետի նշանակմանը:

Ընդ որում, այդ ընդհանուր խորհրդանշական զուգորդումից բացի, կան նաեւ ուշագրավ խորհրդանշական նրբերանգներ: Օրինակ, Հայաստանի նոր վարչապետը Գազպրոմի համակարգից է: Այդ ֆոնին, նոր վարչապետի նշանակմանը զուգահեռ, Հայաստանում տեղի ունեցավ օդի ջերմաստիճանի կտրուկ անկում եւ սկսվեցին տեղումներ: Իսկ ինչպես հայտնի է, որքան ցածր է ջերմաստիճանը, այդքան բարձր են Գազպրոմի եկամուտները Հայաստանում:

Դա իհարկե կատակ է, սակայն խորհրդանշականությունն իսկապես հետաքրքիր է, հատկապես շարունակության տեսքով:

Մասնավորապես, օրերս պարզվեց, որ արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նեղացել եւ հեռացել է Դուբայ: Դրան զուգահեռ, լրագրողներին պատասխանելով հյուսիսից եկած վարչապետի մասով, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, որը թվում է թե Հայաստանի իշխող համակարգում եղանակից էլ հին եւ իմաստուն մարդ է, ասել էր, թե մի օր էլ հարավից կգա վարչապետ:

Վարչապետ չէ, բայց հարավից գալիս է տաք հոսանք, որը կջերմացնի եղանակն ու կդադարեցնի տեղումները Հայաստանում: Իհարկե, առաջին անգամը չէ, որ Հայաստան հարավից տաք հոսանք է գալիս: Բայց, այդուհանդերձ, շարունակելով զուգորդումը ներքաղաքական եղանակային փոփոխությունների հետ, հետաքրքիր է արձանագրել, որ տաք հոսանք գալիս է այնտեղից, ուր նեղացել ու հեռացել է Հովիկ Աբրահամյանը: Ով գիտե, միգուցե Հովիկ Աբրահամյանը Դուբայում լուծել է հենց Հայաստանի համար տաք հոսանքի հարցը, դրանով ցույց տալով, որ իշխանությունից նեղացել է, սակայն չի նեղացել Հայաստանից, չի նեղացել ժողովրդից:

Մյուս կողմից, հաշվի առնելով այն ահռելի ծավալները, որ ունի Հովիկ Աբրահամյանի մոնումենտալ առանձնատունը, ակնհայտ է նրա անձնական շահագրգռությունը եղանակի ինչքան հնարավոր է երկար տաք լինելու հարցում, որովհետեւ այդ հսկա առանձնատունը տաքացնելու համար կպահանջվի ահագին գազ կամ էլեկտրաէներգիա, իսկ դրանք Հայաստանում թանկ են:

Եվ քանի որ Աբրահամյանն այլեւս գործազուրկ է, վարչապետ չէ, դա կարող է իր դերն ունենալ ընտանեկան բյուջեի պլանավորման հարցում: Իհարկե, նոր վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ սոցիալապես անապահով խավերի համար պետք է նվազեցնել գազի եւ էլեկտրաէներգիայի գինը, այդուհանդերձ էներգետիկայի նախարար Յոլյանը ասել է, որ դեռ կյանքը պետք է ցույց տա, թե ինչի կամ ում հաշվին:

Այնպես որ, չի բացառվում, որ դա տեղի ունենա նախկին պաշտոնյաների հաշվին, նկատի ունենալով մամուլի այն հրապարակումները, որ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց պաշտոնավարման ընթացքում չեն վճարում կամ քիչ են վճարում գազի եւ լույսի համար, եւ միայն պաշտոնաթողությունից հետո են ի հայտ գալիս պարտքերը:

Այնպես որ, Հայաստանում տաք եղանակն անհրաժեշտ եւ ոգեւորիչ է ոչ միայն շարքային քաղաքացիների, այլ նաեւ այն պաշտոնյաների համար, որոնց համար արձանագրվում է ներիշխանական եղանակի կտրուկ անկում:

Այդ ամենն իհարկե կատակ է: Իհարկե, հասկանալի է, որ չի կարող որեւէ պաշտոնյա եղանակային տաք կամ սառը հոսանք ապահովել որեւէ երկրի համար, որքան էլ սիրի կամ չսիրի երկիրն ու ժողովրդին: Առավել եւս, որ պարզ չէ, թե հատկապես որտեղից է գալիս եղանակային տաք հոսանքը: Հասկանալի է նաեւ, որ ներիշխանական եղանակի փոփոխությունը որեւէ կապ չունի օդի ջերմաստիճանի հետ:

Եվ գուցե դա լավ է, որ գոնե դրա հետ ներքաղաքական եղանակը կապ չունի, այլապես գլոբալ տաքացումը կարող էր խաղալիք լինել կլիմայի վրա Հայաստանի իշխող համակարգի թողած ազդեցության համեմատ: