Կրկին ռուսական դրոշ Հայաստանի անկախության շքերթին

    • Հասարակություն - 16 Սեպտեմբերի 2016, 19:39
Լուսանկարը շքերթի այսօրվա փորձից
Լուսանկարը շքերթի այսօրվա փորձից
Հայաստանի զինուժը պատրաստվում է սեպտեմբերի 21-ի տոնական շքերթին, որ տեղի է ունենալու անկախության 25-րդ տարեդարձի առիթով: Դրա համար երեւանցիներn արդեն մի քանի օր է, եւ հատկապես սեպտեմբերի 16-ին ստիպված էին բավական անհարմարություն կրել, քանի որ շքերթի փորձի համար փակվել էին Երեւանի կենտրոնական մի շարք փողոցներ, հասկանալիորեն խցանում առաջացնելով մյուս հատվածներում, դառնալով շատերի աշխատանքային ժամանակացույցի, պայմանավորվածությունների խափանման պատճառ:

Բայց, նկատելի է, որ մայրաքաղաքի բնակիչները այդ անհարմարությունները կրեցին լռելյայն, առանց ավելորդ դժգոհության եւ տրնտջոցի, լավ իմանալով, որ անհարմարությունը հայկական զինված ուժերի՝ հայկական նորանկախ պետականության` իր թերություններով ու խնդիրներով հանդերձ, այդուամենայնիվ ամենակայացած կառույցի, Հայաստանի անվտանգության երաշխավորի համար է, որը անկախության տարեդարձի առիթով կանցնի հանրապետության հրապարակով, ի ցույց դնելով մեր պետականության երեւի թե եզակի լիարժեք ու վաստակած հպարտության առարկան:

Ռազմական շքերթն առանձնահատուկ նշանակություն է ստանում հատկապես ապրիլի պատերազմից հետո, երբ հայկական զինուժը, հետ մղելով ադրբեջանական ագրեսիան, կարողացավ պահպանել արցախյան հաղթանակը, Հայաստանի ու Արցախի անվտանգությունն ու արժանապատվությունը՝ 100-ից ավելի հերոս զինվորների ծանր կորստի, բազմաթիվ վիրավորների գնով, ցուցաբերելով խիզախության հաճախ աներեւակայելի օրինակներ: Եվ դա այն դեպքում, երբ ապրիլին պարզվեց, որ հայկական զինուժը քառորդ դարի ընթացքում խոշոր հաշվով կողոպտվել է, զրկված է եղել նյութատեխնիկական եւ սպառազինության լիարժեքությունից, ինչն ապահովելը միանգամայն հնարավոր էր Հայաստանի հանրապետության ռեսուրսի շնորհիվ:

Հայաստանի անարդյունավետ, կոռումպացված կառավարման համակարգի, նաեւ այդ համակարգի անարդյունավետ արտաքին քաղաքականության, դիվանագիտության հետեւանքով հակառակորդի դեմ անհավասար պայմաններում մնացած հայ զինվորը, սպան, կամավորականը կարողացան իրենց հերոսությամբ եւ նվիրվածությամբ պահել պետությունը: Եվ սեպտեմբերի 21-ին նրանք իհարկե իրավունք ունեն անցնել Հանրապետության գլխավոր հրապարակով, որի ընթացքում այնտեղ շքերթն ընդունող ռազմա-քաղաքական էլիտան երեւի թե պետք է գլուխ խոնարհի զինված ուժերի առաջ, բայց ոչ թե ի նշան երախտագիտության, այլ ամոթի՝ որ տարիներ շարունակ թույլ են տվել այդ զինուժի հնարավորությունների կողոպտում:

Միաժամանակ, գլուխ պետք է կախեն այն բանի համար, որ քաղաքական-դիվանագիտական անհամարժեքության եւ անկենսունակության հետեւաքնով թույլ են տվել, որ զինուժի վրա ընկնի անհավասար պատերազմի անխուսափելի բեռը: Պատերազմ, որը սնուցվել է Հայաստանի իբր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ակնառու ջանքով, Ադրբեջանին ցուցաբերված ռազմա-տեխնիկական եւ քաղաքական ահռելի աջակցությամբ, Կազանի պլանով, եւ Հայաստանին մատակարարվելիք 200 միլիոն դոլարի սպառազինության չիրականացված մատակարարումով:

Եվ այդ հանգամանքը ռազմական շքերթի պարագայում իհարկե ունի մեկ այլ ուշագրավ կողմ: Հայաստանը վերջին անգամ ռազմական շքերթ է անցկացրել 2011 թվականին, երբ նշվում էր անկախության քսանամյակը: Եվ այդ շքերթում մեծ աղմուկ առաջացրեց այն, որ Հայաստանի անկախության տոնին հայկական զինուժի հետ, հայկական եռագույնի կողքին Հանրապետության հրապարակով անցնում էր նաեւ ռուսական դրոշը: Այդ հանգամանքն արժանացավ բազմաթիվ քաղաքացիների քննադատությանը:

Եվ ներկայում, անկախության 25-ամյակի ռազմական շքերթին, Հանրապետության հրապարակով կրկին անցնելու է ռուսական դրոշը: Հայկական զինուժի փորձին մասնակցում է ռուսական ստորաբաժանում:

Հայկական ռազմա-քաղաքական «էլիտան» նույնիսկ ապրիլի պատերազմից, այդ պատերազմի ընթացքում Ռուսաստանի պահվածքից հետո Հանրապետության հրապարակով անցկացնելու է ռուսական դրոշը: Այն երկրի դրոշը, որի տրամադրած սպառազինությամբ Ադրեջանը սպանում էր Արցախի մանուկների եւ հայկական զինուժի մարտիկներին:

Այն, որ Հայաստանը ինչ-ինչ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքների բերումով ստիպված է սերտ ռազմական գործակցության մեջ լինել Ռուսաստանի հետ, դրա հետեւանքով զրկվելով նաեւ անվտանգության այլընտրանքների լիարժեք զարգացումից, կարող է առնվազն կարճաժամկետ հեռանկարում եթե չընդունվել, ապա ընկալվել:

Բայց ապրիլի պատերազմի ընթացքում եւ դրանից հետո ՌԴ պահվածքի պարագայում որեւէ կերպ չի կարող ընդունվել ու ընկալվել Հայաստանի անկախության 25-ամյակի տոնակատարության ռազմական շքերթին 20-ամյակի շքերթի կրկնությունը՝ ռուսական դրոշի առկայությունը Հայաստանի անվտանգության երաշխավոր հայկական բանակի հպարտ անցման ընթացքում:

Դա անհարգալից վերաբերմունք է հայկական զինուժի, Հայաստանի Հանրապետության պետականության, ապրիլի պատերազմի 102 զոհերի, Մարտունու դպրոցի բակում սպանված աշակերտի հիշատակի հանդեպ: Չի կարող լինել եռագույն դրոշից բացի որեւէ այլ դրոշի առկայության որեւէ բացատրություն, առավել եւս Ռուսաստանի, որը ապրիլին գործնականում բացահայտորեն արհամարհել է Հայաստանի Հանրապետությանը: