Ինչ է կորցրել Սերժ Սարգսյանը Ռիո դե Ժանեյրոյում

    • Հասարակություն - 14 Օգոստոսի 2016, 11:23
Սերժ Սարգսյանի այցը Բրազիլիա պաշտոնական է։ Նա հանդիպել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Նախագահի պաշտոնակատար Միշել Տեմերի հետ: Միշել Տեմերը պաշտոնակատար է, քանի որ Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի հանդեպ անվստահություն հայտնելու գործընթաց է տեղի ունենում։

Ըստ president.am կայքի, «Հայ-բրազիլական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով ստորագրվել են երկրների միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես ստորագրվել են` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև կրթության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության գյուղատնտեսության, անասնաբուծության և մատակարարման նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության միջև քաղաքական խորհրդակցությունների վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր, «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության Ռիո Բրանկո ինստիտուտի միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր»:

Տպավորիչ ցանկ է, չէ՞, առնվազն, երկար՝ էլ պայմանագրեր, էլ փոխըմբռնման հուշագրեր։ Ու ի՜նչ զարմանահրաշ համընկնում՝ էս փաստաթղթերը ստորագրվում են Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի օրերին։ Կամ… կարելի է կռահել, եթե լրիվ չէր համընկելու, ԱԳՆ-ը մի քիչ հարմարեցրել է. նախագահն էլ է մարդ, ոչինչ, թող օլիմպիական խաղերի ժամանակ գնա։

Բայց դա «ոչինչ» է դիվանագիտությունից հեռու մարդկանց համար։ Մի նախկին հայ դիվանագետ, որի նյարդերը ԱԳՆ-ում դիմացել են մինչև Էդվարդ Նալբանդյանի պաշտոնավարումը, ինձ ինչ-որ առիթով բացատրել է որոշ նրբություններ։

Մեր դիվանագետները տարիներ շարունակ բանակցում են ուրիշ երկրների հետ, որպեսզի Հայաստանի համար շահեկան փաստաթղթեր նախապատրաստեն։ Դա հեշտ գործ չէ. աշխարհի շատ պետությունների դիվանագիտական փորձն անհամեմատ մեծ է։

Եվ ահա, երբ բան չի մնացել, որ «առևտուրը» մեր օգտին եզրափակվի, մի տհաս վարչապետի կամ իր պաշտոնի պատասխանատվությունը չգիտակցող նախագահի սիրտը տաք երկիր է ուզում, համաշխարհային տոն։ Դա ի չիք է դարձնում բոլոր ջանքերը, մեր դիվանագետները ստիպված են լինում արագ ընդունել մյուս կողմի պայմանները՝ զիջելով դժվարությամբ կորզած առավելությունները…

Օլիմպիական խաղեր են. ո՞վ չէր ուզենա էս օրերին Բրազիլիայում լինել։ Հիշում եք Օստապ Բենդերի Ռիո դե Ժանեյրոն՝ նույնիսկ Շուրա Բալագանովին արգելեց «կեղտոտ ձեռքերով» դիպչել իր երազանքին։ Բայց պետության ղեկավարը Բենդերի նման սահմանը խախտելու պետք չունի, կարող է որպես հյուր գնալ, անձնական միջոցներով. եթե ձեռքը քարի տակ է, թող վարկ վերցնի կամ ազգուտակին խնդրի, որ օգնեն։ (Ինչպես Իսլանդիայի վարչապետն էր եկել Ֆրանսիա ու ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը նայում էր մարզադաշտում հայրենակիցների կողքը նստած)։

Գուցե ՀՀ նախագահի պաշտոնական այցը անձնական հաճույքներին հարմարեցնելը մանրուք թվա էն ամբողջ ալան-թալանի կողքին, որը մենք բարեկրթորեն կոռուպցիա ենք կոչում։ Բայց բռնապետությունը առաջանում ու ամրապնդվում է, երբ մարդիկ վարժվում են իշխանավորների քմահաճույքներին։

Ի վերջո, սա Ռիո դե Ժանեյրոն չէ, որտեղ ընտրյալ նախագահին դատում են՝ կոռուպցիայի մեղադրանքով։ 

Ամենաընթերցվածը