Ամենամեծ հանելուկը Սերժ Սարգսյանի համար

    • Հասարակություն - 31 Հուլիսի 2016, 11:44
Մարդակերպ արարածներ, ոստիկանական կամ քաղաքացիական հագուստով, որ գարշելի հայհոյանքներով հարձակվում են խաղաղ ցուցարարների վրա, ծեծում են ձեռքն ընկած լրագրողներին, սփյուռքահայի արտասանությունը ճանաչելով՝ գոռում են՝ քու ախպար մերը ք…., մահակը գլխին իջեցնելուց առաջ, լուսաժխորային նռնակ են գցում բնակելի տան մեջ… Քաղաքացիական հագուստով արնախումներն էնքան շատ են, որ սպայական ուսադիրներով մի ոստիկան ինչ-որ պահի բղավում է՝ արա´, հերիք ա, արդեն իրար եք խփում։

Սա իմ աչքով տեսածն է, Սարի թաղում։

Իսկ էն ամենից, ինչ որ մեդիայից ու համացանցից կարելի է իմանալ, ամենաշատը վրաս ազդեց բանաստեղծ Աննա Դավթյանի «ֆեյսբուքյան» գրառումը. Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ Գայլի մորը զրկել են թոշակից։ Արայիկն ունի 5 երեխա։ Դատելով ընտանիքի մեզ ծանոթ անդամներից՝ մեկը հարյուր թշնամու դեմ կռվող ապագա զինվորների տեսակ։ Որի հացը կտրողներն իրենց մի՝ կաշառք տալու շնորhքով են հասել էդ պաշտոնին։

Իսկ էլ ինչի՞ է ընդունակ վարչախումբը, որ մարդկանց սարսափեցնի։ Երևի դեռ ուրիշ բաներ էլ կգտնեն. ստորությունների մրցավազքը, թե շեֆերը ենթականերին ու ենթակաները շեֆերին ինչ նոր անմարդկային քայլեր կառաջարկեն, ըստ բոլոր նշանների, շարունակվելու է։

Բայց ո՞նց են լուծելու Սերժ Սարգսյանն ու վարչախումբը էս հանելուկը՝ արդյունքը հակառակն է։ Ցուցարարների թիվը չի պակասում, չնայած նրան, որ ամբողջ Հայաստանը պատանդ է իրենց ձեռքը. մի մասը պետական հաստատություններում են աշխատում, մյուսները հարկային-մաքսային ահաբեկության ոլորտում են, երրորդները օրվա հացի հոգսից գլուխ չեն բարձրացնում։

Բացատրությունը մեկն է՝ բռնության ու ստորացումների նոր ալիքը ոտքի է հանում մի նոր խավի, որը հազար ու մի պատճառ ունեին խելոք-սուսուփուս տանը նստելու, որը քաղաքականությունից հեռու է եղել, բայց հիմա ինքնահրկիզվում է, վտանգում է ամեն ինչ՝ չլսելով ոչ մի հորդոր, «դավաճանելով» տնեցիներին, ինչպես հայտարարեց ելույթ ունեցողներից մեկը, որովհետև Սերժ Սարգսյանին համարում է թշնամի։

Նոր զայրույթին միանում են մարդիկ, ովքեր վարչախմբի ջերմոցից են։

Ահա Գարիկ Պապոյանի «ֆեյսբուքյան» գրառումը. «ես ոչ մեկի ամբիոնից հնչող քաղաքական հայացքների ու կոչերի համար փողոց դուրս չեմ գա, բայց երբ խաղաղ բնակիչներին տան մեջ մտնում ու ահաբեկում են նենց որ երեխաների լեզուն վախից պապանձվում ա, երբ հանում են 16 տարեկան տղու աչքը, ով զինվոր էր դառնալու, որ թշնամու աչքը հաներ, ես չեմ կարա դուրս չգամ... չէ որ պարզվում ա, որ եթե ես դուրս չգամ՝ իրանք կգան ներս»...

12 հազար հոգի հավանել նրա խոսքը, 1200-ը տարածել են։

Իսկ վերջին «Եվրատեսիլի» հայ ունկնդիրների կողմից սիրված աստղ Իվետա Մուկուչյանն էլ Հայաստանում կատարվող դեպքերը համարում է «մեր» ու «դրանց»՝ օտարների, թշնամիների պայքար, որտեղ «մեր» հաղթանակն անխուսափելի է։

2,9 հազարը հավանել է, 240-ը տարածել։

Անվերջ կարելի է գրել էս զարմանալի օրերի մասին, բայց վերջացնեմ նոթս մեր պատմության մի զարմանալի զուգահեռով.

«Արմինիա կուսակալություն… Հայաստանը կիսանկախ վիճակում է։ Հայ ժողովուրդը համառորեն պայքարում է հանուն իր լեզվի, մշակույթի և ազգային ինքնուրույնության։ Հետո սասունցիներն ապստամբեցին ու ոստիկան սպանեցին։ Ապստամբությունը ճնշելու համար Հայաստան ուղարկվեց ծագումով թուրք, նախկինում ստրուկ Բուղա զորավարը»,- IX դարի իրադարձությունները ներկայացնում է «Վիքիպեդիան»։

Հետագայի մասին հայտնի է, որ Բուղա ոստիկանը շատ արյուն թափեց, բազմաթիվ հայերի խոշտանգեց ու առևանգեց։ Բայց ամիրապետը պարգևատրելու փոխարեն սատկացնել տվեց նրան հարեմացու ինչ-որ կնոջ պատճառով։ Իսկ Հայաստանը, միևնույն է, շուտով ազատագրվեց։

Ամենաընթերցվածը