Ե՞րբ է Մոսկվան ներողություն խնդրելու Գարեգին Նժդեհի մահվան համար

    • Հասարակություն - 12 Հունիսի 2016, 13:55
Մի քանի օր պետք եղավ, որ երկու տասնամյակ թունդ «նժդեհական» ձևացող հհկ-ականները, որոնք իրենց պարտադրել են Հայաստանին որպես իշխող կուսակցություն, սկսեին արդարացնել ազգային հերոսին Կրեմլի առաջ։

Արձագանքելով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե «Ռուսաստանը զարմացած է Երևանում Վերմախտին առնչություն ունեցող Նժդեհի արձանի տեղադրմամբ», ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, որն ի դեպ 2006 թվականին պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով, համեմատեց Նժդեհի գործունեությունը «Մոլոտով-Ռիբենտրոպ» համաձայնագրի հետ, որը «բխում էր ԽՍՀՄ-ի և սովետական ժողովրդի շահերից, որպեսզի կանխվեր ֆաշիստական Գերմանիայի հնարավոր հարձակումը»:

Ի՜նչ անարդարություն և պատմության նենգափոխում կրթությամբ պատմաբանի կողմից։ ԽՍՀՄ-ը ֆաշիստական Գերմանիայի հետ պայմանագիր է կնքել, որպեսզի գրավի ինքնիշխան Լեհաստանը, ԽՍՀՄ-ին բռնակցի մերձբալթյան երեք պետություն, ինչպես վկայում է այդ փաստաթղթի գաղտնի հավելվածը։ Գարեգին Նժդեհը Երկրորդ աշխարհամարտին չի կռվել սովետական զորքի դեմ, առավել ևս վնաս չի հասցրել խաղաղ բնակչությանը։

Բայց ասենք թե «հայկական լեգեոնի» հետ նրա առնչությամբ նա մեղք էր գործել։ Ինչպե՞ս են պատժել Նժդեհին և, դիցուք, գերմանացի հայտնի գեներալ Ֆրիդրիխ Պաուլյուսին, որը ղեկավարում էր ֆաշիստական բանակը Ստալինգրադյան ճակատամարտում։ Թեև Ստալինգրադում սովետական կողմից զոհվել է 478 741 հոգի, գերի հանձնված Պաուլյուսը 1946-ից ապրել է մերձմոսկովյան Իլյինսկ քաղաքում, ընդ որում, ամառանոցում, ունեցել է համհարզ, խոհարար, անձնական բժիշկ, և պարբերաբար ստացել է հարազատների ուղարկած նամակներն ու ծանրոցները։ Երբ հիվանդացել է, նրան բուժվելու են ճամփել Յալթա։ Իսկ Ստալինի մահվանից հազիվ 6-7 ամիս անց մեկնել է Բեռլին։

2008-ին Երևանում լույս տեսավ  «Բանտարկեալի մը յուշերը» գիրքը, որի հեղինակ Արմեն Սևանը (Հովհաննես Դևեջյան, 1892-1976) Նժդեհի հետ տարիներ է անցկացրել Վլադիմիրի բանտի (Владимирский централ) թիվ 13 խցում։ Նա ցիտում է Ստալինին գրած Նժդեհի նամակը. «Ես Սիւնիքի մեջ ասպետօրեն վարուեցայ ձեզի հետ, ուստի ձեր կողմէ կը սպասեմ նոյն ասպետական վերաբերումը ինձ հանդեպ» (էջ 74)։ Նժդեհը հիշեցրել է իր վեհանձնությունը 1920-21 թթ. գերի ընկած 11-րդ կարմիր բանակի ռուս զինվորների հանդեպ։

Բայց ի՞նչ ասպետության էր ընդունակ «թիֆլիսցի նեղճակատ կինտոն» (Չարենց).  Նժդեհը կյանքը մաշում է մի խցում, «ուր շատ անգամ քսանէ ավելի բանտարկեալ կը կմնայ, մարդոց արտաշնչումէն եւ անկիւն մը դրված միզամանի գարշահոտութիւնէն անշնչելի մթնոլորտ մը կունենայ» (էջ 83), բայց պատուհանը 10 սմ-ից ավելի լայն չի կարելի բացել։ Որտեղ մի ճապոնացի երիտասարդ «գիշերը իր դրացի հրեային ծախած էր իր պատիւը փոխան կէս քիլո շաքարի եւ քառորդ քիլո իւղի» (էջ 86)։ Որտեղ այնքան հաճախ են մատնիչներ ուղարկում խցեր, որ Նժդեհը սկսում է բոլորի հետ գժտվել՝ «կագ ու կռիւով, ծեծկըտուքով»՝ կասկածելով, թե լրտես են (էջ 94)… Եվ ուր մեծերի կողքին 10 տարվա բանտարկության դատապարտված 11-12 տարեկան երեխաներ կան. «Այս տեսակ մանուկներու թիւը միլիոններու կը հասնի» (էջ 94)։ Որտեղ իր աղքատիկ սննդից Նժդեհը հացի կտորներ է հետ գցում մի տոպրակի մեջ, որպեսզի «ամեն անգամ, որ սենեակը կամ պէտքարանը մաքրելու հերթը ինծի գայ, անոնցմէ մաս մը տամ մայօր Քէյթլին (գերման սպարապետին տղան) եւ ինձ վիճակուած աշխատանքը ան կատարէ» (էջ 115)… «Պետքարանի» վիճակի նկարագրությունը չեմ մեջբերում՝ ընթերցողին խնայելով։

Ուրեմն, ո՞վ ում առաջ պիտի արդարանա։ Սուրբ Գևորգի խաչի (Георгиевский крест) կրկնակի ասպետ (1916) Նժդեհի հայրենի՞քը, որի տասնյակ հազարավոր զավակների նա փրկել է մահից, թե ՍՍՀՄ-ի իրավահաջորդ Ռուսաստանը, որ խորհրդային արդարադատությունը Նժդեհի հանդեպ չի եղել «ասպետական, այլ՝ տմարդի, հնարաւորութիւն չտալով անոր իր ատենին օգտվելու այն ընդհանուր ներումէն՝ որ տրվեցավ Սթալինի սատակումէն յետոյ, եւ որմէ օգտուեցան ռուս ժողովուրդի մեծագոյն թշնամիները՝ որոնց ձգումն էր կործանել սովետական պետութիւնը եւ անոր ժողովուրդը գործածել իբրեւ պարարտանյութ»  (էջ 74)։

Եվ ո՞վ պիտի պատասխան տա այս օրերին ռուսական մեդիայում հայերի հասցեին հնչած մեղադրանքների ու սոցցանցերում տարածված նողկալի վիրավորանքների համար։

Ճիշտ է, հավանական է, որ Զախարովայի արտահայտած դժգոհությունը մի օղակն է միայն հայերի մեջ հակառուսական ալիք հրահրող գործողությունների շղթայի՝ սկսած Պերմյակովի գործած սպանդի շուրջ երեքօրյա լռությունից մինչև ՌԴ վարչապետ ու նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի զառանցանքները՝ ռուս-ադրբեջանական դարավոր բարեկամության մասին։

Դրանց նպատակը մի բան կարող է լինել՝ ՌԴ զարհուրելի միջազգային մեկուսացվածությունը ադրբեջանական շերբեթով մի քանի շաբաթ/ամիս/տարի քաղցրացնելը, ուրեմն, Հայաստանն էլ լուրջ հակաքայլեր պետք է ձեռնարկի հանուն արժանապատիվ ինքնիշխանության։

Ամենաընթերցվածը