«Երեք աստղանի հրեշը» մեղադրյալ չի դարձել

    • Իրավունք - Չորեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2012, 10:50

Սեպտեմբերի 18-ին Արտակ Նազարյանի գործով հերթական դատական նիստում շարունակվեց քննիչ Լևոն Պետրոսյանի հարցաքննությունը: Վերջինս արդեն երրորդ դատական նիստն է, ինչ պատասխանում է տուժող կողմի հարցերին: Տուժողի փաստաբան Մուշեղ Շուշանյանը կրկնեց նախորդ նիստում վաշտի հրամանատար Գագիկ Ուդումյանի` «երեք աստղանի հրեշի» (այդպես էին անվանել զինվորները- Ա.Հ. ), վերաբերյալ հարցը, որն ըստ փաստաբանի դատարանը անօրինական կերպով հանել էր:

Ըստ նախաքննության, Արտակ Նազարյանի մահվան նախորդ օրը վաշտի հրամանատար Գագիկ Ուդումյանի և Ա. Նազարյանի միջև, կապիտան Հակոբ Մանուկյանի հեռախոսով, կայացել էր հեռախոսազրույց: Ուդումյանը վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել Նազարյանի հասցեին, վերջինս պատասխանել էր նրան, դրանից հետո նրանք պիտի հանդիպեին, Ուդումյանը ասել էր, որ պիտի գա եւ «հարցերը լուծի»:

Փաստաբան Շուշանյանը փորձել էր պարզել, թե որն է պատճառը, որ նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել քրեական գործով հինգ ամբաստանյալներին և մեղադրանք չի առաջադրել Գագիկ Ուդումյանին: «Ո՞րն է այն չափանիշը, որ դուք որոշել եք, թե Արտակ Նազարյանը չէր կարող ինքնասպան լինել Գագիկ Ուդումյանի հետ խոսակցության ազդեցության տակ, մանավանդ, որ այդ խոսակցությունը տեղի է ունեցել դեպքի նախորդ օրը»:

Դատավոր Մարդանյանը այս անգամ ևս հարցը հանեց` մեղադրանքի ծավալից շեղվելու պատճառաբանությամբ: «Ամեն անգամ, երբ Գագիկ Ուդումյանի վերաբերյալ հարց է բարձրացվում, դատարանը ամեն կերպ փորձում է մեզ լռեցնել, սա կասկածների տեղիք է տալիս, և մենք կարող ենք համապատասխան հետևություններ անել», հայտարարեց փաստաբան Շուշանյանը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը հարցրեց, թե արդյոք նախաքննությանը տարօրինակ չի թվացել, որ Գագիկ Ուդումյանը սպանությունից անմիջապես հետո ոչ թե զանգել է իմանալու, թե ինչպես եղավ այդ ողբերգական դեպքը, այլ Հակոբ Մանուկյանին խորհուրդ է տվել խուզարկել Նազարյանի գրպանները և հանել նոթատետրը, այսինքն կատարել քրեորեն պատժելի հանցանք:

«Արդյոք Դուք չենթադրեցիք, որ Ուդումյանը շահագրգռված է այս գործով և դրա համար է տվել նմանատիպ խորհուրդ»: Քննիչը նշեց, որ Ուդումյանը խորհուրդ է տվել ստուգել Նազարյանի գրպանները` նրա կողմից թողնված որևէ գրություն հայտնաբերելու նպատակով, այլ ոչ թե նոթատետրը վերցնելու: «Ըստ տուժող կողմի` հայտնաբերված գրությունը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով, մի քանի հոգու կողմից գրաքննության ենթարկվելուց հետո»,- նշեց Ռ. Մարտիրոսյանը:

Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը հետաքրքրվեց, թե ինչպես են արժանահավատ համարվել Գ. Ուդումյանի ցուցմունքներն այն դեպքում, երբ նա ստել է նախաքննության սկզբում: Նա հայտարարել էր, որ չի հայհոյել Նազարյանին և միայն հետո է ընդունել այդ հանգամանքը, բացի այդ մարդ է ուղարկել քաղաք Սիսիան`պարզելու, թե արդյոք վկաներից մեկն իր դեմ ցուցմունք տվել է, թե ոչ: Քննիչը նշեց, որ վկայի ցուցմունքներն արժանահավատ են համարվել` այլ վկաների կողմից հաստատվելուց հետո:

«Պարոն Պետրոսյան, փաստորեն, Դուք մեղադրանք առաջադրելիս առաջնորդվել եք Ձեր ներքին համոզմամբ, այո՞» քննիչին հարցրեց փաստաբան Շուշանյանը, որին վկան պատասխանեց ` «այո»: «Շատ անհասկանալի է, թե ինչի վրա է հիմնվել Ձեր ներքին համոզմունքը Գագիկ Ուդումյանին մեղադրանք չառաջադրելիս, ի՞նչ է նրա համար միջնորդել են, թե՞ ասել են, որ քրեական պատասխանատվության չպետք է ենթարկվի»: Փաստաբանի հարցը կրկին անպատասխան մնաց դատավորի միջամտության պատճառով:

Տուժողի ներկայացուցիչն, ի թիվս այլ հարցերի, հետաքրքրվեց նաև, թե արդյոք նախաքննական մարմինը փորձել է պարզել տվյալ մարտական հենակետի յոթ զինվորների` Արտակ Նազարյանի մահվան պահին նրա կողքին լինելու հնարավորությունը: Փաստաբանը նշեց, որ հենց այդ յոթ զինվորների վրա են հայտնաբերվել կրակոցի լրացուցիչ գործոնների արգասիքներ: Քննիչը նշեց, որ վկաների ցուցմունքների համաձայն, մահաբեր կրակոցի պահին որևէ մեկը Նազարյանի կողքին չի եղել, և լինելու դեպքում էլ այդ լրացուցիչ գործոնների արգասիքների շեմային մակարդակը գերազանցված կլիներ:

Վկային հարցեր ուղղեցին նաև պաշտպանական կողմի ներկայացուցիչները: Ամբաստանյալ Վահագն Հայրապետյանի ներկայացուցիչը ներկայացրեց քննիչի կողմից ոչ պատշաճ կերպով կատարված հարցաքննության արձանագրություն, նաև հայտարարեց, որ չի կատարվել օբյեկտիվ և բազմակողմանի քննություն: Ամբաստանյալ Վահագն Հայրապետյանն ասաց, որ վկա Արթուր Մկրտչյանն իր դեմ ցուցմունք է տվել, ինքը դա ժխտել է, ապա ինչո՞ւ ինքը չի առերեսվել Մկրտչյանի հետ: Քննիչն ասաց, որ դրա անհրաժեշտությունը չի եղել:

Հակոբ Մանուկյանի պաշտպաններ Ա. Ղասաբողլյանը և Հ. Գևորգյանը հետաքրքրվեցին քննիչի նշանակած փորձարարության նպատակների վերաբերյալ: Վերջինս նշեց, որ կար խնդիր պարզելու, թե արդյոք Նազարյանը տասնհինգ րոպեում կարող էր գետնատնակից հասնել ժայռաբեկորի մոտ և կրակոց արձակել: Ըստ քննիչի, փորձարարությունը ապացուցել է, որ դա հնարավոր էր:

Փաստաբան Լևոն Պողոսյանը հնչեցրեց տուժողի մոր`Հասմիկ Հովհաննիսյանի վկայությունն այն մասին, որ քննիչ Լևոն Պետրոսյանը իրեն հայտնել է. «Աչքդ լույս լինի, մենք նորից մեկին ձերբակալել ենք», իսկ Հ. Հովհաննիսյանի այն հարցին, թե ինչպես է ձերբակալել, քննիչն ասել է. «Համոզել եմ՝ գրել է»: Լևոն Պետրոսյանը հայտարարեց, որ դա իրականությանը չի համապատասխանում:

Դատավորը նշեց, որ միջնորդությամբ պահանջված գաղտնի վարույթի նյութերն առկա են և ուսումնասիրվելու են դռնփակ նիստում: Լևոն Պետրոսյանի հարցաքննությունը կշարունակվի սեպտեմբերի 25-ին:

  1. Բնապահպանության նախարարության խորամանկ քայլը
    Բերենք բնապահպանության նախարարության փորձաքննական բացասական եզրակացության գլխավոր «հիմնավորումները»:
    12:06 20/06/2013
  2. Զորամասում սեռական բնույթի հանցագործության համար դատախազը արդարացի պատիժ է պահանջում
    ՀՀ Շիրակի մարզի բնակիչ, 26-ամյա Թովմասյանին սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով:
    12:00 20/06/2013
  3. ԱՄՆ բարելավեց Հայաստանի դիրքը
    Հունիսի 19-ին պետքարտուղար Ջոն Քերրին հրապարակեց Մարդկանց թրաֆիքինգի մասին 2013թ. ամենամյա զեկույցը, որտեղ Հայաստանի դիրքերը բարելավվել են
    10:28 20/06/2013
  4. Սփյուռքահայ գործարարի շենքից տուն գնած քաղաքացու բնակարանի թալանի գործով վկաները դատարան չեն ներկայանում
    Վկաները ըստ երևույթին հնարավոր բոլոր տարբերակներով խուսափում են դատարանում վկայություն տալուց:
    15:19 19/06/2013
  5. Freedom House-ը Հայաստանն ընդգրկել է կիսաավտորիտար երկրների շարքում
    Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Անցումային շրջանում գտնվող երկրներ - 2013» զեկույցը:
    12:02 19/06/2013
  6. Հետախուզվող Աշոտ Սուքիասյանը նամակ է գրել Հետքին եւ դատախազությանը
    Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ եւ ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի եւ Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության եւ առանց նրանց համաձայնության:
    11:14 19/06/2013
  7. «Հարսնաքար»-ի մատուցողները ոչ տեսել են, ոչ էլ լսել
    Բոլոր վկաները դատարանում միաբերան կրկնեցին, որ իրենք որևէ տեղեկություն չունեն, կատարվածի մասին էլ իմացել են ավելի ուշ լրատվամիջոցներից:
    22:05 18/06/2013
  8. «Ռուսալ-արմենալ»-ը սպառնացել է ազատել աշխատակիցներին եւ աշխատողներ բերել Աֆրիկայից
    Նրանք դիմում են վարչապետին, որպեսզի նա հանձնարարի լսելու աշխատակիցների բողոքները
    14:29 18/06/2013
  9. Հրայր Թովմասյանի վարսավիրն էր հարցրել
    Պետական կառավարման ոլորտում, ըստ Հրայր Թովմասյանի, առկա են խնդիրներ, որոնք չարորակ ուռուցքի պես կարող են վտանգել մեր պետական համակարգը:
    13:02 18/06/2013
  10. 98-ամյա հունգարացին դատվում է Երկրորդ համաշխարհայինի հանցաքների համար
    Հունգարիայում 98-ամյա Լասլո Չատարը դատվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարած հանցանքների համար:
    12:37 18/06/2013