Ինչպես հայտնի է Վահե Ավետյանի սպանության գործը վարող Քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության բաժինը նախաքննության ավարտը հայտարարելուց հետո տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներին մեկօրյա ժամկետ էր տվել 3 հատորանոց գործի նյութերին ծանոթանալու և միջնորդություններ պատրաստելու համար: Փաստաբաններ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը երեկ միջնորդություն էին ներկայացրել նախաքննական մարմնից խնդրելով մեկ ամսյա ժամկետ քրեական գործի նյութերի պատշաճ ուսումնասիրության համար:
Այսօր. Մարտի 1-ի գործի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի գլխավորած հատկապես կարևոր գործերի քննության բաժինը մերժել էր փաստաբանների միջնորդությունը, ընդ որում մերժել էր գրավոր: Սակայն քիչ առաջ փաստաբաններից տեղեկացանք, որ վարույթն իրականացնող մարմինը փոշմանել է և բանավոր հեռախոսով հայտնել է, որ այնուամենայնիվ 5 աշխատանքային օր են տրամադրում գործի նյութերին ծանոթանալու համար:
Այս անսպասելի շրջադարձը տեղի է ունեցել գլխավոր դատախազության ցուցումից հետո: Վերահսկողությունն իրականացնող գլխավոր դատախազությունը, ով հարկ չէր համարում ժամանակին պատասխանել կամ ընդհանրապես պատասխանել փաստաբանների բողոքներին, հավանաբար հասկացել է, որ Վահե Ավետյանի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանները վճռական են տրամադրված և մեկ օրում էլ կարող են 3 հատոր գործ ուսումնասիրել ու միջնորդություն ներկայացնել, ինչը և արել են:
Նրանք այսօր առավոտյան ժամը 10-ին, նախաքննական մարմնի կողմից նշված ժամկետներում, 14 էջանոց մի միջնորդություն են ներկայացրել, որտեղ բարձրացրել են քննության ընթացքում տեղ գտած աղաղակող ապօրինությունների մասին: Փաստաբանները պահանջել են բավարարել “բոլոր միջնորդությունները և ապահովել դրանց կատարումը, վերսկսել սույն քրեական գործի նախաքննությունը և կատարել վերը նշված միջնորդությունների բավարարմանն ուղղված բոլոր քննչական գործողոթյունները, բացահայտել հանցագործության ամբողջական պատկերը, Վահե Ավետյանին մահացու հարված հասցնելը վերաորակել որպես սպանություն, հայտնաբերել այդ սպանությունը կատարած անձանց և նրանց առաջադրել արաքին համարժեք մեղադրանքներ”: Այս միջնորդությանը մենք կանդրադառնանք առանձին:
Ակնհյայտ է, որ ներկայացված միջնորդության շուրջ խորհելու և դրան համարժեք պատասխանելու համար ժամանակ է պետք հենց վարույթն իրականացնող մարմնին և տրված 5 օրը ոչ թե փաստաբանների, այլ` իրենց համար է:
Քրեական դատավարության օրենսգիրքը գործի նյութերի ծանոթացման համար հստակ ժամկետներ չի նշում, սակայն ենթադրում է ողջամիտ ժամկետներ, ինչպես դա արվում է գործնականում, բայց արի ու տես, որ “Հարսնաքարի” գործը այս առումով բացառիկ էր դառնալու:
Փաստաբանների հետ առաջին հանդիպման ժամանակ քննությունը գլխավորող փորձառու Վահագն Հարությունյանը հեգնական տոնով երիտասարդ փաստաբաններին որպես նվեր առաջարկել էր Քրեական դատավարության օրենսգիրքը: Սակայն մինչ այժմ դատավարական կոպիտ խախտումներով առաջնորդվել է նրա ղեկավարած քննչական խումբը: Ենթադրում ենք, որ Վահագն Հարությունյանը ունի սույն օրենսգիրքը, մնում է միայն կարդալ և առաջնորդվել դրանով:
