ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Օգոստոսի 9-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Գրիբոյեդովի փողոցի մի բնակարանից հայտնաբերել են ներարկիչներ և սրվակներ` թափանցիկ հեղուկներով, տարբեր դեղահաբեր և թմրամիջոց պատրաստելու այլ պարագաներ:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ նույն բնակարանից բերման են ենթարկվել 1973 թ. ծնված Ալեքսանդր Ա.-ն, 1972 թ. ծնված Արթուր Դ.-ն և 1975 թ. ծնված Ռուբեն Մ.-ն:
Ալեքսանդր Ա.-ն և Արթուր Դ.-ն հայտարարել են, որ իրենք փորձում էին հայտնաբերված պարագաներից թմրամիջոց պատրաստել՝ ներարկման միջոցով օգտագործելու համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Հետախուզվողները հայտնաբերվել են
Օգոստոսի 10-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Գրիգոր Խ.-ին, որը ս/թ մարտի 14-ից ՌԴ Չելյաբինսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
***
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 9-ին, ժամը 12.00-ին, վարչություն է ներկայացել ՌԴ քաղաքացի, 1976 թ. ծնված Սուրեն Օ.-ն, որը 2009 թ. դեկտեմբերի 2-ից ՌԴ Տուլայի մարզի Թմրամիջոցների հսկման դաշնային ծառայության կողմից գտնվում էր հետախուզման մեջ:
***
Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 7-ին ԼՂՀ Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում հայտնաբերվել և Գյումրիի բաժին է բերման ենթարկվել 1955 թ. ծնված, նախկինում դատված Հենրիկ Հ.-ն, որը ս/թ մարտի 16-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
