ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: 2011թ. օգոստոսի 2-ին, ժամը 21:00-ի սահմաններում Երևանի Զաքյան փողոցում Խաչիկ Գալոյանի սպանության գործով մեղադրող կողմի ապացույցները շատ թույլ են, դրանք ընդամենը ենթադրություններ են: «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց ամբաստանյալներ Վահրամ Մարգարյանի և Բորիս Հակոբյանի պաշտպան, փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:
Դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում ընթացող դատաքննության շրջանակներում արդեն հարցաքննվել են բոլոր դատակոչված վկաները, ինչպես նաև պաշտպանական կողմի միջնորդությամբ՝ ևս 7 անձինք: Ըստ պաշտպանի, վկաների ցուցմունքներով հերքվել են նախաքննական մարմնի ներկայացրած մեղադրանքները:
Կրոմվել Գրիգորյանը նշեց, որ գործով վկա Լիա Մարգարյանի /նա ամբաստանյալ Վահրամ Մարգարյանի հորաքույրն է, իսկ Վ. Մարգարյանը Բուդապեշտում սպանված ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի եղբայրն է/ ու ընթերակա Լյովա Ղալթախչյանի ցուցմունքներով, Լիա Մարգարյանի տանը խուզարկությունը կատարվել է օրենքի խախտումներով. ոչ բնակարանի սեփականատերը, ոչ ընթերականերից մեկը չեն տեսել իրերի հայտնաբերման պահը, մասնավորապես, նռնակը, պայթուցիչն ու հեռախոսը նրանք տեսել են ոստիկանության աշխատակցի ձեռքում, սակայն թե որտեղից են դրանք հայտանաբերվել, իրենք չգիտեն:
Երբ բնակարանի սեփականատերը՝ Լիա Մարգարյանը, աշխատանքից վերադարձել է, ժամը 18-18.30-ին տունն արդեն տակնուվրա է եղել, խուզարկությունն արդեն կատարված է եղել ու դռան առջև էլ ոստիկանության երկու աշխատակից է եղել: Մինչև ժամը 22.30-ը Լիա Մարգարյանին չեն թույլ տվել թափված իրերը հավաքել, իրենց տեղերը դնել: Միայն 22.30-ին բերվել է բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն տվող դատարանի որոշումը, այդ ժամանակ էլ հրավիրվել են ընթերակաները: «Բայց, ով մտել է, տեսել է տունն ավիրված, թե ինչ պետք է խուզարկեին այդ խուզարկությունից հետո, հայտնի չէ»,- ասաց պաշտպանը:
Պաշտպանը նշեց նաև, որ բնակարանում հայտնաբերված իրերը չեն փաթեթավորվել ու չեն կնիքվել, , «այսինքն՝ տվյալ իրերը փոխելու մեծ հավանականություն կար»,- նշեց պաշտպանը: Այդ մասին է վկայում նաև բնակարանի սեփականատիրոջը՝ Լիա Մարգարյանին, տրված խուզարկության արձանագրության օրինակը, որտեղ չկա նշում իրերի փաթեթավորման ու կնիքման մասին, մինչդեռ մեղադրանքի կողմի ներկայացրած խուզարկության արձանագրության օրինակում կա նշում, որ իրերը փաթեթավորվել ու կնիքվել են, ինչը, պաշտպանական կողմի համոզմամբ, հետո են ավելացրել: Պաշտպանը վստահ է, որ դրա հիման վրա ծառայողական քննություն կանցկացվի: Կ.Գրիգորյանը մտադիր է հանդես գալ նռնակը, պայթուցիչը, հեռախոսըև մնացած իրերը մեղադրանքի հիմքում չդնելու ու որպես ապացույց չօգտագործելու միջնորդությամբ:
Պաշտպանն անդրադարձավ նաև «Աշոտ Ֆրանգուլյան կոչեցյալ վկայի» ցուցմունքի արժանահավատության խնդրին: Ըստ վկայի ցուցմունքի, հուլիսի վերջին-օգոստոսի սկզբի օրերին աշխատել է Աբովյան 26 հասցեում, ինչն, ըստ վկայի կարող է հաստատել հիշյալ աշխատավայրի պահակը: Վերջինս նախաքննության ժամանակ հարցաքննվել էր, սակայն չէր դատակոչվել որպես վկա, պաշտպանական կողմի միջնորդությամբ նա հարցաքննվել է նաև դատարանում: Ըստ պահակի ցուցմունքի, Աշոտ Ֆրանգուլյանը Աբովյան 26 հասցեից 22.30 –ին նոր դուրս է եկել, այսինքն՝ չէր կարող սպանության պահին դեպքի վայրում լինել և վազող անձնավորության տեսնել՝ ըստ գործի տվյալների, սպանությունը տեղի է ունեցել ժամը 20.30-21.00-ի սահմաններում: Ընդ որում, ըստ վկայի, Աշոտ Ֆրանգուլյանը գնացել է ոչ թե ներքև՝ Հանրապետության հրապարակի կողմը, այլ Սայաթ Նովա պողոտայով դեպի Մաշտոցի պողոտա, որտեղից պետք է գնար Կոմիտաս՝ մորը տեսակցելու:
Ըստ մեղադրանքի, սպանություն կատարողը Վահրամ Մարգարյանն է, իսկ Բորիս Հակոբյանը՝ պատվիրատուն: Ամբաստանյալները հերքում են մեղադրանքը: Բորիս Հակոբյանը սպանությունից մի քանի օր անց մեղայականով ներկայացել էր ոստիկանություն, ներկայացրել ատրճանակը, որով սպանություն է կատարել: Նա հայտնել էր, որ իր ավագ որդուն՝ Տիգրանին, Տուապսե քաղաքում մեկ տարի առաջ Խաչիկ Գալոյանն է սպանել՝ ինչ-որ գումարային խնդրի պատճառով, ինքն էլ՝ ճշտելով, որ Խ. Գալոյանը մեկնում է Երևաև, հաջորդ օրն իսկ վերադարձել է Երևան, հարմար պահը գտել ու իր վրեժը լուծել: Ըստ նրա, Վահրամ Մարգարյանը սպանության հետ ընդհանրապես առնչություն չունի:
Բ. Հակոբյանը հայտնել է նաև, որ Տուապսեում վրեժը չէր կարող լուծել, քանի որ Խաչիկ Գալոյանը ուներ մեծ հնարավորություններ ու շրջապատ:
Օգոստոսի 28-ի դատական նիստում ցուցմունքներ կտա ամբաստանյալ Վահրամ Մարգարյանը:
