ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման հանձնաժողովը 2012 թ. հուլիսի 19-ի նիստում ուսումնասիրել և ամփոփել է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման բողոքարկումների արդյունքները: Այդ մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Բողոքները քննվել են հաշվի առնելով փորձագետների եզրակացությունները, ինչպես նաև բողոք բերող անձանց հիմնավորումներն ու պատճառաբանությունները: Յուրաքանչյուր դեպքում ուժի մեջ թողնելով կամ վերագնահատելով փորձագետի եզրակացությունը, այդուամենայնիվ որոշումը կայացվել է հօգուտ մասնակցի /բալերի իջեցում տեղի չի ունեցել/:
Յուրաքանչյուր աշխատանք կրկնակի ուսումնասիրելուց հետո որոշվել է՝ բավարարել այն մասնակցի բողոքը, որի աշխատանքն անցել է 17 միավորի շեմը և տրամադրել տեղեկանք, մերժել այն մասնակիցների բողոքները, որոնց աշխատանքները չեն անցել 17 միավորի շեմը:
Մասնակցի բողոքը բավարարված լինելու դեպքում անձը կարող է օգոստոսի 3-ից ներկայանալ ՀՀ արդարադատության նախարարություն համապատասխան տեղեկանքը ստանալու համար:
Մասնակցի բողոքը մերժված լինելու դեպքում անձը ստանում է պատճառաբանված որոշման օրինակը: Որոշումներն ուղարկվում են դիմորդների թողած փոստային հասցեներով՝ պատվիրված նամակի միջոցով, կամ ցանկության դեպքում դիմորդները կարող են որոշումները ստանալ անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով, կամ ներկայացուցչի միջոցով՝ լիազորագրի ներկայացմամբ, ՀՀ արդարադատության նախարարությունում:
Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման հանձնաժողովի կայացրած որոշմամբ բավարարվել է մասնակիցների 10 բողոք, մերժվել՝
8-ը:
