Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարանը Շիրակի մարզի ոստիկանության քննչական բաժնի հատուկ կարեւորության գործերով քննիչ Վահրամ Բեյբությանին մեքենայի տակ գցած եւ դեպքի վայրից փախուստի դիմաց երիտասարդին դատապարտել է 4 տարվա ազատազարկման: Վրաերթի հետեւանքով քննիչը մահացել էր, այսինքն երիտասարդը սպանել էր նրան:
Այդպիսով, քննիչին սպանած երիտասարդին դատարանն ազատազրկում է ընդամենը 4 տարով:
Հայ ազգային կոնգրեսի չորս երիտասարդ ակտիվիստները օրերս դատապարտվեցին 2-6 տարի ազատազրկման: Նրանք ոչ ոքի չէին սպանել, նրանք ընդամենը վիճել էին ոստիկանների հետ, իրենցից ավելի շատ ոստիկանների հետ, գուցե նաեւ մի փոքր քաշքշել նրանց:
Սա կոչվում է արդարադատություն հայկական ձեւով: Մի դեպքում մարդուն մահացու վրաերթի ենթարկած եւ փախուստի դիմած երիտասարդը դատապարտվում է ընդամենը չորս տարվա ազատազրկման, իսկ մեկ այլ տեղում երիտասարդ ակտիվիստներին մինչեւ 6 տարի ազատազրկում են ոստիկանների հետ ինչ որ միջադեպի հետեւանքով:
Այս կոնտրաստը տեղի է ունենում Հայաստանում դատաիրավական բարեփոխումների նոր ծրագրի ներկայացմանը զուգահեռ: Ծրագիրն արդեն շրջանառության մեջ է, եւ փաստացի կարելի է ասել, որ առկա դատավարական կոնտրաստը դատաիրավական բարեփոխումների նոր գործընթացի առաջին քայլերից է:
Ինչ խոսք, քայլերը չափազանց խոսուն են: Այնքան խոսուն, որ հարկ էլ չկա, որպեսզի բարեփոխման գործընթացի գովազդով զբաղվող որեւէ պաշտոնյա որեւէ բան մեկնաբանի երկու դատական որոշումների այդ կոնտրաստի վերաբերյալ, որեւէ անուն տա կոնտրաստային այդ որոշումներին:
Հայաստանի դատաիրավական բարեփոխումների նոր ծրագիրը, որը դրա հեղինակների գնահատմամբ համապարփակ է եւ դրա արդյունավետության գրավականն այն է, որ ներառում է պետական համակարգի լայն շրջանակ, մշակված է 2012-16 թվականների համար:
Հետաքրքիր է, դեռ քանի այսպիսի կոնտրաստային որոշումներ է ընդունելու համակարգը, մինչեւ բարեփոխվի վերջացնի, եւ մենք ունենանք այլ որակի համակարգ, ինչպես խոստանում են բարեփոխումների գովազդային գործակալի դերը ստանձնած պետական պաշտոնյաները:
