ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքն ուսումնասիրելիս հետաքրքիր ու ապշեցուցիչ տողերի ենք հանդիպում: Պարզվում է` այն դեռ ծառայում է նաև ԽՍՀՄ ռեժիմին: Օրենսգրքի առաջին հոդվածը սահմանում է. «Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսդրության խնդիրն է պահպանել ԽՍՀՄ հասարակարգը, սոցիալիստական սեփականությունը, քաղաքացիների սոցիալ-տնտեսական, քաղաքական և անձնական իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների իրավունքներն ու օրինական շահերը, կառավարման սահմանված կարգը, պետական և հասարակական կարգը, ամրապնդել սոցիալիստական օրինականությունը, կանխել իրավախախտումները, քաղաքացիներին դաստիարակել ԽՍՀՄ Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և խորհրդային օրենքները ճշտիվ և անշեղորեն պահպանելու, մյուս քաղաքացիների իրավունքները, պատիվն ու արժանապատվությունը, սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու, իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարելու ոգով, հասարակության հանդեպ պատասխանատվության ոգով»:
Պարզվում է նաև, որ Վարչական իրավախախտումների մասին ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը կազմված է ԽՍՀՄ օրենսդրական ակտերից և ԽՍՀՄ մինիստրների խորհրդի որոշումներից... Մի խոսքով՝ գրեթե ողջ օրենսգիրքը ողողված է ԽՍՀՄ-ով: Հետևաբար կարելի ասել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կասկածի տակ է դրվում Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությամբ սահմանվող Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն լինելը:
Թեև այս Օրենսգիրքը տարիների ընթացքում պարբերաբար փոփոխվում է, սակայն սկզբունքը մնում է նույնը. օրենսգիրքը քաղաքացիներին ԽՍՀՄ Սահմանադրությամբ դաստիարակելու գործառույթ է կատարում:
Երբ փաստաբան Կարեն Մեժլումյանին ճանապարհային ոստիկանները տուգանում են, բայց փաստաբանի խոսքով՝ ինքը խախտում կատարած չի լինում, նա այդ տուգանքը վիճարկում է դատարանում: Հայցադիմումի մեջ փաստաբանը չի մոռանում հեգնանքով հիշատակել հետևյալը՝ «Վարչական իրավախախտում կատարելու համար պատասխանատվության կարող է ենթարկվել նա, ով խախտում է կատարել: Ես խախտում չեմ կատարել, հետևաբար ինձ ԽՍՀՄ ոգով դաստիարակելու անհրաժեշտություն չկա»: Փաստաբանի խոսքով՝ ինքն ամեն առիթ օգտագործում է, որպեսզի դատարաններին հիշեցնի օրենսգքրի՝ ԽՍՀՄ բառերով լեցուն լինելու մասին, բայց... «Շատ հեշտությամբ կարող էին ԽՍՀՄ բառը փոխել Հայաստանի Հանրապետություն բառերով: Որևէ այլ օրենքում այնքան շատ փոփոխություններ չեն եղել, որքան Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում»,-«Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց փաստաբանը: Ինչո՞ւ: «Փաստինֆո» գործակալության թղթակցի հարցին ի պատասխան փաստաբանը կրկին հեգնում է. «Հավանաբար ԱԺ պատգամավորների շրջանում շատերն են ԽՍՀՄ կարոտախտով տառապում»: Ըստ նրա՝ նախաձեռնողներին պետք է վերջին հիշեցումն անել, որ իրենք ապրում են ոչ թե ԽՍՀՄ-ում, այլ Հայաստանի Հանրապետությունում: Կ. Մեժլումյանի խոսքով՝ այս հարցին կարող է անդրադառնալ ՀՀ Սահմանադրական դատարանը. «Եթե իմ կամ իմ վստահորդի նկատմամբ կիրառվեն այն դրույթները, որոնք պարունակում են ԽՍՀՄ բառը, այդ դեպքում՝ երեք աստիճանն անցնելուց հետո ես կարող եմ դիմել Սահմանադրական դատարան»:
Սակայն դատարանները վաղուց ավանդույթ են դարձրել այս դրույթին չանդրադառնալը: Փաստաբանի խոսքով՝ երբ անձին պատասխանատվության են ենթարկում, որպես կանոն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի ընդհանուր նորմերին, որոնցում հիշատակվում է ԽՍՀՄ-ը, դատարանում հղում չեն կատարում:
«Հղում են կատարում ասենք այսքան դրամ տույժի ենթարկելու հոդվածին: Դատական ակտերում այս նորմերը դուրս են մնում նշումից, մինչդեռ հենց դրանք են այդ ամենի հենասյունը»,-«Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշում է Կարեն Մեժլումյանը:
Ըստ նրա՝ եթե հարցը բարձրացվի դատարանում, օրինակ անձը, որին պատասխանատվության են ենթարկում, պնդի, որ իրեն պատասխանատվության չեն կարող ենթարկել, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նպատակը ԽՍՀՄ ոգով դաստիարակելն է, այս դեպքում դատարանը պետք է հարցին անդրադառնա:
Վերոնշյալ օրենսգրքում ԽՍՀՄ-ի մասին մինչ օրս հիշատակումը փաստաբան Կարեն Մեժլումյանն օգտագործում է ռազմավարական նպատակով: Բազմիցս այդ հարցը բարձրացնում է, արդյունքում գործերն է շահում: Ակտերը անվավեր են ճանաչվում, քանի որ փաստաբանը միշտ նշում է՝ օրենսգրքում սահմանվածը հակասում է ՀՀ Սահմանադրությանը:
