ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, հուլիսի 20-ին կհրապարակի Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների դեմ գործով դատավճիռը:
Իսկ մինչ այդ հուլիսի 19-ի դատական նիստում ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների պաշտպան Ստեփան Ոսկանյանը միջնորդեց իր 4 պաշտպանյալներին անմեղ ճանաչել՝ հանցակազմի բացակայության հիմքով: Իր պաշտպանական ճառում պաշտպանը միջնորդեց նաև իր պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործը կարճել: Պաշտպանը միաժամանակ միջնորդեց արդարացնող դատավճիռ չկայացնելու դեպքում իր պաշտպանյալների նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու որոշում կայացնել:
Ըստ պաշտպանի, իր պաշտպանյալներ Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին. Սարգիս Գևորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին առաջադրված մեղադրանքը շինծու է
Ս. Ոսկանյանը հայտարարեց, որ մեղադրողի շուրջ 6 ժամ տևած մեղադրական ճառում ընդամենը շարադրված էին տուժող ու վկա ոստիկանների նախաքննական ու դատաքննական ցուցմունքները: Ըստ նրա, իր պաշտպանյալներից երկուսին մեղադրվող արարքները չեն կարող որակվել որպես իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն, քանի որ ոստիկանները դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից և նրանց գործողություններն, այդ թվում՝ իր պաշտպանյալներին ոստիկանության բաժին բերման ենթարկելիս, ապօրինի են եղել: Նա ընդգծեց, որ իր պաշտպանյալները զրկված են եղել պաշտպան ունենալու հնարավորությունից:
Ամբաստանյալներին մեղսագրվող արարքները որպես խուլիգանություն որակելը նույնպես չի բխում օրենքից՝ խուլիգանության համար անհրաժեշտ է դիտավորության, հասարակական կարգի կոպիտ խախտման ու հասարակության հանդեպ անհարգալից վերաբերմունքի առկայություն, ինչը տվյալ գործով չի եղել:
Ըստ Տիգրան Առաքելյանի, գործը հորինված ու գոյություն չունեցող փաստերի համախումբ է, մեղադրանքը փլուզվել է: Ըստ նրա՝ մեղադրող Հակոբ Մարտիրոսյանի մեղադրական ճառն ընդամենը աճպարարություն է և որևէ կերպ չի հիմնավորվել ներկայացված մեղադրանքը: Ըստ ամբաստանյալի, ինքը պատկերացում չունի, թե ինչ պայմաններում է ջարդվել, եթե ջարդվել է, ոստիկան Տիգրան Ավետիսյանի քիթը: Փոխարենն ամբաստանյալը լավ է հիշում, որ ոստիկանն իրեն խեղդում էր:
Ամբաստանյալները նշեցին, որ հորինված գործը նպատակ ունի կոծկել ոստիկանների անօրինությունները, հակառակ դեպքում իրենք կդառնային տուժողներ, իսկ ոստիկանները՝ ամբաստանյալներ:
Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի մերձակայքում միջադեպ էր տեղի ունեցել ՀԱԿ երիտասարդների ու ոստիկանների միջև, նրանք բերման էին ենթարկվել ոստիկանության բաժին: Հետագայում Տիգրան Առաքելյանին առաջադրվել էր խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանների, նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, Ա. Կարապետյանին՝ խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, իսկ Ս. Գևորգյանին ու Դ. Քիրամիջյանին՝ խուլիգանության մեղադրանք:
